Մեկնաբանություն

01.08.2012 19:00


«Բարեշրջված» մառազմ

«Բարեշրջված» մառազմ

Վարչապետ դառնալուց հետո Տիգրան Սարգսյանը սկսեց խոսել «երկրորդ սերնդի» բարեփոխումներից, ավելի ճիշտ՝ բարեշրջումներից։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց և պարզ դարձավ, թե ինչ բարեշրջումների մասին էր խոսքը։

Փորձը ցույց տվեց, որ որքան շատ է վարչապետը խոսում բարեշրջումից, այնքան տնտեսության վիճակն ու պետության կողմից քաղաքացիներին ծառայություններ մատուցելու որակն ընկնում է։

Բերեմ կոնկրետ օրինակ. վերջերս Երևանում մեծ շուքով բացեցին ավտոմեքենաների հաշվառման պետավտոտեսչության միասնական  կենտրոնը, որը փոխարինեց մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններում տեղակայված համանման կետերին, և որն իբր պետք է մեկ պատուհանի սկզբունքով սպասարկեր ավտոսիրողներին։ Հայ ժողովրդին այդ ամենը ներկայացվեց որպես ոստիկական համակարգում առաջընթացի ապահովում։

Մեզ դիմած քաղաքացին, սակայն, պնդում է, որ «Գաջի գործարանի» մոտ գտնվող այդ կենտրոնում իսկական մղձավանջ է։ Բանն այն է, որ սարսափելի հերթեր են կուտակվում, և մարդիկ պարզապես ժամերով նվաստացման ու տանջանքների են ենթարկվում՝ կիզիչ արևի տակ սպասելով։

Եթե պետությունը որոշել է մեկ կենտրոնով սպասարկել քաղաքացիներին, ապա դա լավ գաղափար է, բայց եթե կենտրոնացված համակարգ է ներդրվում` առանց հաշվի առնելու դիմողների հոսքը և դրա հետ կապված կազմակերպչական խնդիրները, ապա բարեշրջում կոչվածը վերածվում է չարեշրջման։

Այս իշխանության տեսակն ու իրական նպատակները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ կենտրոնացված համակարգ է ստեղծվել, որպեսզի փողը մեկ տեղ հավաքվի, և մեկ պատուհանով վերև հասնի։

Գնալով ավելի ես համոզվում, որ այս իշխանության լավագույն բարեփոխումն այն կլինի, որ իրանք ոչինչ չձեռնարկեն, այլապես պատուհաս են դառնում մարդկանց գլխին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը