Լրահոս

03.06.2009 13:47


ՀՀԿ–ն ՕԵԿ–ին և ՀՅԴ–ին համայնքներում տեղեր կտա՞

ՀՀԿ–ն ՕԵԿ–ին և ՀՅԴ–ին համայնքներում տեղեր կտա՞

Մամուլի ասուլիսի ժամանակ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, որ մինչև այս ամսվա վերջը քաղաքային իշխանությունը ամբողջությամբ կձևավորվի։ 

Նա նաև նշել է, որ Երևանում «յուղոտ» կամ «ոչ յուղոտ» համայնքներ չկան, և վարչական շրջանները (նախկին համայքները) կիսելու հարցում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև  քաղաքական տեսակետից որևէ անհամաձայնություն լինել չի էլ կարող։

«Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն կոալիցիոն մյուս գործընկերոջը՝ ՕԵԿ-ին, Երևանի վարչական շրջաններում տեղեր տա»,- Գ. Սահակյանից հետաքրքրվել է «7օր»-ի թղթակիցը։

-Իհարկե, ամեն ինչ հնարավոր է։ Որպես քաղաքական թիմեր՝ մենք նույն կոալիցիայի մեջ ենք և յուրաքանչյուր խնդիր համատեղ լուծման ճանապարհով ենք գնալու։ Բնականաբար, ներքին քննարկումներ կլինեն, և կփորձենք մեկս մյուսի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքով նաև կազմավորել Երևանի քաղաքապետարանը։ Բայց դրա ամենալուրջ գործոնը հենց կհանդիսանա Երևանի ընտրված ավագանին,- պատասխանել է Գ. Սահակյանը՝ հավելելով, որ որպես բանակցային գոծընթացի արդյունք, հնարավոր է, նաև տեղեր հատկացվեն արտախորհրդարանական ուժերին և ընդդիմությանը ևս՝ պայմանավորված նրանց առաջարկներով։

Գ. Սահակյանը չի բացառել, որ հնարավոր է՝ տեղեր հատկացվեն նաև ՀՅԴ-ին, քանի որ իրենց քաղաքական սկզբունքը քաղաքական դաշտից որևէ մեկին չօտարելն է.

-Իհարկե, ես համարում եմ, որ հնարավորությունը կա, բայց նման յուրաքանչյուր մոտեցում քննարկման խնդիր է, անձի պատասխանի խնդիր չէ։ Բայց սկզբունքորեն ասում եմ՝ այո՛։

Քաղաքային իշխանությունների աշխատանքներին «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության մասնակցության մասին Գ. Սահակյանը որևէ որոշակի բան չի ասել, սակայն նշել է, որ այն խորհրդարան պատահականորեն անցած կուսակցություն է և դեռևս մեծ կենսափորձի կարիք ունի.

-Այսինքն՝ ավելի շատ լրագրողական աշխատանք  է այսօր խորհրդարանում անում, քան պատգամավորական կամ քաղաքական։

Այս խորագրի վերջին նյութերը