Մեկնաբանություն

09.08.2012 18:01


«Պալաչի վկաները» – 2

«Պալաչի վկաները» – 2

Իշխանական քարոզչամեքենան շարունակում է զվարճացնել շատերին ու նորանոր «գոհարներ» մատուցել հանրությանը։

Բաղրամյան 26–ից սնվող լրատվամիջոցներն իրենց ու ընթերցողներին անընդհատ փորձում են համոզել, որ Արևմուտքը պաշտպանում է Սերժ Սարգսյանին, և որ Սարգսյանն ամենաքաղաքացիականն է բոլոր արևմտամետ քաղաքական գործիչների և ամենաարևմտամետը՝ քաղաքացիականների մեջ։

Իշխանամետ լրատվամիջոցների գործունեությանը հետևելիս նաև պարզվում է, որ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին պաշտպանում է ոչ անհայտ «Պալաչին» ու չի կարողանում իր տեղը գտնել վերջինիս հայտարարությունից հետո, հայտարարություն, որտեղ ներողություն էր խնդրվել Գագիկ Ծառուկյանից։

Հիմա եթե ի մի բերենք նախագահականի քարոզչամեքենայի ներկայացրած կոդերը, ապա կստացվի հետևյալ պատկերը. Արևմուտքը պաշտպանում է Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանը պաշտպանում է «Պալաչին», և հետևաբար ստացվում է, որ Արևմուտքը միջնորդավորված կերպով («չերեզ» Սերժ) պաշտպանում է «Պալաչին», կամ եթե հակառակ կողմից նայենք, ապա «Պալաչը» արևմտամետ գործիչ է դառնում։

Թե ինչ են ուզում սրանով ասել նախագահականի ջիգիթները և նրանց ենթակա «վերլուծաբանները», դժվար է հասկանալ. այդքան վառ երևակայություն չունենք։ Մեկ բան միայն ակնհայտ է՝ իշխանությունը հիմա դարձել է «Պալաչի վկա» և ուզում է պալաչատիպ «քաղաքացիականների» վրա հենվելով՝ վերարտադրվել։ Շատ «խոխմա» վիճակ է։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Տեսնես Արևմուտքում գիտե՞ն, որ իրենք պաշտպանում են Սերժ Սարգսյանին և գիտե՞ն արդյոք, որ Հայաստանում արևմտամետ գործիչների շարքին է դասվում նաև ռուսական ծագում ունեցող բառով՝ «Պալաչ» մականունով Արթուր Հարությունյանը։ Նախագահականում այս թերությունը պետք է շտկեն ու այնպես անեն, որ «Պալաչի» մականունը հնչի անգլերենով և դառնա «Executioner» կամ «Punisher»: Այ ա՛յդ դեպքում արդեն որևէ մեկի մոտ կասկածի տեղ անգամ չի մնա, որ «Պալաչն» ու իր «վկաները» լրիվ արևմտամետ գործիչներ են։ 

Այս խորագրի վերջին նյութերը