Հարցազրույց

24.07.2012 17:33


Վազգեն Սարգսյանի եղբայր Արմենն անկեղծացել է Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր–Տետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասով

Վազգեն Սարգսյանի եղբայր Արմենն անկեղծացել է Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր–Տետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասով

«Իրատես դե ֆակտո» թերթին տված հարցազրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմենը, նշել է, որ Սերժ Սարգսյանին է տեսնում նախագահի պաշտոնում։

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

-Հնարավո՞ր է՝ ինչ-որ պահից Դուք Էլ մտնեք քաղաքականություն։

- Ո՛չ, հնարավոր չէ։ Չնայած ասում են՝ երբեք մի ասա՝ երբեք, այդուհանդերձ, բացառում եմ։ Միշտ եղել եմ ոչ թե քաղաքականության մեջ, այլ կողքին, եղել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը՝ 96-ին, Ռոբերտ Քոչարյանի վստահված անձը։

- Սերժ Սարգսյանի մասին բան չասացիր։ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ կալանավորված էիր, որ մասնակցեիր, ո՞ւմ կընտրեիր։

- Եթե մասնակցեի՞… կընտրեի Սերժ Սարգսյանին:

- Ո՞չ Տեր-Պետրոսյանին։

- Կլինեի Սերժ Սարգսյանի կողքին։

- Վազգենն «ադաբրյամս» կտա՞ր։

- Անշուշտ։ Եթե դիտեք իր վերջին հարցազրույցը (Յութուբում կա)՝ կհասկանաք՝ ինչու։ Վազգեն Սարգսյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները միշտ էլ եղել են ջերմ, մտերիմ, ճիշտ բնորոշմամբ՝ ընտանեկան-եղբայրական։

- Արմեն, ասում են՝ Սերժ Սարգսյանն անտարբեր չի եղել քո ճակատագրի նկատմամբ։ 

- Ի՞նչ ասել է «անտարբեր չի եղել»։ Սերժ Սարգսյանը եղել է մեր ընտանիքի բարեկամը՝ թե Վազգենի կենդանության օրերին, թե՛ հետո, և ես, անկեղծ ասած, այնքան էլ չեմ հասկանում այն զարմանքը, որ կա այլոց մեջ այս առնչությամբ։ Կապը ծնողներիս հետ նա պահել է միշտ. անգամ, երբ մայրս հանգստանում էր Դիլիջանում, այցելում էր նրան, Ղարաբաղ գնալիս մտնում էր Վազգենի թանգարան։ Ասեմ շատ կարճ, այո, անտարբեր չի եղել նա մեր ընտանիքի նկատմամբ ե՛ւ Վազգենի ժամանակ, ե՛ւ հետո, նրա համար Վազգենը միշտ կենդանի է եղել, իսկ այդ մոտեցումն ինձ համար ամենակարևորն է աշխարհում, վեր ամեն ինչից։

- Մի շատ«ինտիմ» հարց (կարող եք պատասխանել, կարող եք՝ ոչ). Անդրանիկ Մարգարյանը միզրույցում տարօրինակ մի բան ասաց ժպիտով, քեզնից իրենքՎազգենի հոտն են առնում։ԱնդրանիկՄարգարյանի պարագայում դա ահագին հասկանալի է, բայց սառը աչքերով Սերժ Սարգսյանի պարագայո՜ւմ՝ դե, կներեք, էլի։

- (Ծիծաղում է)… Գիտե՞ս, մի անգամ Վազգենի ծննդյան օրվա կապակցությամբ ինձ թույլ էին տվել երկու օրով գալ տուն, մեկ էլ զանգեց Անդրանիկ Մարգարյանը, ինձ ուղեկցեցին, գնացի, երկուսով՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու պաշտպանության նախարար Սարգսյանը, Վազգենի ծննդյան առիթով, մի մեծ սեղանի շուրջը նստած, ինձ էին սպասում, մոտեցա, ողջագուրվեցինք, իրենք՝ հա՛… ոնց որ Վազգենին էին որոնում իմ մեջ։

-Վերադառնանք քաղաքականությանը, որքան էլ պնդես, որ «չկաս» քաղաքականության մեջ, այս ընտրությունների ժամանակ դու դիմավորեցիր Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին։ «Ի՞նչ հաշիվ Էր»։

- Պատրաստված ու նպատակային դիմավորել եմ միայն Սերժ Սարգսյանին։ Գագիկ Ծառուկյանը եկել էր իմ եղբոր թանգարան, նա իմ ընկերն է, նրան նույնպես դիմավորեցի։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, մի մոռացեք, «եկել» էր իմ եղբայր Արամը, Լ. Տեր-Պետրոսյանին ես չեմ հանդիպել, ունկնդրել եմ միայն Արամի միտինգային ելույթը։ Ընդամենն այսքանը: Քաղաքական աստառներ, ենթատեքստեր ու եսիմ էլի ինչեր փնտրել այդ ամենում, անհեթեթ է։

-Արմեն, բոլոր դեպքերում քո կյանքում մի էջ կա, որը տարընթերցումների տեղիք է տալիս. ա՛յ, հիմա ես նայում եմ քեզ, ու դու՝ բաց նյարդերով, հետն էլ ահավոր անկեղծ՝ մեր օրերի համար, շատ զարմանում ու մտածում եմ՝ էդ հիշողության հետ ո՞նց ես ապրում։

- Հասկանում եմ՝ ինչ նկատի ունես։ Ասեմ վերջին անգամ. Տիգրան Նաղդալյանի սպանության հետ ես որևէ կապ չունեմ։ Ու չէի էլ կարող ունենալ։ Ցավոք, չուզեցին խորանալ, նաև հասկանալ, թե, ի վերջո, ում էր ձեռնտու այդ ամենը. ո՛չ իր հարազատները, ո՛չ իրավապահները չցանկացան դա պարզել։ Ես իմ ասելիքն ասել եմ դատարանում, որտեղ իմ շարադրած 111 հարցերն այդպես էլ մնացին անպատասխան։ Այսքանը։

- Ինչո՞ւ չդիմեցիր Եվրադատարան: 

- Ես իմ երկրի քաղաքացին եմ. իմ երկրի հարցերը իմ երկրի մեջ պիտի լուծվեն:

- Արմեն, ամեն ինչից խոսեցիր, բացի Ռոբերտ Քոչարյանի հետ ձեր հարաբերություններից. ինչպիսի՞ք են դրանք: 

- Այս պահի՞ն, թե՞ նախկինում:

- Նախկինում էլ, հիմա էլ: 

- Քոչարյանի հետ մեր հարաբերությունները մինչև հոկտեմբեր 27-ը և հոկտեմբեր 27-ից երկու-երեք ամիս անց շատ բարի, նորմալ էին: Ընդ որում, հիշեցնեմ. երբ լրացավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության մեկ տարին (առաջին մեկ տարին նշում են սովորաբար), այն նշեցինք իմ տանը. ա՛յ այստեղ, որտեղ հիմա ես ու դու նստած ենք. տիկին Բելա Քոչարյանն էր, Ռիտա Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վազգենն էր, իմ ընտանիքն էր, հայրս էր, մայրս էր` Ջիվան Գասպարյանի թամադայությամբ:

Ռոբերտ Քոչարյանի հետ մենք նաև որսի էինք գնում. մի խոսքով` նորմալ-ջերմ հարաբերություններ էին: 99-ին, երբ արդեն Արամի հետ էին (Արամը վարչապետ էր) աշխատում, հարցեր էին լինում, տարաձայնություններ (երկու այդպիսի դեպք եղավ), Ռոբերտ Քոչարյանը եկավ մեր տուն, կիսվեց իմ և մորս հետ. քննարկեցինք, հասկացանք: Դրանից հետո, թերևս, էլ չենք շփվել: Դատավարության ժամանակ ես նամակ գրեցի Ռոբերտ Քոչարյանին, որ, որպես նախագահ, ընդամենը երկու րոպե լսի ինձ, ուղարկեցին ինձ մոտ Արամ Թամազյանին, որի հետ զրույցը տևեց հինգ րոպե (ես հրաժարվեցի իր հետ զրուցելուց): «Հետո»-ի մասին էլ այսքանը: 

Բայց և կալանք կրելու ժամանակ ես լուրջ հիվանդ էի երիկամներից, ինձ ընձեռվեց 15 օր բուժման հնարավորություն. եղել են դեպքեր, որ հոկտեմբերի 27-ի, մարտի 5-ի օրերին այցելել եմ Եռաբլուր` Վազգենի շիրմին, ինչը, կարծում եմ, առանց Ռոբերտ Քոչարյանի գիտության չէր:

- Բոլոր դեպքերում, Արմեն, փոխվե՞լ է ինչ-որ բան քո կյանքում, մեր կյանքում։ 

- Այո, բավականին շատ բան։ Ես այս պահին խոսում եմ որպես անձ ու նկատի ունեմ իմ շրջապատը, մեր շրջանը, մեր գյուղը։ Ես լավատես եմ, որովհետև տեսնում եմ, որ երկրի նախագահը շատ է ուզում ինչ-որ բան փոխել։ Այսօր շատերն են ասում՝ ընտրություններն արդար չէին, էս էին-էն էին։ Կան բաներ, որ գուցե և՝ այո, այն չեն, բայց այս ընտրությունները սրանից առաջ եղած՝ նախորդ ընտրությունների նման չէին, չկային լցոնումներ, ծեծ-քաշքշոցի… Երկրորդում եմ ու գիտեմ, որ այսօրվա նախագահն իսկապես ուզում է երկիրը ոտքի հանել, նաև վստահ եմ, որ հաջորդ ընտրություններից հետո ավելի լավ է լինելու, շատ բան է փոխվելու, ու այդ փոփոխությունները տեսանելի են լինելու արդեն շատերին։

Սպասվող նախագահական ընտրություններից հետո վստահ եմ՝ Սերժ Սարգսյանի ձեռքերը կապող բան չի լինելու, կաշկանդող օղակներ չեն լինելու, և նա կարողանալու է ավելի մեծ գործ անել՝ հանուն էս երկրի, հանուն էս ժողովրդի, որովհետև էս երկիրն իրենը, Վազգենինը, մեր բոլորինն է։

Այս խորագրի վերջին նյութերը