Կարծիք

02.06.2009 11:54


Ապտակներ սահմանի այն կողմից

Ապտակներ սահմանի այն կողմից

Մինչ մենք միմյանց քննադատում և փառաբանում ենք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, հայ-վրացական, հայ-ռուսական և հայ-եվրոպական հարաբերությունների հարթակներում, այս բոլոր կողմերից ապտակում են մեզ՝ շրջանցելով Հայաստանը բոլոր տարածաշրջանային մեծ ու փոքր նախագծերում: Թերևս, Էրդողանի և Ալիև կրտսերի ճառերից առաջ լավագույն ապտակն այն էր, որ վերջերս՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցությունների «պիկ» օրերին, Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը Բոդրումում (Թուրքիա) Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղու շինարարության հսկողության մասին առաջին նիստի շրջանակներում արձանագրություն են ստորագրել: Նախագիծը թողարկվելու է 2011թ.: Այդ երկաթուղու ընդհանուր արժողությունը գերազանցում է 600 մլն դոլարը: Էլ ու՞մ են հարկավոր հայ-թուրքական սահմանի բացումը և Կարս-Գյումրի նսեմացված երկաթգիծը,  եթե այն կարելի է ուղղակի անտեսել ու վերջ:

«Հարավային հոսանք» գազատարի նախագիծը կարող է իրոք հաղթել «Nabucco»-ին. վերջինիս քննարկումները, եթե հանգեցնեն կառուցման,  կարող են, այնուամենայնիվ, շրջանցել Հայաստանը։ Համենայնդեպս, գլխավոր մատակարարներից Ադրբեջանը և հիմնական տարանցիկ երկիր Թուրքիան կպնդեն դա, եթե Հայաստանն արմատական զիջումների չգնա: Իսկ մենք այս ամենին փորձում ենք հակադրել մեր բարի կամքն ու զիջողականությունը: Համեցե՛ք, մենք կտանք ձեր հողերը, որը պապականորեն մերն են և մեր գոյության ամենահիմնարար երաշխիքն են, կճանաչենք ձեր տարածքային ամբողջականությունները, իսկ դուք ապտակեք ու պատրաստվեք հաջորդ ապտակներին: Պետք է մի բան անկեղծորեն խոստվանել. եթե, այնուամենայնիվ,  ազատագրված տարածքները, Ղարաբաղն էլ վրադիր, հանձնենք Ադրբեջանին, օգտակար ոչինչ չենք ստանալու մեր հարևաններից և միջազգային հանրությունից: Նրանք միայն ավելի վստահ են սեղմելու օղակը և անտեսելու Հայաստանին: Եվ, հասկանալիորեն, Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքում պետք է դնել անզիջողականության, այլ ոչ թե փոխզիջողականության սկզբունքը: Այսօր, քան երբևէ, սկզբունքային լինելը կարևոր է։ Եվ զիջումներով չէ, որ կշահենք աշխարհին, այլ կամքով և ուժով դիմացինին համարժեք զիջումներ պարտադրելով: Արցախը պետք է լինի կա՛մ անկախ, կա՛մ Հայաստանի մաս, և այդ կարգավիճակներից որևէ մեկում Ղարաբաղը ապահովագրված չի կարող լինել, եթե վերադարձվեն ազատագրված տարածքները: Եթե Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են անել էական զիջումներ (որպիսիք են ցեղասպանության ճանաչումն ու փոխհատուցումը, և որպես առաջին քայլ՝ Սուրմալուի շրջանի վերադարձը Հայաստանին, ինչը ենթադրում է նույնիսկ Կարսի անօրինական պայմանագիրը, Հայաստանը վերացնելու պանթուրքիստական գաղափարաբանությունից հրաժարումը, Շահումյանի, Գետաշենի և Արծվաշենի վերադարձը Արցախին և Հայաստանին, Սումգայիթի ոճրագործության ճանաչումը և փոխհատուցումը, Ադրբեջանից արտաքսված հայ գաղթականների փոխհատուցումը, Նախիջևանի կարգավիճակի հարցի քննարկումը, ինչպես նաև տարածաշրջանային ներդաշնակ և արդարացի զարգացման հարցում նախանձախնդիր լինելը, որը պետք է ամրագրվի համապատասխան միջպետական համաձայնագրերում), Հայաստանը կարող է գնալ որոշակի ընդառաջ քայլերի: Այսօր բանակցային սեղանին դրված փոխզիջումներ կոչվածները միակողմանի զիջումներ են Հայաստանի կողմից: Ղարաբաղի հարցը թվարկված շղթայի մեկ օղակն է միայն, և թուրքերը դա լավ են գիտակցում ու չեն էլ պատրաստվում Ղարաբաղը արհեստականորն դուրս դնել այդ օղակից՝ նույնիսկ արտաքուստ: Ղարաբաղի հարցը հայության անվտանգության և ապագայի հարցն է և ոչ թե տաքուկ ապրող օլիգարխների է՛լ ավելի հարստացման, ինչում իշխանությունների նախանձախնդրությունն ու հաստատակամությունը գերազանցում են «հայրենասիրության» բոլոր սպասելիքները:

Հայաստանի բարձրագույն իշխանությունները հոգեբանորեն տրվել ու պարտվել են, և նրանք պետք է հեռանան ասպարեզից: Իսկ նոր՝ ազգային իշխանությունները, պետք է Հայաստանը շրջանցող նախագծերին հակադրեն անզիջողականությունը՝ ադրբեջանական ճակատում, ցեղասպանության հարցը և պահանջատիրությունը՝ թուրքական ճակատում, Ջավախքը և վրացահայության խնդիրները՝ վրացական ճակատում,  «Արևելյան գործընկերությունը» և ՆԱՏՕ-ն՝ ռուսական ճակատում և ռուսականությունը՝ եվրոպական ճակատում: Եվ այս սկզբունքները պետք է գործադրվեն ճկունությամբ ու հայոց ողջ ներուժի ներգրավմամբ՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Մենք շրջափակման մեջ ենք, և այդ օղակը պետք է հուսալիորեն ճեղքվի, այլ ոչ թե ամրագրվի ու կարծրանա: Եվ մենք չէ, որ ուզում ենք ոչնչացնել մեր հարևաններին, այլ նրանք են դա գործադրաբար մռռում՝ դարեր ի վեր և ամեն օր...

 Անկանխատեսելի է, թե ու՞ր կգնա նախագահ Սարգսյանն այս աշնանը, բայց Թուրքիա, հավանաբար, դժվար գնա ֆուտբոլ նայելու: Լավ կլինի՝ գնա Ստեփանակերտ և իր հետ տանի բոլոր այն հայերին՝ Հայաստանում թե արտերկրում ապրող, և, հատկապես, Ղարաբաղի հայերին, որոնք իրոք ուզում են Արցախը և ազատագրված հողերը տեսնել հայերով բնակեցված: Դա հաղթանակի ամենակարճ և ճշմարիտ ճանապարհն է՝ կարևոր աշխարհի բոլոր ֆուտբոլային խաղերից միասին վերցրած: Եվ եթե  իրոք նախագահն այն հեղինակությունն է, որն արժանի է լինելու առաջնորդ, շատերը կհետևեն այդ քայլին՝ ֆուտբոլ խաղալու Քարվաճառի նույնիսկ չկառուցված մարզադաշտում: Սա հայկական ֆուտբոլի հաղթանակի միակ հույսն է, քանզի գեղեցիկ ֆուտբոլը հայ ֆուտբոլիստներին արմատապես հակացուցված է մնում:

 Եվ արդեն կան սփյուռքահայ առաջին ծիծեռնակները, որոնք քաղաքացիություն չստանալով Հայաստանի հայրենի կառավարությունից՝ դիմել են Արցախի հայրենի կառավարությանը:

Սովետական բանակի «դեդավշչինայի» լավագույն փայլատակումներից է այն սկզբունքը, որ երբ չես կարողանում ուրիշներին ստիպել կամ համոզել, ապա դու ինքդ պիտի կատարես այդ գործը: Իսկ տարածքները չբնակեցնելն արդեն ուժգին ապտակ է սեփական այտերին:

Եվ, իրո՛ք, վաղուց է, որ պետք չէ անկեցվածք կեցվածք ընդունել: Դիմակայություններում միշտ վտանգավորը պարտվողական ոգին է,  որը երաշխավորում է պարտությունը... Եվ վաղուց է փնտրվում այն իշխանավորը, ով,  վերջապես, կասի. «Հայությունը չի պատրաստվում զիջել ոչինչ, մինչև որ Ադրբեջանն ու միջազային հանրությունը չճանաչեն  Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ ձեռք բերված միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներովԻսկ Թուրքիան, նույն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներով, թող սրբի իր ցեղասպան խարանը՝ փոխհատուցելով հայերին, հույներին, ասորիներին և քրդերին, այլ ոչ թե դավի նոր ցեղասպանություններ»: Հավատացե՛ք, Թուրքիայում և Ադրբեջանում հոգու խորքում զարմանում և ուրախանում են այս չարտասանված խոսքերի համար... Դե, նրանք լավ գիտեն, որ ներքին ներդաշնակություն և տնտեսական կայունություն չապահոված մի իշխանություն հազիվ թե քաջ գտնվի և ճշմարիտ խոսի սեփական ժողովրդի, էլ ուր մնաց՝  աշխարհի հետ:

Արտակ Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը