Մեկնաբանություն

27.07.2012 17:35


Կուսակցությունը ոհմակ չէ՞

Կուսակցությունը ոհմակ չէ՞

Երբ Սերժ Սարգսյանը նոր–նոր էր ՀՀԿ շարքերում հայտնվել՝ իր հետ որպես օժիտ տանելով «հայերեն վատ խոսողներին», մի հայտարարություն արեց, թե կուսակցությունը ոհմակ չէ։

Կուսակցությունը ոհմակի հետ համեմատելու կարիք առաջացել էր այն բանից հետո, երբ կարկառուն հանրապետական Գալուստ Սահակյանի ընտանիքը ցանկացել էր կյանքի կոչել վաղեմի երազանքն ու վերցնել Աջափնյակի թաղապետարանը, որի վրա աչք ուներ նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը։

Չնայած ՀՀԿ–ական լինելուն՝ Սերժ Սարգսյանը նախապատվությունը տվեց գլխավոր դատախազի եղբոր թաղապետական հեռանկարին, այսինքն՝ «ոհմակից» դուրս մարդու կողմն անցավ։ Ահա այդտեղ էր, որ պետք եղավ ՀՀԿ–ն համեմատել ոհմակի հետ ու հասկացնել, որ պարտադիր չէ՝ Աջափնյակի թաղապետը հանրապետական «ոհմակից» լինի, քանզի «քաղաքական» նպատակահարմարությունն այլ բան էր պահանջում։

Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը սխալվել էր իր գնահատականում, քանի որ ՀՀԿ–ում ոհմակային մտածելակերպը գերիշխողներից է։

Կենդանական աշխարհի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գայլերի կամ բորենիների ոհմակի անդամները հարձակվում են ոչ միայն օտարների, այլև յուրայինների վրա, երբ յուրայինը վիրավորվում է ու կորցնում նախկին ուժը։

Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին բազում առիթներ ենք ունեցել տեսնելու, որ երբ որևէ ՀՀԿ–ական «ընկնում» է, նախկին յուրայիններն անմիջապես հարձակվում են նրա վրա՝ իրենց պահելով ոհմակի պես։ Այդպես եղավ Գագիկ Բեգլարյանի, Հովիկ Աբրահամյանի, Ալիկ Սարգսյանի և այլոց դեպքում։ Ճիշտ է՝ հետագայում շատերը «քաշվեցին», քանզի «ընկնողներից» ոմանք կրկին բարձրացան, բայց դրանից երևույթը չդադարեց ոհմակային մնալ։

Վերջին օրերին կրկին մենք ականատես ենք լինում ոհմակային մտածողության։

Ինչպես հայտնի է, Գյումրիի քաղաքապետին ԲՀԿ–ն ստիպում է անցնել թոշակի. ԱԺ ընտրությունների արդյունքներն այլ ելք չեն թողնում։ Այդպիսով Վարդան Ղուկասյանն «ընկնում» է, ինչը ՀՀԿ–ական Աշոտ Աղաբաբյանին հնարավորություն է տվել անցնել գրոհի. թամաշան արդեն հասցրել է հոգնեցնել բոլորին։

Կրկնեմ. Սերժ Սարգսյանը սխալվում էր ոհմակի ու ՀՀԿ–ի անհամատեղելիության մասով։ ՀՀԿ ղեկավարը դրանում վերջնականապես կարող է համոզվել այն պահից սկսած, երբ ի՛նքը «կընկնի»։ Այդ ժամանակ նա ամենայն մանրամասնությամբ կպարզի, որ ավտորիտար երկրներում իշխանության կուսակցությունը ոհմակից շատ չի տարբերվում։

Ս. Սարգսյանի «ընկնելու» դեպքում այնքան մարդ նրան բառիս բուն և փոխաբերական իմաստով հոշոտելու ցանկություն կհայտնի, որ «7 օրը» ստիպված կլինի պաշտպանել Սերժին և կոչ անել բոլորին բացառապես իրավական ու քաղաքական գործիքակազմի օգնությամբ հաշիվները պարզել, այլ ոչ թե ինքնադատաստանի։ Չեմ կասկածում, որ այդ դեպքում բազում ՀՀԿ–ականներ, ովքեր այսօր քծնում են Ս. Սարգսյանին ու մեզ քննադատում հակասերժական կոշտ գծի համար, մեզ կմեղադրեն Սերժ Սարգսյանի հանցագործությունները կոծկելու փորձի և չափավոր ընդդիմադիր լինելու համար։ Ասեմ, որ դեմ չենք լինի. թող Սերժն «ընկնի», մեզ էլ թող հետագայում մեղադրեն այն բանի համար, որ կողմ չենք նրան Քադաֆիի օրը գցելուն։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ի դեպ, հարկ է նկատել, որ մեր տիպի պետություններում ոհմակային բնազդներով են առաջնորդվում ոչ միայն իշխող կուսակցության ներկայացուցիչները, այլ նաև իշխանական համակարգն ընդհանրապես։

Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականից հետո նրա նախկին ենթականերից գրեթե բոլորը «գույները» փոխեցին ու իրենց պահեցին ոհմակի պես։ Նույնը եղավ նաև Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց հետո։

Բոլորի համար էլ պարզ է, որ Սերժ Սարգսյանը նախագահ դարձավ Քոչարյանի շնորհիվ, բայց բոլորն էլ տեսնում են, թե ինչպես է Սարգսյանը նախագահական աթոռին հայտնվելուն պես աշխատում Քոչարյանի դեմ։ 

Ժամանակն է ազատվել այս ոհմակային մտածողությունից և «ոհմակների» առաջացման պատճառ հանդիսացող համակարգից։ Մնացածը շտկվող հարցեր են։

Այս խորագրի վերջին նյութերը