Մեկնաբանություն

06.08.2012 23:21


Փնտրվեում է Գեղամյան. Րաֆֆի, Արամ ու Դավիթ չառաջարկել

Փնտրվեում է Գեղամյան. Րաֆֆի, Արամ ու Դավիթ չառաջարկել

Նախագահական ընտրություններն արդեն մոտենում են։ Իշխանական թևից, բնականաբար, առաջադրվելու է Սերժ Սարգսյանը։

Դեռևս պարզ չէ, թե ինչպես կվարվեն Հայաստանում դրական փոփոխություններ իրականացնելու կամ որ նույնն է՝ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» բանաձևով առաջնորդվելու կողմնակիցները։ Մոտակա մեկ–երկու ամսում վերջնականապես կճշտվի, թե արդյոք քաղաքական ինքնուրույնություն ունեցող ուժերը հանդես կգան միասնակա՞ն թեկնածուով, թե՞ միասնական ճակատ կազմելով հանդերձ՝ սկզբնական փուլում կառաջադրեն առանձին թեկնածուներ։

Ամեն դեպքում ակնհայտ է, որ հիմնական պայքարն ընթանալու է Սերժ Սարգսյանին ուղղակի կամ անուղղակի՝ գեղամյանավարի, սատարող ուժերի  և ԲՀԿ–ՀԱԿ–ՀՅԴ տիրույթը ներկայացնող սուբյեկտների միջև։

Ի դեպ, Սարգսյանին գեղամյանավարի սատարող ուժերի մասին։

2013թ. նախագահական ընտրությունների առանձնահատկություններից մեկը կլինի այն, որ ՀՀԿ ղեկավարը չի ունենա կողքից «դհոլություն» անող մեկը, ով «ընդդիմադիր» դիրքերից կքննադատի իշխանության թեկնածուի հիմնական մրցակցին ու կփորձի մոլերեցնել ընտրողների մի մասին։ Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ այժմ գեղամյանների պակաս կա։ Դրանք լիքն են, բայց վաղուց բացահայտված են ու չեն ձգում «դհոլի» դերին։

Իշխանությունը սկզբում փորձում էր որպես «գեղամյանացու» աճեցնել «Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» համատեղ ցուցակը գլխավորած Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց  նա ԱԺ ընտրությունների ժամանակ տապալեց ստուգարքը, քանի որ անգամ իշխանության անթաքույց աջակցության պարագայում չկարողացավ ՀԱԿ–ից շատ տոկոս ստանալ և դառնալ տիտղոսային ընդդիմություն։ Ր. Հովհաննիսյանին հիմա այլ բան չի մնում, քան մանդատ վերցնել–չվերցնելու «շեքսպիրյան» հարց լուծելը։

Րաֆֆիի տապալվելուց հետո իշխանությունը «Նեոգեղամյանի փնտրտուք» ծրագրի շրջանակներում խաղի մեջ մտցրեց Արամ Զավենի Սարգսյանին, բայց ամեն ինչ այնքան անտաղանդ արվեց, և ամեն ինչ այնքան բացահայտ էր, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարն ընդամենը կարողացավ նախապես ճշտված տեքստով ճեպազրույց և իշխանական կայքերից մեկին «պրիվատ» հարցազրույց տալ, ու փողոցը գրավելու մտադրությամբ... գնալ տուն։

Բացի այդ՝ Արամի եղբայր Արմեն Սարգսյանն ավելի ազնիվ գտնվեց ու բաց հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն իրենց ընտանիքի բարեկամն է։ Դրանից հետո համապատասխան մարդիկ հասկացան, որ «աստվածավախ» Զավենիչի մասով ոչինչ չի ստացվի։ Հասկացան, ու նրա թեման փակվեց։

Սերժի համար գեղամյանություն անելու դերին հավակնում է նաև ցուցակային տեղի համար ՀԱԿ–ից նեղացած ու «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» բանաձևի պատճառով քունն ու դադարը կորցրած Դավիթ Շահնազարյանը։ Տվյալ դեպքում մենք, թերևս, գործ ունենք ինքնաառաջադրման հետ։

Նկատենք, սակայն, որ նախագահականը մեծ ցանկության դեպքում անգամ չի կարողանա որպես Գեղամյան օգտագործել Շահնազարյանին, քանզի նա այնպես է ինքնաբացահայտվում ու այնպես ինքնամոռաց է Սերժ Սարգսյանին պաշտպանում, որ իշխանությունն ավելի շուտ Րաֆֆու բեղերը ետողորմյա անելու և այդպիսով ընտրողին գերելու «կրեատիվ» ծրագիր կիրականացնի, քան թե  կօգտագործի «պալիտ» եղած ԱԱԾ նախկին ղեկավարին։

Այսպիսով՝ իշխանությունները լուրջ խնդիրներ ունեն այս ընտրություններում Արտաշես Գեղամյանի ու Արթուր Բաղդասարյանի դերակատարների բացակայության առումով։ Այդ խնդիրներն են, որ ստիպել են նախագահականի երիտթևին արհեստականորն «ռասկրուտկա» անել տարատեսակ «քաղաքացիական» նախաձեռնություններին։ Գեղամյանի ֆունկցիան, ըստ ամենայնի, հենց «ակտիվիստներն» են կատարելու, բայց դե ակնհայտ է, որ դա գրեթե զրոյական PR–արդյունք կտա։ Մոտավորապես այնպիսին,  ինչպիսին Սերժ Սարգսյանի այցելությունն էր տխրահռչակ Մաշտոցի պուրակ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը