Մեկնաբանություն

03.08.2012 15:38


Օրինական կոռուպցիա

Օրինական կոռուպցիա

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի նախագահ և Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է շուրջ երեք անգամ։

Պետության և սերունդների հաշվին դրսից փող բերելն ու այստեղ մսխելը դարձել է այս իշխանության գործելաոճը։ Ու որպեսզի այս ամենը քողածածկվի, Տիգրան Սարգսյանը պարբերաբար խոսում է օլիգոպոլիաների դեմ պայքարի, կոռուպցիայի վերացման և նման այլ բաների մասին։

Կյանքը, սակայն, ցույց է տալիս, որ ինչքան շատ են «բարեշրջիչները» խոսում կոռուպցիայի դեմ պայքարից, այնքան կոռուպցիան ավելի կենտրոնացված ու կատարելագործված տեսք է ստանում. ցինիզմն ու փարիսեցիությունը չափ ու սահման չեն ճանաչում։

Բերեմ մեկ օրինակ, որից պարզ կդառնա, թե ինչպես են սրանք դրսից բերած փողն օգտագործում։

Առիթ եղել է «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի մասին գրելու (տե՛ս http://7or.am/am/news/view/38031/«Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» կոչված կառույցը, որը ղեկավարում է ՀՀ էկոնոմիակայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը, հենց այդ գիլյոտինի ֆունկցիան կատարելու համար է ստեղծված։ Այդ կենտրոնը զբաղվում է ՀՀ օրենսդրության սխալները շտկելով, որի համար դրսից մոտ 2 մլն եվրո է բերվել։

Փաստորեն, Կառավարությունն ու օրենսդիրները (չհաշված նախագահի աշխատակազմը) համատեղ ջանքերով և հարկատուներիս հաշվին օրենքներ են ընդունում, բայց պարզվում է, որ դրանք անորակ են, ու կարիք կա գիլյոտին կիրառելու։

Ուշագրավն այն է, որ օրենքներից շատերը գրվում են դրսից բերված դրամաշնորհներով կամ այլ խողովակներով։ Այսինքն՝ ստացվում է, որ իշխանությունը նախ դրսից փող է բերում ու դրանք «լվանում» օրենք գրելու և ընդունելու վրա, որից հետո կրկին փող է բերում, որպեսզի ընդունած օրենքները «գիլյոտինավորի»։ Սա, ըստ էության, օրինական կոռուպցիայի ձև է և գումարների անարդյունավետ օգտագործման վառ օրինակ։

Ինչի՞ համար է ստեղծվել «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնը»։ Ինչի՞ համար են ընդհանրապես նման «կենտրոնները»։ Որպեսզի մի երկու թուղթ մրոտեն ու 2 մլն եվրո՞ մսխեն։ Եվ այս մարդիկ զբաղվում են կոռուպցիայի դեմ պայքարո՞վ։

Կարելի է բազում այլ օրինակներ բերել, սակայն այս մի դեպքն էլ հերիք է՝ պատկերացնելու համար, թե ինչպես են «երկրորդ սերնդի» բարեփոխման լոզունգով կառավարողներն իրականում «նոր սերնդի» կոռուպցիայով զբաղվում կամ առնվազն անիմաստ վատնում հանրապետություն մտած գումարները։

Վիճակը շտկելու միայն մեկ ձև կա. առաջնորդվել ՀՀ Սահմանադրության 1–ին ու 2–րդ հոդվածներով և համապատասխան իշխանություն ձևավորել, իշխանություն, որը կգնա համապարփակ բարեփոխումների ճանապարհով։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը