Մեկնաբանություն

27.07.2012 00:35


«Պալաչը» գլխատեց իր փաստաբաններին

«Պալաչը» գլխատեց իր փաստաբաններին

Նախագահական նստավայրին կից գործող լրատվամիջոցները, «հակաօլիգարխիկ» թեմաներով գրոտելուց և մականունավորների դեմ «կենաց–մահու» պայքար մղելուց ազատ ժամանակ, կասկածելի էնտուզիազմով լծվել էին «Պալաչ» մականունով մեկի՝ իբր ոտնահարված շահերն ու իրավունքները պաշտպանելու գործին։

Ինչպես հայտնի է, Աբովյան–Երևան ավտոբուսային երթուղու գծատեր Արթուր Հարությունյանը հայտարարություն տարածեց, որով փակեց «անկախ» մամուլի և դրա պատվիրատուների բերանը (տե՛ս http://7or.am/am/news/view/38593/

Ուշագրավն այն է, որ Արթուր Հարությունյանը (դե, «Պալաչը», էլի) այս ընթացքում ոչինչ չէր խոսում ու ոչ մի տեղ չէր երևում, բայց «անկախ» լրատվամիջոցներն ու հատկապես Սերժ Սարգսյանի դեմ «արմատական» տրամադրված խիստ «ընդդիմադիր» թերթերից մեկը վերածվել էին նրա մամլո խոսնակի ու փաստաբանի։ Պատվերն էր այդպիսին։  Այսինքն՝ Բաղրամյան 26–ի քարոզչության սկզբունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են Գագիկ Ծառուկյանի դեմ էժանագին արշավ իրականացնելու հնարավորությունները։ Դե իսկ ծախու մամուլի համար միևնույն է, թե ինչ կգրի։

 «Ես ցավում և ափսոսում եմ, որ Գ. Ծառուկյանի հանդեպ թույլ եմ տվել որոշ ձևակերպումներ և արտահայտություններ: Գուցե, դա իմ անփորձության կամ հուզմունքի արդյունքն էր, բայց ոչ երբեք`միտումնավորության: Ես միշտ բարձր եմ գնահատել Ծառուկյանի կատարած աշխատանքը մեր պետության և մեր ժողովրդի համար, ու նաև նրա բարեգործական գործունեությունը:Ես մարդկայնորեն խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին. մի շահարկեք այդ թեման: Հարցը խնդրում եմ համարել փակված»,– ասել էր «անկախ» լրագրողների ու վերլուծաբանների սիրելին դարձած գծատերը։

Ա. Հարությունյանը ժամանակի ընթացքում հասկացավ, որ նախագահական նստավայրի կողմից ընդամենն օգտագործվում է Գագիկ Ծառուկյանի դեմ ու անձնապես «քաշվում»։ Հասկացավ ու ճիշտ եզրակացության եկավ՝ որոշակի մարդկանց «պասլատ» անելով։

«Իմ բոլոր խնդիրները ես կներկայացնեմ անձամբ Գ. Ծառուկյանին և կխնդրեմ նրան` արժանապատիվ լուծումներ գտնել: Մի բան կարող եմ հստակ ասել. ես թույլ չեմ տա երրորդ կողմին` օգուտներ քաղել ծագած խնդիրներից»,–  «անկախ» մամուլի միջոցներին ու դրանց տերերին տեղը դրեց Հարությունյանը:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ իշխանության հերթական «մուտիլովկան» չաշխատեց, սակայն արանքում ահագին մարդ ու լրատվամիջոց հերթական անգամ «փչացավ»։ Բոլոր տիպի «անկախ», «մասամբ անկախ» ու «բազմակողմանի» համարվող ԶԼՄ–ներն ու դրանց անմիջական ղեկավարները, որոնք «on line» ռեժիմով ռեպորտաժներ ու վիդեոսյուժեներ էին հրամցնում «դեպքի» վայրից ու պաշտպանում պատվերով համերգ հիեցնող գործադուլի դուրս եկածների տիրոջ շահերը, պատկերավոր ասած, «Պալաչի» կողմից  գլխատվեցին և հայտնվեցին հիմար վիճակում։

Հետաքրքիր է, թե հիմա ի՞նչ են գրելու Հարությունյանի բիզնես շահերի ջերմեռանդ պաշտպանի վերածված լրագրողները։ Ամենախոխման այն կլինի, որ այսքանից հետո ոմանց էնտուզիազմը չմարի ու մենք «վերլուծականներ» հանդիպենք, ասենք, նմանատիպ վերնագրերով՝ «Պալաչի հայտարարությունը և Սերժի արևմտամետ կեցվածքը», «Սերժ Սարգսյանի արևմտամետ գիծն ընդդեմ Աբովյան–Երևան գծի», «Քաղաքացիական հասարակությունն ու Պալաչը. համագործակցության հեռանկարներ» կամ «Սերժի շանսը. Պալաչով կամ Պալաչի վրա»։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ այս ողջ թամաշայի ընթացքում Արթուր Հարությունյանը ամոթի զգացողություն ցուցաբերեց ու գոնե իր դեմքով հանդես չեկավ, քանզի շատ լավ գիտեր, թե ինչն ինչոց է և ինչ խաղ է խաղացվում, բայց ահա «առաջադեմ» լրատվամիջոցներն առանց որևէ բարդույթի կատարում էին այն կեղտոտ պատվերը, որն իջեցվում էր Բաղրամյան փողոցից։ Այլ կերպ ասած՝ մականունավորն իրեն անհամեմատ ազնիվ ու արժանապատիվ պահեց, քան ժողովրդավարությունից, քաղաքացիական արժեքներից և օրինականությունից անընդհատ խոսող դեմագոգները։

«Ավտոբուսային» սերիալը ցույց տվեց, որ «անկախ» կոչված մամուլը փողոցային «թիթեռնիկներից» չի տարբերվում և պատրաստ է կատարել պատվիրատուի բոլոր քմահաճույքները՝ բնականաբար «քաղաքացիականության» սկզբունքներից ելնելով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը