Լրահոս

04.06.2009 17:52


Ինգա Զարաֆյան. «Սա ոչ թե էկոլոգիական, այլ գոյատևման խնդիր է»

Ինգա Զարաֆյան. «Սա ոչ թե էկոլոգիական, այլ գոյատևման խնդիր է»

Սևանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության և պոչամբարի կառուցման Սոթքի նախագիծը «S.O.S. Սևան» հասարակական շարժման ակտիվիստները համարում են ուղղակի մահացու։

-Մենք հրավիրեցինք Սոթքի նախագծին նվիրված հասարակական լսումներ, որին մասնակցեցին 200-ից ավելի ներկայացուցիչներ ՀՀ նախագահի վարչակազմից, խորհրդարանական խմբակցություններից, քաղաքական, միջազգային կազմակերպություններից, գիտահետազոտական ինստիտուտներից և այլն։  Մենք կարողացանք ապացուցել, որ սա ոչ թե էկոլոգիական, այլ գոյատևման խնդիր է,-ասել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։

Նրա խոսքերով՝ ծրագիրն իրականցնող «GeoProMining» ընկերության գործադիր տնօրեն Դիմա Կալանդադձեն և  «GPM Gold» դուստր ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վարդան Վարդանյանը հայտարարել են, որ եթե ձեռնարկության կառուցման համար թույլտվություն չտրվի, ապա ընկերությունը կհրաժարվի նաև Սոթքի հանքավայրի շահագործումից: Նրա պնդմամբ՝  ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հաստատել է, որ ԱԺ-ում խոսում են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորության մասին:

-Ելնելով հանգամանքներից և մեր երկրի ղեկավարների  դիրքորոշումներից՝ «S.O.S. Սևան» նախաձեռնող խումբը նախապատրաստվում է աշնանային կամպանիան անցկացնել մի քանի ուղղություններով. ուսումնասիրել նման ձեռնարկությունների գործունեության միջազգային փորձը, անցկացնել «GeoProMining» ընկերության գործունեության հասարակական դիտարկում, բնապահպանական պարտավորությունների կատարման ուղղությամբ շարունակել հասարակության լայն շերտերին  տեղեկացնել Սոթքի նախագծին առնչվող իրադարձությունների մասին և շարունակել ստորագրահավաքը,-ասել է Ինգա Զարաֆյանը։

Այս խորագրի վերջին նյութերը