Մեկնաբանություն

23.07.2012 18:10


Ազատիչի «ազատականները», կամ ինչո՞ւ են իշխանություններն անհանգստացած

Ազատիչի «ազատականները», կամ ինչո՞ւ են իշխանություններն անհանգստացած

Դեռևս ԱԺ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի թիմը չկարողացավ թաքցնել իր անհանգստությունը ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և ՀԱԿ–ի ստեղծած միասնական շտաբի առկայության փաստից։ Այդ շտաբին սկզբում մաս էր կազմում նաև «Ժառանգությունը», որը, Բաղրամյան 26–ի ակնհայտ միջամտությամբ, փաստացի հրաժարվեց իր ստորագրությունից։

Քաղաքական դաշտն ամբողջությամբ վերահսկելու մտադրութամբ և ինքնուրույնություն ունեցող ուժերին անկյուն մղելու ցանկությամբ՝ նախագահական նստավայրն ամեն ինչ արեց, որպեսզի «Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» միավորումը խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերցնի «փողոցն» ու հռչակվի տիտղոսային ընդդիմություն, սակայն  այդ ծրագիրը ձախողվեց. «Ժառանգության» ցուցակի առաջին հինգ հոգին մի կերպ հայտվեցին ԱԺ–ում։ Գործին չօգնեցին ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի անտաղանդ պարը սարերի ֆոնին, ո՛չ ԱՄՆ–ից եկած Ձախ Հարութը, ո՛չ էլ «անկախ» լրատվամիջոցների անթաքույց աջակցությունը «Ժառանգությանը»։

Իշխանությունն այժմ, «Կրկին փորձիր» ծրագրի շրջանակներում, փորձում է այսպես կոչված լիբերալ կենտրոն ձևավորել՝ դրա մեջ տեսնելով ՀԱԿ–ից դուրս եկած այն գործիչներին (Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան և այլն), ովքեր կողմ են Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը նպաստող «երկխոսությանը» և դեմ՝ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ծրագրին։ Դատելով ամենից՝ այդ փուչիկ կենտրոնում կարող են ներգրավվել նաև տարատեսակ «նավթալինոտ» ու «փախած» դեմքերը, ինչպես նաև «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» ներկայացնող բացահայտված հաճախորդները։

Ուշագրավն այն է, որ «լիբերալ» կենտրոնի, այն է ՝ Ազատիչի «ազատականների» պոտենցիալ ստեղծողները չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը ոչ թե համակարգային փոփոխություններն են, ոչ թե իշխանափոխությունն է, այլ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ հանդես գալը և իշխանափոխություն թույլ չտալը։ Համաձայնե՛ք, որ նման «դհոլային» նախաձեռնություն իր «աղջիկ վախտով» չէր անում նույնիսկ Արտաշես Գեղամյանը։

Ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանն այնքան է անհանգստացած ԲՀԿ–ՀՅԴ–ՀԱԿ համատեղ գործունեության հեռանկարից, որ ձևականությունների հետևից չի ընկնում ու այդպիսով սխալը սխալի հետևից թույլ տալիս՝ ժամանակից շուտ պայթեցնելով հնարավոր բոլոր «ականներին»։

Թե ինչով կավարտվեն նախագահականի տվայտանքները, պարզ կդառնա 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ։ Իսկ մինչ այդ, եկեք զվարճանանք դավիթշահնազարյանների ու արամզավենիչների սրտաճմլիկ խաղերով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը