Մեկնաբանություն

03.08.2012 17:49


Դավիթ Շահնազարյանը մանդատի կռի՞վ է արել

Դավիթ Շահնազարյանը մանդատի կռի՞վ է արել

«7օր»–ին» հաջողվել է պարզել Կոնգրեսում Դավիթ Շահնազարյանի քաղաքական գործունեությունը կասեցնելու իրական պատճառները։ Դրանց մեջ ԲՀԿ-ի մասին որևէ խոսք չի եղել։

Մեր ունեցած տեղեկություններով՝ Շահնազարյանն առնվազն 10 հոգու ներկայությամբ իր բուռն զայրույթն է արտահայտել ՀԱԿ համամասնական ցուցակում Գագիկ Ջհանգիրյանի և Խաչատուր Սուքիասյանի գրաված տեղերի առիթով: Ինքը` Շահնազարյանը, եղել է նրանցից հետո, ինչն էլ հունից հանել է մանդատի ակնկալիք ունեցող այդ գործչին։

Ասում են, թե Շահնազարյանը համարել է, որ Ջհանգիրյանն ու Սուքիասյանն ընդհանրապես չպիտի լինեին ՀԱԿ ցուցակում։ Նա հայտարարել է, որ ա՛յդ պատճառով դուրս է գալիս համամասնական ցուցակից և սպառնացել է մեծամասնականով առաջադրվել հենց 10-րդ ընտրատարածքում ու պայքարել Սուքիասյանի դեմ։

Ըստ աղբյուրի՝ այս վերջին քայլը նա չի կատարել, հավանաբար, այն պատճառով, որ դա կբացահայտեր Կոնգրեսից դուրս գալու իրական շարժառիթը։

Մենք փորձեցինք լուրը ճշտելու համար մեկնաբանություն ստանալ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից: Ի պատասխան մեր հարցման, թե արդյոք նման բան եղե՞լ է, Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանեց. «Առանց մեկնաբանության»:

Մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ Դավիթ Շահնազարյանից, ով, սակայն, լսելով, որ իրեն զանգահարել է «7օր»–ի լրագրողը՝ չի ցանկացել լսել հարցը և ասել է՝ ցտեսություն ձեզ, ու  հեռախոսն անջատել։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, որ Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակից դուրս է եկել և դադարեցրել է իր քաղաքական գործունեությունը ՀԱԿ-ում, սակայն շարունակում է մնալ ՀՀՇ անդամ:

Ուշագրավն այն է, որ համաձայն ՀԱԿ հռչակագրի՝ այն ստորագրած կուսակցությունների անդամներն ինքնին համարվում են Կոնգրեսի անդամ։ Միայն անկուսակցականներն են, որ կարող են անհատապես անդամագրվել Կոնգրեսին կամ դուրս գալ։ Հիմա դժվար է ասել, թե ի՞նչն է Շահնազարյանին պահում ՀՀՇ–ում, մանավանդ որ ԱԱԾ նախկին ղեկավարը զբաղված է բացառապես Սերժ Սարգսյանի շահերի սպասարկմամբ։ Թե ինչ կկարողա Շահնազարյանը «կպցնել» այդ ամենի արդյունքում, Գեղամյանը կիմանա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը