Մեկնաբանություն

01.08.2012 14:44


Շահնազարյանի տվայտանքները. մարդն աշխատանք է փնտրում

Շահնազարյանի տվայտանքները. մարդն աշխատանք է փնտրում

Քանի դեռ ՀԱԿ–ը շարժվում էր իշխանության հետ երկխոսություն սկսելու մարտավարությամբ, Սերժ Սարգսյանի «ականները» երդվյալ կոնգրեսականներ էին և Լևոն Տեր–Պետրոսյանի ջերմեռանդ պաշտպաններ։ Հիմա նրանք արդեն առանց քաղաքական շպարի են հանդես գալիս և երդվյալ սերժականներ են, այսինքն՝ բնական վիճակի մեջ են հայտնվել։ Խոսքս մասնավորապես վերաբերում է Դավիթ Շահնազարյանին։

Ուշագրավն այն է, որ ի տարբերություն մյուս «երդվյալների», ովքեր ՀԱԿ–ից դուրս գալուց հետո գոնե ձևականորեն խոսում են ավելի արմատական լինելու ու փողոցից տուն չգնալու պատրաստակամության մասին և փորձում են միայն «տակից» ծառայել իշխանությանը, Շահնազարյանը ձևականությունների հետևից չի ընկնում ու բաց տեքստով է պաշտպանում ՀՀԿ ղեկավարին։

Սերժանպաստ «երկխոսության» դադարեցումից դժգոհ և իշխանափոխության հնարավորությամբ մտահոգ Դավիթ Շահնազարյանն այժմ հայտնվել է հեռուստատեսություն–ռադիո–կայք–թերթ «տռասի» վրա և «non stop» ռեժիմով ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին։

ՀԱԿ–ի նախկին անդամին հանգիստ չի տալիս այն, որ քաղաքական օրակարգում հայտնվել է «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ծրագիրը։ Դա է պատճառը, որ նա «թունդ ընդդիմադիրի» կարգավիճակով հանդես է գալիս ... ԲՀԿ–ի և ՀԱԿ–ի, մասամբ նաև ՀՅԴ–ի դեմ։ Ի դեպ, սերժանպաստ այդ գործում նա մրցակցում է մյուս «ընդդիմադիրների»՝ «Սերժ Սարգսյան մինուս կոնսենսուս» ծրագրի ջատագովներ արամզավենիչների, «Ժառանգության» առանձին անդամների, «Ազատ դեմոկրատների», հմայակհովհաննիսյանների ու նմանատիպ այլ սուբյեկտների հետ։

Շահնազարյանին հանգիստ չեն տալիս նաև Արթուր Բաղդասարյանի և Արտաշես Գեղամյանի դափնիները, բայց պետք է նկատենք, որ ինչքան էլ նա ջանք թափի, չի կարողանա հասնել ԱԽՔ–ին ու «դհոլին»։ Նախ կատարողական վարպետությունն է կաղում, և բացի այդ՝ «քաղաքական» նախադրյալներ չկան։

Արթուր Բաղդասարյան դառնալու համար Շահնազարյանը նախ պետք է կարողանա նախագահական ընտրություններում ահագին ձայն հավաքել, երրորդ տեղը գրավել ու հետագայում Սերժի կողմն անցնելով՝ «քցել» ընտրողներին։ Համաձայնե՛ք, որ «երկխոսության» դադարեցման պատճառով ՀԱԿ–ից դուրս եկած մարդու համար դա անհնար է իրագործելը։ Ընտրողներն այն ժամանակ չգիտեին, որ Արթուրը «Նատաշա» է, ու դրա համար էլ ձայն էին տվել նրան, իսկ Դավիթի պարագայում ամեն ինչ «ափաշքարա» է «էս գլխից», և հետևաբար՝ ՕԵԿ ղեկավարի անցած ուղու կրկնությունը նրա մոտ չի ստացվի։

Ինչ վերաբերում է Շահնազարյանի գեղամյանացմանը, ապա դա հնարավոր է միայն Սերժ Սարգսյանի իշխանությանն իրական վտանգ ներկայացնողների դեմ «ընդդիմադիր» դիրքերից «դհոլություն» անելու մասով, իսկ ահա ՀՀԿ–ի ցուցակում Դավիթը հազիվ թե հայտնվի։ Պատճառն այն է, որ ԱԱԾ նախկին ղեկավարը լավ է որսացել իշխանական քարոզչամեքենայի կոդերն ու դրանք «ռասկրուտկա» է անում Արտաշես Մամիկոնիչի էնտուզիազմով, սակայն Շահնազարյանն իրեն մատուցելու և գին բարձրացնելու ձևերը չգիտի։ Այդ առումով նա Գեղամյանի համեմատ սկսնակ է։

Դատե՛ք ինքներդ. եթե Սերժին պաշտպանելը Դավիթը հիմնավորում է «գաղափարական» սկզբունքներով, ապա ինչո՞ւ պետք է Սերժը նրան աշխատանք կամ այլ բան առաջարկի։ Չէ՞ որ «գաղափարներն» անգին են։

Մի խոսքով, Դավիթ Շահնազարյանին խորհուրդ կտայինք վերապատրաստման կուրսեր անցնել Գեղամյանի մոտ և ամեն դեպքում մի քիչ ծանր պահել իրեն, այլապես Սերժը «կերկխոսացնի» ու ոչ մի բան էլ չի տա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը