Մեկնաբանություն

04.08.2012 15:26


Սերժի «դաբրոյի» մասին միֆը

Սերժի «դաբրոյի» մասին միֆը

Իշխանական քարոզչամեքենան ջանք ու եռանդ չի խնայում «Սերժ ամենակարողի» մասին առասպելներ տարածելու համար։ Ըստ այդմ՝ ցանկացած բան, որը տեղի է ունենում քաղաքական դաշտում, ներկայացվում է որպես «Սերժի «դաբրո»»–ի արդյունք։ Լավատեղյակների մոտ այդ ամենն, իհարկե, քմծիծաղ է առաջացնում, բայց դե անտեղյակների վրա կարող է մի որոշ շրջան տպավորություն թողնել։

Ճիշտ է, ժամանակի ընթացքում նույնիսկ անտեղյակներն են զգում, որ «Սերժի «դաբրո»»–ի մասին տարածվող լուրերն իրականում դատարկ փուչիկ են, բայց դե Բաղրամյան 26–ում այլ տարբերակ չեն տեսնում, քան բռնած գծով առաջնորդվելը։ Արդյունքում՝ անհարմար ու ծիծաղելի վիճակի մեջ են հայտնվում բոլոր այն լրատվամիջոցները, որոնք «անկախ» դիրքերից «վերլուծություններ» ու «գնահատականներ» են ներկայացնում այս կամ այն քաղաքական երևույթի վերաբերյալ։

Սրանք հենց նեղն են ընկնում ու հասկանում, որ ձեռքները ճար չկա (օրինակ՝ Գյումրիում), ներկայացնում են, թե Սերժ Սարգսյանի գիտությամբ է ՀՀԿ–ն նահանջել, քանի որ այդպես է նպատակահարմար, բայց դե միայն «հավերը» կարող են հավատալ այդ թեզին։

«Սերժի «դաբրո»»–ի և «Սերժ ամենակարող»–ի թեմաներով ամենախոխմա բանը սպասվում է նախագահական ընտրությունների ժամանակ։

Հիմա սերժական լրատվամիջոցները գրում են, թե ԲՀԿ–ն պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը կամ նախագահական ընտրություններից հետո միանալու է Սերժին։

Հետաքրքիր է, թե ի՞նչ են գրելու նույն այդ լրատվամիջոցները, երբ ԲՀԿ–ն դեմ դուրս գա (այդպես էլ լինելու է, չկասկածե՛ք) Սերժին ու այնպես ստացվի, որ «Վերարտադրություն» օպերացիան տապալվի։ Ըստ ամենայնի՝ սերժական լրատվամիջոցները կգրեն, թե Սերժը պարտվեց նախագահական ընտրություններում իր իսկ «դաբրոյով»։

«Սերժը զիջեց նախագահի աթոռը, որպեսզի ծուղակը գցի միասնական շտաբի անդամներին, քանզի Հայաստանն այնպիսի տնտեսական վիճակի մեջ է, որ միայն անհեռատեսը կգնար Բաղրամյան 26»,– սրտի խորը կսկիծով կգրեն «անկախ» լրագրողներն ու կգնան Սերժի, կներեք՝ Մաշտոցի պուրակ, բայց մեծ հիասթափություն կապրեն, քանզի երիտօլիգարխիային այնտեղ չեն գտնի։

Պատկերացնել կարելի թե, որքան լրատվամիջոց ու լրագրող է հայտնվելու «Սերժի պուրակում», երբ պարզ դառնա, որ ՀՀԿ ղեկավարը սեփական «դաբրոյով» պարտվել է նախագահական ընտրություններում։  Այդ դեպքում Հայաստանում գործազուրկների քանակը կավելա մի 100-150 հոգով, բայց փոխարենը հազարավոր և նույնիսկ տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր կբացվեն։ Այնպես որ, ճիշտը Սերժին՝ «դաբրոյով» հեռացնելն է։ Ու թե դրանից հետո ի՞նչ կգրեն, արդեն թողնում ենք երիտօլիգարխիայի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հովերով տարված լրագրողների երևակայությանը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը