Մեկնաբանություն

12.08.2012 12:10


Ինչի՞ կամ ու՞մ վրա է հույս դրել Սերժ Սարգսյանը

Ինչի՞ կամ ու՞մ վրա է հույս դրել Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը, մեծ հաշվով, հանրային որևէ շերտի աջակցություն չունի, եթե, իհարկե, չհաշվենք ընտրակաշառք վերցնողին կամ շրջիկ խմբի անդամներին։

Ս. Սարգսյանի կառավարումից դժգոհ են բիզնեսի բոլոր շերտերը, այսինքն՝ բուրժուազիան։ Բիզնեսի շերտերից յուրաքանչյուրն իր պատճառն ունի։ Տիգրան Սարգսյանի «բարեշրջումները» տվեցին իրենց արդյունքները. բիզնես մթնոլորտը վատացավ, արտագաղթի հետևանքով սպառման ծավալները նվազեցին, կապիտալը, պատկերավոր ասած, չվեց տաք երկրներ և այլն։ Այսքանից հետո բնական է, որ գործարար խավը, չնչին բացառություններով, պետք է դժգոհ լինի այս իշխանությունից։

Իշխանության գործունեությունից տուժել են ոչ միայն գործատուները, այլ նաև վարձու աշխատողները։ Պատճառները նույնն են, գումարած ինֆլյացիայի հետևանքով աշխատավարձով ապրող մարդկանց վճարունակ պահանջարկի նվազեցումը։  

Թոշակառուներն էլ չեն կարող իրենց երջանիկ զգալ, քանզի Կառավարությունը եթե մի քիչ թոշակ է բարձրացնում, ապա իր քաղաքականությամբ նպաստում է գնաճին, որը խժռում է «բարձրացրած» թոշակը։

Իրենց լավ չեն զգում նաև միջին ու ստորին դասի չինովնիկները։ Սերժ Սարգսյանի նեղ թիմը գերկենտրոնացրել է բոլոր «լեվի» և «պռավի» ֆինանսական հոսքերն ու տակը բան չի թողել։ Գործում է «մեկ պատուհանի կոռուպցիա» սկզբունքը, որի պարագայում պետական ծառայողներն ընդամենը վերածվում են այդ սկզբունքի կյանքի կոչման «պտուտակների»։

Եթե բոլոր այս շերտերին հանենք, ապա կստացվի, որ մեր ժողովրդի շատ նեղ շերտ է իրեն լավ զգում Սերժ Սարգսյանի օրոք։

Լավ զգացողների մեջ առաջին հերթին քաղաքատնտեսական օլիգարխիան է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Օլիգարխիային կցված է ու իրեն վատ չի զգում, այսպես ասած, սպասարկող անձնակազմը՝ քաղաքական հաճախորդներ, «քաղաքացիական ակտիվիստներ», «անկախ» վերլուծաբաններ և այլն։

Սարգսյանին կից գործող երիտօլիգարխիայի շնորհիվ յուղի մեջ տապակվում են ու հանրության լայն շերտերի դժբախտության հաշվին փող են աշխատում նաև Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները։

Այսպիսով՝ վերարտադրման հարցում Սերժ Սարգսյանի հույսն իր նեղ թիմն է, ծախու մամուլը, հաճախորդները, մեծամասնական ընտրատարածքները ներկայացնող «օլիգարխների» կողմից ընտրակաշառվողները և շրջիկ խմբերը։

Սերժ Սարգսյանի հիմնական դաշնակիցները, սակայն, նշյալ սուբյեկտները չեն կամ միայն նշյալ սուբյեկտները չեն։ ՀՀԿ ղեկավարի դաշնակիցները ժողովրդի հիասթափությունն ու հոռետեսությունն են։ Անընդհատ վատ բանի սպասող, ապագայի հանդեպ վատատեսորեն տրամադրված և բայղուշությամբ տառապող մարդիկ ավելի մեծ խոչընդոտ են հանդիսանում դրական փոփոխությունների ճանապարհին, քան երիտօլիգարխիայի գեբելսյան քարոզչամեքենան։

«Միևնույն է ոչինչ չի փոխվի», «Ես ինչ կարող եմ անել», «Սրանց դեմ խաղ չկա», «Սերժն ինչ ուզի կանի» և նմանատիպ այլ ձևակերպումներով ձեռքերը թափ տվողները Ս. Սարգսյանի հիմնական աջակիցներն են ու կապ չունի, որ Սարգսյանին նրանք կարող են ատել կամ չընդունել որպես նախագահ։

Ուշագրավն այն է, որ բայղուշության «գաղափարախոսությամբ» առաջնորդվում են նաև իրենց ընդդիմադիր հռչակած մի շարք գործիչներ։ Ի դեպ, նրանց մեջ կան կեղծավոր և անկեղծ բայղուշներ։  

Կեղծավոր բայղուշները հուսահատության և պարտության քարոզ են տանում որպես Սերժի հաճախորդներ, այսինքն՝ գործում են հստակ ինստրուկցիայով։ Իսկ ահա անկեղծ բայղուշները ներքին համոզմունք ունեն, որ ամեն ինչ վատ է լինելու, Սերժին հնարավոր չի լինելու փոխել, բարեփոխումներ հնարավոր չի լինելու անել և այլն։ Նկատենք, որ ինչքան էլ տարբեր լինեն կեղծ և անկեղծ բայղուշների գործունեության մոտիվացիաները, նրանք միևնույն գործն են անում՝ կամա թե ակամա ամրապնդելով Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Ու դժվար է ասել, թե ովքեր են ավելի մեծ վնաս տալիս հանրությանը՝ «ազնիվ քյարփինջի» կարգավիճակ ունեցող անկեղծ բայղուշնե՞րը, թե՞ հաճախորդները։

Երբ «Սերժ ամենակարողի» միֆը և «Սերժը չարյաց փոքրագույնն է» կոդը տարածում են դավիթշահնազարյանները, արամզավենիչները, «լիբերալ» կենտրոնների մյուս ջատագովները կամ նրանց հավասարեցված անձինք, ապա դա հասկանալի է. մարդիկ «ի պաշտոնե» դրանով պետք է զբաղվեն։

Իսկ երբ մարդն անկեղծորեն չի ընդունում այս իշխանությանը, բայց նույն անկեղծությամբ համոզված է, որ Սերժը վերարտադրվելու է, ապա նա ակամայից վերածվում է իշխանության քարոզչամեքենայի գործիքի, քանզի մարդկանց մեջ հուսահատություն և անելանելիություն է սերմանում։

Երբ մարդը կարծում է, թե իշխանափոխության հասնելու համար պետք է նոր ուժ ծնվի, իսկ  նոր ուժի ռեսուրսը տեսնում է Սերժի, կներեք՝ Մաշտոցի պուրակում, ապա դա առնվազն միամտություն է։ Նոր ուժի ստեղծման գաղափարը վատը չէ, բայց ոչ «Տարո՛ն ջան, սիրու՛ն չի» տիրույթի վրա հենվելով։ Ինչևէ։

Հայաստանում դրական փոփոխության հասնելու համար պետք է փորձել կյանքի կոչել «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» մարտավարական ծրագիրը, այլ ոչ թե «կռկռալ» ու ասել, թե միևնույն է ոչինչ չի ստացվի։ Սերժի հույսը հենց մարդկանց «միևնույն է ոչինչ չի ստացվի» մտածողությունն է։ Մնացած գործն արդեն ընտրակեղծարարներն են անում։ Հետևաբար՝ պետք է նախ մարդկանց մեջից բայղուշությունը հանել, որից հետո արդեն ընտրակեղծարարները, ցնդող թանաքները և անգամ շրջիկ խմբերը ոչնչով չեն կարողանա օգնել Սերժ Սարգսյանին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը