Մեկնաբանություն

02.08.2012 13:20


Ոչ օլիմպիական ուրախություն

Ոչ օլիմպիական ուրախություն

Դատելով սերժական լրատվամիջոցների հրապարակումներից և քողարկված հրճվանքից՝ նախագահական նստավայրում ցնծություն են ապրում Լոնդոնում տեղի ունեցող օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի անդամների անհաջողություններից։

Տպավորությունն այնպիսին է, որ մեր մարզիկների յուրաքանչյուր սայթաքում աննկարագրելի ուրախություն է պարգևում «անկախ» մամուլին և դրա պատվիրատուներին։ Պատճառը պարզ է. լրացուցիչ հնարավորություն է ստեղծվել  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ մի բան գրելու։

Պալաչից «պասլատ» լինելուց հետո «անկախ» լրատվամիջոցները մի պահ դեպրեսիայի մեջ էին ընկել ու ԲՀԿ ղեկավարի դեմ գրոտելու մասով անգործության մատնվել, սակայն օգնության հասան ծանրամարտիկները, ու ամեն ինչ իր տեղն ընկավ։

Հիմա տարերքի մեջ են ընկել նաև սոցիալական ցանցերում վխտացող իշխանական «ֆեյքերն» ու նրանց հավասարեցված անձինք։

Պատկերացնու՞մ եք, թե իշխանությունն ինչ աստիճանի պետք է խրված լինի ներքաղաքական բանսարկությունների մեջ և մտածի բացառապես սեփական վերարտադրության մասին, որ առաջնորդվի «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով։ Տվյալ դեպքում «որքան վատը» վերաբերում է երկրի մարզական վարկին։

Պարզապես ծիծաղելի է այն, որ տարիներ շարունակ Հայաստանից փախած, ամերիկաներում ընդդիմություն խաղացած ու նախագահի խորհրդականի անիմաստ պաշտոնն զբաղեցնելու առաջարկն ստանալուն պես Գեղամյան դարձած մեկն այժմ դատողություններ է անում մարզական մենեջմենթի և այլ բաների մասին։

Ցավալի է արձանագրել, որ մարզական սխրանքներ գործած ու հայ ժողովրդի հպարտության առարկան դարձած Յուրի Վարդանյանը հիմա վերածվել է ներքաղաքական հարաբերություններում օգտագործվող մանրադրամի։ Բայց դա միայն ի՛ր ողբերգությունը չէ։ Դա բոլորի՛ս ողբերգությունն ու միաժամանակ ամոթն է։ Ամոթ այն բանի համար, որ հանդուրժում ենք Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը, որն էլ իր հերթին «փչացնում» է ամեն ինչ ու ամենքին՝ հանուն իր աթոռապաշտության։

Այն որ ձախողման ենթարկված մարզիկներն ու մարզական ղեկավարությունն արժանի է քննադատության, երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց չի կարելի ընդհանուր անհաջողությունը դարձնել քաղաքական պայքարի գործիք և մատնել սեփական չարությունը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Հաշվի առնելով վերջին տարիներին մեզ մոտ տիրող բարոյահոգեբանական վիճակը և երկրի անկումը՝ կարող ենք ասել, որ եթե Հայաստանը ներկայացնող օլիմիպիականներից որևէ մեկը թեկուզ մեկ մեդալ էլ բերի, դա արդեն պետք է համարել լրջագույն հաղթանակ, քանի որ մեր մեդալակիրն այդ դեպքում հաղթած կլինի ոչ միայն իր օտարազգի մրցակիցներին, այլ նաև Հայաստանի իշխանական պալատներում նստած այն մարդկանց, ովքեր սրտատրոփ սպասում են իր պարտությանը, որպեսզի էժանագին թամաշա սարքեն։ Դե ուրեմն եկեք հաջողություն մաղթենք մեր այն մարզիկներին, ովքեր դեռ պայքարի մեջ չեն մտել ու սրտատրոփ սպասենք նրանց հաղթանակներին։

Այս խորագրի վերջին նյութերը