Մեկնաբանություն

23.07.2012 17:20


Սերժի Վարդանիկը և ԲՀԿ–ի պարտադրանքը

Սերժի Վարդանիկը և ԲՀԿ–ի պարտադրանքը

Ինչպես հայտնի է, ԲՀԿ–ն Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է Սամվել Բալասանյանին, իսկ գործող քաղաքապետը, ամենայն հավանականությամբ չի առաջադրվի։

Տեղին է արձանագրելը, որ Վարդանիկին հեռացնելու հիմքերը ԲՀԿ–ն դրեց ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ, երբ ՀՀԿ–ն չկարողացավ անգամ իր կեղծիքային նոր տեխնոլոգիաներով հաղթել Ծառուկյանի թիմին։

 ՀՀԿ–ում, իսկ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի շրջապատում, սեփական հնարավորություններն իրատեսորեն գնահատելով, համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանի երկրորդ քաղաքում պետք է իշխանափոխություն լինի, այսինքն՝ Վարդանիկն այլևս քաղաքապետ չաշխատի։

Նախագահականի լրատվամիջոցները հիմա տարածում են այն տեսակետը, թե իբր Սամվել Բալասանյանը Սերժի «դաբրոյով» է քաղաքապետ դառնալու, թե իբր Վարդանիկին հեռացնելով՝ նախագհն իր շրջապատն է մաքրում օդիոզ ֆիգուրներից, թե իբր Գագիկ Ծառուկյանն այստեղ համարյա դերակատարում չունի և այլն, և այլն։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։

Ճիշտ է, Սամվել Բալասանյանի թեկնածությունը որոշակի առումով կոմպրոմիսային կարելի է համարել ՀՀԿ–ի ու ԲՀԿ–ի միջև, բայց ընդամենը այն կտրվածքով, որ փորձ է արվել խուսափել հնարավոր արյունահեղությունից։ Սա՛ է ՀՀԿ–ԲՀԿ պայմանավորվածություն կոչվածի իրական ենթատեքստը։ Մնացած խոսակցությունները հիմքեր չունեն։

Եվ այսպես, Գյումրիում սպասվող իշխանափոխությունը ոչ թե Սերժ Սարգսյանի բարի կամքի կամ բարեփոխումների գնալու ցանկության հետրևանք է, այլ ԲՀԿ–ի քաղաքական պարտադրանքի։ Ս. Սարգսյանի կամքին որ մնան, Վարդանիկը հավերժ քաղաքապետ կլիներ։

Սերժ Սարգսյանը, շատ լավ հասկանալով, որ քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ–ին հաղթելու շանս չունի, և որ նախագահական ընտրություններից առաջ «հայրաքաղաքում» Ծառուկյանի թիմից պարտվելով՝ ամբողջությամբ ընկճախտի մեջ կգցի իր թիմին, ստիպված ընդունել է ԲՀԿ–ի առաջնորդությունը, և որպեսզի դա չդիտվի տեղական մակարդակի կապիտուլյացիա, Բաղրամյան 26–ում որոշել են քարոզչամիջոցներով Սերժի ամենակարողության միֆը դնել շրջանառության մեջ և Վարդանիկին հեռացնելու գործընթացը սեփականաշնորհել։ Սակայն դրանից իրականությունը չի փոխվում։

Եթե Սերժ Սարգսյանը, իրոք, գնար կառավարման համակարգը բարեփոխելու և օդիոզ դեմքերից ազատվելու ճանապարհով, ապա խորհրդարանական ընտրությունների ժամանակ թաղ առ թաղ ընկած՝ անձամբ չէր քարոզի մականունավորների ու վարդանիկների համար։ Եթե Սարգսյանը, իրոք, ուզում է տեղ չտալ վարդանիկներին, ապա գործարար կնոջը ծեծի ենթարկած Սյունիքի մարզպետին ատամներով չէր պահի։

Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ իր միակ հենարանը վարդանիկներն են, իսկ երբ նա նրանց «ժերտվա» է տալիս, ապա դա անում է ստիպված ու հանգամանքների թելադրանքով։ Ասելս այն է, որ ծիծաղելի են Սարգսյանին բարեփոխիչ ներկայացնելու «անկախ» մամուլի ջանքերը։

Համոզված եղեք, որ եթե Գյումրիում ԲՀԿ–ի անխուսափելի հաղթանակի պահը չլիներ, ապա Սարգսյանն անձամբ կմեկներ Գյումրի, և ինչպես Ռուբեն Հայրապետյանի ու նրա նմանների դեպքում եղավ, կդիմեր զոռով հրապարակ բերվածներին ու կասեր, թե բարի ավանդույթի համաձայն՝ ՀՀԿ–ն Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջարկում է Վարդան Ղուկասյանին, ու ընտրողներին կառաջարկեր հավատալ, որ փոխել։

Այնպես որ, թող նախագահականում իրենց պարտությունը չփորձեն ներկայացնել որպես «Սերժի դաբրո» օպերացիա։  Գյումրիի իշխանափոխությունը, որին այդքան սպասել են գյումրեցիները, տեղի է ունենալու բացառապես ԲՀԿ–ի ճնշման արդյունքում, ու արդեն կապ չունի, թե ով ինչ կասի։ Իսկ եթե նախագահականում ինքնահանգստացման են ենթարկվում ու «կայֆ» ստանում «բարոյական» հաղթանակներից, ապա թող սրանից հետո այդպիսի հաղթանակները շատ լինեն և «Սերժի դաբրո» ծրագրի շրջանակներում Սերժ Սարգսյանը հեռանա իշխանությունից։ Այդպես լավ կլինի հա՛մ Սերժի, հա՛մ հայ ժողովրդի համար։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը