Մեկնաբանություն

26.07.2012 18:26


Վարդանիկի «նամիկատները» Սերժին

Վարդանիկի «նամիկատները» Սերժին

Գյումրիի դեռևս գործող քաղաքապետի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Վարդան Ղուկասյանը չի համակերպվում այն մտքի հետ, որ շուտով զրկվելու է Հայաստանի երկրորդ քաղաքի տերն ու տնօրենը լինելու հնարավորությունից կամ վայելքներից։

Հիմա բոլորը փորձում են ստեղծված իրավիճակից օգուտներ քաղել և սպասվող գործընթացները ներկայացնել սեփական հայեցողությամբ, բայց ուշագրավը Սերժ Սարգսյանի շրջապատի պահվածքն է։

Բաղրամյան 26–ին ենթակա լրատվամիջոցները մի կրակոցով ուզում են մի քանի նապաստակ որսալ կամ ավելի ճիշտ՝ միաժամանակ ընկնում են մի քանի նապաստակի հետևից, բայց ստացվում է` ինչպես միշտ, այսինքն՝ PR–«փուչիկները» մեկ օրվա կյանք են ունենում և պայթում։

«Անկախ» լրատվամիջոցների ջանքերով Վարդան Ղուկասյանի առնչությամբ տարածվում են հետևյալ քարոզչական կոդերը.

ա. Վ. Ղուկասյանը հեռացվում է, քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն (այսինքն՝ Սերժ Սարգսյանը) Գյումրիում չկարողացավ հաղթել ԲՀԿ–ին (այսինքն՝ Գագիկ Ծառուկյանին)։ Նախագահական ընտրություններից առաջ սրանով ուզում են հասկացնել, թե ով ձայն չի բերում ՀՀԿ ղեկավարին, խնդիրների առաջ է կանգնում։

բ. Վ. Ղուկասյանը հեռացվում է, քանի որ Սերժ Սարգսյանը բարեփոխումներ է ուզում անել պետական կառավարման ոլորտում և ազատվում է կիսաքրեական ու օդիոզ դեմքերից։ Սա արդեն տեղավորվում է Սերժի՝ իբր «հակաօլիգարխիկ» պայքարի դեմագոգիայի մեջ։ Իշխանական թերթերից մեկը նույնիսկ հնդկական կինո կամ մեքսիկական սերիալ հիշեցնող «երկխոսություն» էր ներկայացրել, որն իբր կայացել էր բարի սուլթանի ու չար քաղաքապետի միջև, որից հետո Վարդանիկը ստիպված էր եղել ՀՀԿ–ից դուրս գալու դիմում ներկայացնել։ Ամա՛ն, ամա՛ն...

գ. Վ. Ղուկասյանի փոխարեն ԲՀԿ–ական Սամվել Բալասանյանի թեկնածությունն իրականում առաջարկել է Սերժ Սարգսյանը։ Այս քայլով էլ ուզում են ասել, թե ՀՀԿ–ԲՀԿ խնդիր չկա, և ամեն ինչ խաղ է։

Նկատենք, սակայն, որ իրականությունը շատ հեռու է այն քարոզչական «կտերից», որոնք ներկայացվեցին վերևում։

Վարդան Ղուկասյանին նախագահականում «քցում» են ոչ միայն ու ոչ այնքան այն պատճառով, որ նա ՀՀԿ–ին ձայներ չի բերել, այլ՝ որ ՀՀԿ–ում ուրիշ տարբերակ չունեին Գյումրիում սպասվող ընտրություններում ԲՀԿ–ից կանխատեսելի պարտությունից տարանջատվելու համար։ Ղուկասյանի հեռացումն ապահովել է ԲՀԿ–ն՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղական մաշստաբով ջարդելով ընտրակեղծիքի մեքենան։ Մնացած խոսակցությունները բամբասանքից այն կողմ չեն անցնում։

Որևէ քննադատության չեն դիմանում նաև այն պնդումները, թե իբր Ղուկասյանին հեռացնելով՝ Սերժ Սարգսյանը կադրային բարեփոխումների է գնում։ Չկա՛ նման բան։ Սարգսյանը մեծ հաճույքով կսատարեր Ղուկասյանին, բայց ձեռքը ճար չկա։ Եթե օդիոզ դեմքերից ազատվելու խնդիր լիներ, ապա Սերժն անձամբ չէր քարոզի նրանց օգտին, իսկ Սյունքի մարզպետին էլ՝ խրախուսանքի չէր արժանացնի։ Եվ ամենակարևորը՝ Հայաստանի ամենաօդիոզ ֆիգուրը և թիվ մեկ օլիգարխը, ով նաև մականուն ունի (ադրբեջանցիներին չուրախացնելու համար՝ կխուսափենք այդ մականունը հնչեցնելուց) հենց Սերժ Սարգսյանն է, և ծիծաղելի է նրան՝ բարեփոխիչ ներկայացնելը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի «դաբրոյին» և Սամվել Բալասանյանի թեկնածությանը, ապա սա նույնպես «բլեֆ» է։ Նմանատիպ լուրեր տարածելով՝ փորձ է արվում «Սերժ ամենակարողի» մասին հեքիաթներ տարածել։ Սակայն այդպես վարվողները չեն զգում, որ եթե նման հեքիաթի տարածման անհրաժեշտություն է առաջացել, ապա Սերժն այնքան էլ ամենակարող չէ, և հանրությանն այդպիսին է մատուցվում միայն վիրտուալ հարթության մեջ։ Թերևս, այդպիսի հեքիաթները նաև ինքնահանգստացնող դեր են կատարում նախագահականի համար, ո՞վ գիտե։

Քաղաքական գործընթացներից լավատեղյակների համար այս ամենը տեսանելի է, և բոլորն էլ հասկանում են, թե ինչն ինչոց է։ Բնականաբար, ամեն ինչ տեսնում ու գնահատում է նաև մեր «հերոսը»՝ Վարդանիկը, ով  շատ լավ հասկանալով, որ ԲՀԿ–ի ճնշման հետևանքով Սերժն իրեն ստիպված «փուռն» է տալիս՝ սկսել է դիմադրություն ցույց տալ՝ սպառնալով իր հետ տանել բոլորին։

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե Գյումրիի քաղաքապետը հրապարակային լեզվակռվի մեջ է մտել ՀՀԿ–ական Աշոտ Աղաբաբյանի հետ, սակայն դա այդքան էլ այդպես չէ։ Վարդան–Աշոտ տեղեկատվական փոխհրաձգությունը, որն ընթանում է «է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» տարբերակով, իրականում այլ հասցեատեր ունի։

Վարդան Ղուկասյանի հարվածների թիրախն ամենևին էլ Աշոտը չէ կամ միայն Աշոտը չէ։ «Աղջի՛կ, քեզ ասում եմ, հա՛րս, դու հասկացիր» թեմայով նա, փաստացի, քննադատության է ենթարկում Սերժ Սարգսյանին՝ ակնարկելով, որ եթե ինքը վատն է ու չպիտի մնա քաղաքապետ, ապա ինչո՞ւ պետք է ընտրվեր կամ ընտրվի ՀՀԿ ղեկավարը նախագահի պաշտոնում։

«Ինչո՞վ եմ ես Սերժից վատը»,– Աշոտին «դռբի» տակ քցելու միջոցով իր վրդովմունքը չի կարողանում թաքցնել «աստվածավախ» Վարդանը։

«Կյանքում ոչ մի բանի համար չեմ փոշմանել, անգամ եթե սխալ եմ գործել: Բայց կա բացառություն՝ Բուռնաշը: Փոշմանել եմ, որ դրան երկու անգամ պատգամավոր եմ դարձրել: Չկարողացա դիմանալ դրա և դրա գերդաստանի աղերսանքներին և աջակցեցի: Աստված թող ների ինձ, որ գյումրեցիներին ու ղուկասյանցիներին ես բուռնաշատիպ պատգամավոր տվեցի, այլ ոչ թե մի կարգին մարդ: Դե, ի՞նչ արած, ես էլ եմ մարդ, սխալվելու իրավունք ունեմ»,–Հայաստանի ընտրական համակարգի ներքին խոհանոցն է բացում Վարդան Ղուկասյանը:

Եթե փորձենք կարդալ նրա ասածների ենթատեսքտը, ապա կստացվի, որ նա փոշմանել է նախևառաջ Սերժ Սարգսյանի՛ն աջակցելու համար։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանի համար էլ են Գյումրիում (և ոչ միայն այնտեղ) ձայներ ապահովվել այն տարբերակով, որով որ Աղաբաբյանը, ըստ Ղուկասյանի, պատգամավոր է դարձել։

Եթե Գյումրիի քաղաքապետի խոսքերից հանենք «Աշոտ Աղաբաբյան» անուն–ազգանունը և փոխարենը տեղադրենք «Սերժ Սարգսյան», ապա տեքստի բովանդակությունը դրանից չի փոխվի։ Երկու ՀՀԿ–ականների համար էլ Ղուկասյանը կարող է ներում հայցել գյումրեցիներից ու իր նախկին կուսակիցների ձեռքը բռնած անցնել չվաստակած հանգստի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը