Լրահոս

01.06.2009 21:08


ՀՀ հատուկ քննչական ծառայություն. «Լրագրողները և դիտորդները հրաժարվում են ներկայանալ նախաքննական մարմին»

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով 2009 թվականի մայիսի 31-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի ու ԶԼՄ-ների հրապարակումներում նշված փաստերի ստուգման համար  Հատուկ քննչական ծառայությունում  քննվող քրեական գործի  շրջանակներում նախաքննական մարմինը դեպքերի ստուգման և ըստ այդմ օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու  նպատակով  նմանատիպ հայտարարությունների հեղինակներին հրավիրել է հարցաքննության,  սակայն վերջիններս տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են ներկայանալ:

Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/05 ընտրատեղամասում ընտրությունների օրը ԶԼՄ-ներով հրապարակումներ են եղել, որ հիշյալ տեղամասում ծեծի են ենթարկվել «168 ԺԱՄ» թերթի լրագրող Արմինե Ավետյանը և դիտորդական առաքելություն իրականացնող «Թրանսփերեսի Ինտերնեշնլ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Այվազյանը:

Ա. Ավետյանը և Ս. Այվազյանը, որպես վկա հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության, նրանց բացատրվել է իրենց իրավունքները, սակայն տարբեր  պատճառաբանություններով նրանք խուսափել են ներկայանալ նախաքննական մարմին և տալ ցուցմունքներ, որոնք կարող են նպաստել հրապարակումներում նշված օրինախախտումների ստուգման նպատակով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ կատարելուն:

Հիշեցնում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վկան պարտավոր է ցուցմունքներ տալու, քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու համար ներկայանալ քրեական վարույթն  իրականացնող մարմնի կանչով:

Հատուկ քննչական ծառայությունը ակնկալում է ընտրախախտումների ականատես, հայտարարությունների հեղինակ քաղաքացիներից, հասարակական դիտորդներից և ԶԼՄ-ների ներկայացուցիչներից քաղաքացիական ակտիվություն և աջակցություն ընտրությունների ընթացքում թույլ տրված օրինախախտումների բացահայտման գործում:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը