Լրահոս

04.06.2009 11:24


Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Երևանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններում, ինչպես նաև նախընթաց նախընտրական ժամանակաշրջանում Հայաստանում կատարվել է աննախադեպ ընտրական զեղծարարություն։ Դրան մասնակցել են ոչ միայն իշխող կոալիցիայի կուսակցությունները՝ ավանդական դարձած մեթոդներով, այլև  ամբողջատիրական /տոտալիտար/ մեթոդներով դրան է ծառայեցվել ողջ պետական համակարգը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և համակարգմամբ: Օգտագործվել են հատկապես հանրության խոցելի խավերը։

Պաշտպանության նախարարությունն ապահովել է զինվորների և այլ զինծառայողների ապօրինի քվեարկությունը, ինչի մասին կան արձանագրումներ և հրապարակումներ։ Քվեարկությանը մասնակցելու նպատակով, ՊՆ գաղտնի հրահանգով նրանց զանգվածաբար ապօրինի արձակուրդներ են  տրամադրվել, մասնավորապես շեշտելով, որ դա արվում է նաև զինվորների և այլ ծառայողների ընտանիքների անդամների, բարեկամների և համակիրների վրա ներազդելու, ցանկալի քվեարկության հասնելու նպատակով: Փաստորեն զինծառայողներն օգտագործվել են որպես պատանդներ՝ նրանց մերձավորների վրա ազդելու նպատակով:

Հիվանդանոցների և հանրակրթական դպրոցների ղեկավարներին հանձնարարվել է պատրաստել իշխանությունների թեկնածուի օգտին քվեարկողների, այսպես կոչված, 100-տոկոսանոց ցուցակներ, որոնք օգտագործվել են քվեարկության օրը։ Չնայած մինչ այդ մամուլում այդ մասին բազմաթիվ հաղորդումների, դրանց հանցավոր կերպով չեն արձագանքել ոչ դատախազությունը, ոչ ոստիկանությունը:

Պետական տարատեսակ մարմիններին, մասնավորապես համապասխան նախարարություններին և կենսաթոշակային հիմադրամին, ինչպես նաև համատիրություններին իջեցված հրամաններով նախապես կազմվել են սոցիալապես անապահով մարդկանց ցուցակները, որոնցով առաջնորդվել են ընտրակաշառք բաժանողները:

Մանր ու միջին բիզնեսի ներկայցուցիչների վրա դրվել են տուգանքներ, ապա դրանք հանվել են՝ որոշակի քվեարկության խոստման դիմաց։

Ոստիկանության և թաղային հեղինակությունների, կրիմինալ հակումներ ունեցողների միջոցով ճշտվել են տարատեսակ խնդիրներ ունեցող ընդդիմության համակիրները, նրաց ահաբեկել են՝ չմասնակցել ընտրություններին: Ընդհուպ՝ զանգվածաբար ժամանակավորապես առգրավվել են նրանց անձնագրերը ընտրություններում նրանց մասնակցությունը բացառելու նպատակով:

Ընտրական ցուցակները պարունակել են բազմաթիվ կեղծիքներ, մասնավորապես՝ գոյություն չունեցող շենքեր և տներ՝ անհայտ բնակիչներով, մեկ տանը մի քանի տասնյակ անհայտ մարդկանց գրանցում, մեռած հոգիներ, Երևանում հաշվառում չունեցող անձինք:

Քվեարկության օրվան նախորդող երեկոյան և գիշերը իրականացվել է ընտրակաշառքի զանգվածային բաժանում:

Քվեարկության օրը

  1. 8.00-11.00 ժամանակշրջանում ամբողջ քաղաքում իրականցվել է կաշառված ընտրազանգվածի քվեարկության օպերացիան: Առկա բոլոր տեսակի տրանսպորտային ծառայությունները, ներառյալ տաքսու և երթուղային ծառայություները, հատուկ խմբերի վերահսկողությամբ և նախապես պատրաստված ցուցակներով փոխադրել են ընտրակաշառք ստացած քաղաքացիներին, տարբեր մեթոդներով վերահսկել են նրանց քվեարկությունը: Այդ պատճառով բոլոր քվեատուփերում իշխող կոալիցիայի օգտին քվեարկած քվեաթերթիկները գտնվել են քվեատուփի ներքևի մասում: Գյումրիից, Վանաձորից, այլ քաղաքներից  քաղաքային իշխանությունների և ոստիկանության աջակցությամբ ավտոբուսներով քվեարկության նպատակով Երևան են ուղարկվել նաև հաշվառում չունեցող քաղաքացիների խմբեր, որոնք բազմակի քվեարկել են տարբեր տեղամասերում:
  2. Տեղամասերի մեծամասնության մոտակայքում ստեղծվել են կասկածելի անձանց կուտակումներ, որոնք ճնշումներ են գործադրել ընտրողների վրա՝ ստիպելով քվեարկել հօգուտ իշխող կուսակցությունների և բազմաթիվ դեպքերում խոչնդոտել ընդդիմության համակիրների քվեարկությունը:
  3. Օրվա վերջում նախապես ճշտված ցուցակներով կազմակերպվել է քվեարկություն՝ բացակաների, մեռած հոգիների, ինչպես նաև քվեարկությանը հաստատապես չմասնակցողների փոխարեն:

 

Այսպիսով, Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում կիրառված ընտրակեղծիքների տեխնոլոգիաները ապացուցում են, որ Հայաստանում ստեղծվել է դեմոկրատական ֆասադով քրեապետական ամբողջատիրական /տոտալիտար/ պետական համակարգ: Երկրի վարչախումբը ըստ էության վերածվել է խունտայի, որը պետական իշխանության լծակներ և քրեական աշխարհի միաձուլմամբ ստեղծել է համատարած ահաբեկման մի ապարատ, որըն այսօր կարողանում է ազդել ցանկացած ընտանիքի վրա։:

Հայ Ազգային Կոնգրեսը բարձացրել է  մարդատյաց ու ազգակործան այս համակարգի դեմ պայքարի դրոշը: Մենք երկրի բոլոր դեմոկրատական քաղական ուժերին կոչ ենք անում համախմբվել ժողովրդավարության հաստատման համար մղվող այս պայքարում:

03.06.2009թ.

Այս խորագրի վերջին նյութերը