Մեկնաբանություն

24.07.2012 18:12


Երիտօլիգարխիայի ախորժակը և մեր անելիքը

Երիտօլիգարխիայի ախորժակը և մեր անելիքը

Տեղեկատվական հոսքերին հետևողները նկատած կլինեն, որ շատ որոշակի լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ է դրվել մի միֆ, համաձայն որի՝ եթե հասարակությունը Սերժ Սարգսյանին աջակցի, ապա նա լրջորեն կպայքարի օլիգարխների դեմ։

Այդ միֆին զուգահեռ, տարածվում են նաև մի շարք ենթամիֆեր, որոնցից է «Իշխանության ներսում կա տեսակների պայքար, և այդ պայքարում երիտասարդները՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի գլխավորությամբ, ուզում են «չար օլիգարխներին» դեմ գնալ» սրտաճմլիկ հեքիաթը։

Եթե իրերն անվանենք իրենց անուններով, ապա նախագահականից շրջանառության մեջ դրվող միֆի իրական նպատակը մեր երկրում «Մեկ օլիգարխի տնտեսություն» ձևավորելն ու իշխանությունը ժառանգական դարձնելն է՝ «Հորից որդի կամ «հորից» փեսա» տարբերակով։

Հասարակությանը հիմա կեղծ երկընտրանք է առաջարկվում, որի շրջանակներում կոչ է արվում կանգնել «բարի օլիգարխների» կողքին և պայքարել «չար օլիգարխների» դեմ։ «Բարի օլիգարխները», ըստ Բաղրամյան 26–ի, երիտօլիգարխներն են, իսկ «չարերը»՝ ՍՍՀՄ փլուզումից հետո ձևավորված խոշոր սեփականատերերը։

Թաքնվելով «անկախ» մամուլի և կառավարվող «քաղաքացիական ակտիվիստների» հետևում՝ երիտօլիգարխիան փորձում է արհեստական թիրախներ ու արհեստական բաժանումներ ստեղծել՝ շեղելու համար մարդկաց ուշադրությունը բուն խնդիրներից։

Հարկ է, սակայն, հստակ ամրագրել մեկ բան. գեբելսյան ոճի քարոզչություն իրականացնելով և բոլշևիկյան քաղաքականություն վարելով՝ նախագահականի երիտթևը, Սերժ Սարգսյանի գիտությամբ ու հովանավորությամբ, ուզում է սեփականաշնորհել երկրի ողջ հարստությունը, այլ ոչ թե ապամոնտաժել կլանաօլիգարխիկ համակարգը։ Ասել է թե՝ խնդիր է դրված Հայաստանը վերածել տնամերձ բոստանի, որտեղ և՛ պատգամավորները, և՛ համայնքի ղեկավարները, և՛ բիզնեսմենները, և՛ սեփականատերերը կլինեն նշանակովի և կծառայեն մեկ մարդու։

Կապիտալի նախնական կուտակումը և թուրքմենբաշիզմի ուրվականը

Կապիտալի նախնական կուտակման փուլում մեզ մոտ, ինչպես բոլոր անցումային երկրներում, սոցիալական բևեռացվածություն առաջացավ։ Կային և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, որոնց հետևանքով ձևավորվեց այսպես կոչված օլիգարխիան, իսկ ավելի ճիշտ՝ խոշոր սեփականատերերի խավը, որն իր միջոցները կուտակել էր որպես իշխանություն հանդես գալով կամ իշխանության հովանավորության տակ գործելով։ Դա, բնականաբար, դժգոհություն առաջացրեց հանրության լայն շրջանակների մոտ։

Ըստ օլիգարխիայի դասական սահմանման՝ այն կառավարման ձև է, որը ենթադրում է մի խումբ մարդկանց իշխանություն, որը չի վերահսկվում հանրության կողմից և ունի քաղաքական որոշումներ կայացնելու հնարավորություն։ Հետևաբար՝ ծիծաղելի են բոլոր այն պնդումները, թե Սերժ Սարգսյանն ուզում է պայքարել օլիգարխների դեմ։ Այսինքն իրենք իրենց դե՞մ են պայքարելու։

Մեկընդմիշտ պետք է իմանալ, որ Հայաստանում օլիգարխիան ներկայացված է Սերժ Սարգսյանի գլխավորած նեղ թիմի տեսքով՝ ի դեմս նախագահի, վարչապետի, նախագահի փեսա Մ. Մինասյանի և էլի մեկ–երկու հոգու։ Վերջ։

Ժողովրդավարական անցումը ենթադրում է, որ ժամանակի ընթացքում բիզնես դաշտի «օլիգարխները» պետք է տարանջատվեն իշխանությունից և մտնեն շուկայական մրցակցության մեջ ու սոցիալականացվեն։

ԲՀԿ–ի կոալիցիա չմտնելը հենց այդ տրամաբանության մեջ էր, մինչդեռ իշխանության ու սեփականության տարանջատումից խոսող Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգն ամեն ինչ անում էր, որպեսզի հանկարծ տեղի չունենա այդ տարանջատումը, և դա էր պատճառը, որ իրական օլիգարխիան ուզում էր Գագիկ Ծառուկյանին պահել իշխանության ներսում՝ առաջարկելով մի քանի նախարարական, մարզպետական ու այլ տիպի պաշտոններ։ 

Գագիկ Ծառուկյանի օրինակին մեծ հաճույքով կհետևեին նաև մյուս խոշոր սեփականատերերը, բայց մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ չեն կարողանում. իշխանությունն ատամներով պահում է նրանց։ Իշխանության ու սեփականության տարանջատման մասին պետության ղեկավարության հայտարարությունները, ըստ այդմ, փարիսեցիություն են։ Սերժ Սարգսյանի իրական նպատակը սեփականության վերաբաշխումն է։ Նա մի կողմից անձամբ է քարոզում «օլիգարխների» օգտին, մյուս կողմից փեսայական լրատվամիջոցներով քարոզչական արշավ ծավալում նրանց դեմ։ Առաջին հայացքից անհասկանալի թվացող այդ քաղաքականությունն ունի շատ տեսանելի պատճառ։ Բանն այն է, որ այժմ հայաստանյան օլիգարխիայի ներսում մարտավարական տարաձայնություններ կան, որոնց պատճառով մենք լրատվական դաշտում որոշակի երևույթների ենք հանդիպում։

Սերժ Սարգսյանն ու իր փեսան միակարծիք են երկրում թուրքմենբաշիզմ ստեղծելու հարցում, բայց տարաձայնություններ ունեն սեփականության վերաբաշխման ժամկետների առումով։

Սերժ Սարգսյանն ուզում է 2013թ. «օլիգարխների» միջոցով վերարտադրվել ու հետո նոր միայն «քցել» իր համար ձայներ ապահոված մարդկանց, այսինքն՝ կուլակաթափության գնալ և ինքնահռչակվել հայաստանյան Քադաֆի, Մուբարաք կամ Ալիև, իսկ նրա փեսան երիտասարդներին ներհատուկ անհամբերություն է ցուցաբերում և ցանկանում է միահեծան տնտեսաքաղաքական համակարգ ձևավորել մինչև ընտրությունները։ Ահա այս «տարաձայնություններն» են, որ Մինասյանին ստիպել են փաստացի իր տնօրինության տակ հայտնված մեդիա դաշտի միջոցով անցնել գրոհի՝ թաքնվելով «Կեցցե՛ քաղաքացիական հասարակությունը և կորչե՛ն փողատերերը» նեոբոլշևիկյան լոզունգի տակ։ 

Մեդիայի ու «ակտիվիստների» վրա խնդիր է դրված կատաղի հարձակումներ գործել Սերժի վերարտադրմանն իրական վտանգ ներկայացնող ուժերի, ինչպես նաև փողատերերի դեմ։

Մեզ ստիպում են կողմնորոշվել ռուբենհայրապետյանների ու միքայելմինասյանների միջև, այնինչ երկու տեսակն էլ մերժելի են, ընդ որում՝ առաջինների համեմատ երկրորդները շատ ավելի անընդունելի ու անհանդուրեժլի են, և ահա թե ինչու։

Երիտօլիգարխան գործողության մեջ

Ամենևին չկիսելով այն տեսակետը, թե մենք պետք է ընտրություն կատարենք երիտօլիգարխիայի ու օլիգարխ կոչվածների միջև՝ եկեք այդուհանդերձ տանք նրանց համեմատական բնութագիրը և հասկանանք, թե նրանցից ով է ավելի վտանգավոր հանրության համար։

«Օլիգարխները» չսկսեցին ՀՀ անվտանգությանը սպառնացող տխրահռչակ հայ–թուրքական «ֆուտբոլը»։ Դա արեցին երիտօլիգարխները։ Արդյունքում՝ Հայաստանը աշխարհաքաղաքական խաղացողների մոտ հայտնվեց գնդակի դերում։

«Օլիգարխները» չհայտարարեցին «Հայկական աշխարհի» մասին ու դիլետանտ տնտեսական քաղաքականությամբ չնպաստեցին Հայաստանի տնտեսության թուլացմանը։ Դա արեցին երիտօլիգարխները, որոնց ագահությունը բերեց երկրից աշխատուժի ու կապիտալի վտանգավոր չափերի հասնող արտահոսքի։

«Օլիգարխները» չեն ամենաթողության մթնոլորտ ձևավորողները։ Դա երիտօլիգարխների ձեռքի գործն է, երկրում տիրող բարոյահոգեբանական վիճակը՝ նույնպես։

«Օլիգարխները» չեն քարոզել օտարալեզու հանրակրթական դպրոցներ բացելու օգտին։ Դա արել են «ուսյալ, կրթյալ» երիտօլիգարխները, քանզի անհայրենիք են իրենց մտածողությամբ, ու այս պետությունն իրենց համար փող աշխատելու տարածք է, քանզի բանկային քարտի վրայի գումարը նրանց համար ավելի մեծ արժեք է, քան Հայոց աշխարհը։

Էլի շատ համեմատություններ կարելի է անել, որից պարզ կդառնա, որ մականունավոր «օլիգարխները» հետևանք են այն համակարգի, որը Սերժ Սարգսյանն ու իրեն կից գործող երիտօլիգարխներն ուզում են ամբողջությամբ միաձույլ սարքել ու ավելի այլասերել հանրային հարաբերությունները։

Ծիծաղելի է, երբ Միքայել Մինասյանը, թաքնվելով «անկախ» մամուլի և որոշ «քաղաքացիական ակտիվիստների» հետևում՝ բարձրաձայնում է հակաօլիգարխիկ պայքարի մասին։ Եվ դա այն դեպքում, երբ ինքն է իրական օլիգարխը և այդպիսին է դարձել զուտ նախագահի փեսայի կարգավիճակից օգտվելով։ «Օլիգարխները» գոնե քարը քարի վրա դրած կան, իսկ երիտօլիգարխիան, առանց մատը մատին խփելու, ձգտում է «սամալյոտի միս» ուտել։

Մեդիա դաշտում գրեթե մենաշնորհ հաստատած մարդն ինչպե՞ս  կարող է խոսել քաղաքացիական արժեքների մասին ((բացառությամբ 3-4 կայքի (խոսքս ազդեցիկների մասին է) և մեկ թերթի՝ մնացածն ամբողջությամբ երիտօլիգարխի հովանու ներքո են գործում. հեռուստադաշտը չեմ հաշվում, քանի որ դա առանձին խոսակցության թեմա է))։ 

Ինչպե՞ս կարող է տնտեսական դաշտում սեփականության վերաբաշխման ծրագրեր իրականացնող մարդը խոսել բարեփոխումներից ու հեղափոխական ընտրություններից (առաջին զոհը Խաչատուր Սուքիասյանն էր, ումից երիտօլիգարխիան, Ռ. Հայրապետյանի ձեռքերով, խլեց «Բջնին» ու »Նոյը», ինչպես նաև դրածո դեմքերի  իջոցով ծխախոտի որոշ տեսակների ներմուծման իրավունքը)։

Այնպես որ, պետք է դեմագոգիան տարանջատել իրականությունից։

Ամփոփում

Հայաստանում առկա կլանաօլիգարխիկ համակարգը պետք է վերացնել և ստեղծել ժողովրդավարական հարաբերություններ։ Ժողովրդավարական անցման ճանապարհը օլիգարխ կոչվածների դեմ պայքարը չէ։ Դա կեղծ թիրախ է։

Կեղծ է նաև իշխանության ներսում «տեսակների պայքարի» մասին պատմությունը, մանավանդ որ իրեն դրական լույսի տակ ներկայացնող տեսակը, ինչպես ցույց տրվեց վերևում, շատ ավելի հակապետական ու հակահասարակական բնույթ ունի, քան նրանք, ովքեր «բոբոյի» կերպարով են հայտնի։

Վատ կամ լավ օլիգարխներն չեն լինում։ Լինում է կլանաօլիգարխիկ վատ համակարգ, որը պետք է լավացնել՝ ժողովրդավարական անցում ապահովելով։ Եթե ստեղծվի մրցակցային դաշտ, ապա միևնույն է, թե ով հաջողության կհասնի՝ Սամվել Ալեքսանյա՞նը, թե՞, ասենք,  Պետրոս Պողոսյանը։ Կարևորը սկզբունքն է, այլ ոչ թե անձը։

Սերժ Սարգսյանի գլխավորած օլիգարխիան միջինասիական երկրներին հատուկ հարաբերություններ է ուզում հաստատել, ինչը չի ենթադրում տնտեսական ազատ մրցակցություն և մրցակցային քաղաքական ընտրություններ։

Պարզից էլ պարզ է, որ «Մեկ օլիգարխի» կամ «Մեկ փեսայի» տնտեսությունը բացարձակապես կապ չունի քաղաքացիական արժեքների ու շուկայական հարաբերությունների հետ։

Փեսաների վրա հենված պետություններից է, օրինակ, Ուզբեկստանը, որտեղ ընտանեկան կլանն է կառավարում երկիրը, և նախագահ Քարիմովը, որդի չունենալու պատճառով, «ռուլիտ» է անում սիրելի փեսայի միջոցով։ Հայ ժողովրդին հիմա մատուցում են ուզբեկական մոդել՝ «քաղաքացիական» սոուսով։

Եվ ուրեմն, ժամանակակից պետություն կառուցելու համար անհրաժեշտ է ոչ թե փեսայական, այլ ժողովրդավարական երկիր կառուցել։ 2013–ին հարմար առիթ կա իրական փոփոխությունների համար։ Նժարի մի կողմում Հայաստանի նորմալ ապագան է, իսկ մյուս կողմում՝ Սերժ Սարգսյանի ընտանեկան շահերը։ Ընտրության հնարավորությունը, ինչպես տեսնում եք, մեծ չէ։ Ես ընտրում եմ Հայաստանի ապագան։ Համոզված եմ՝ ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ նույնպես։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը