Մեկնաբանություն

13.08.2012 14:28


Օլիմպիադայի մարզական ու ներքաղաքական բաղադրիչները

Օլիմպիադայի մարզական ու ներքաղաքական բաղադրիչները

Ամառային 30–րդ Օլիմպիական խաղերն ավարտվեցին։ Հայաստանի հավաքականի մրցելույթը երկակի տպավորություն թողեց։ Լավն էլ կար, վատն էլ։

Մարզական արդյունքներ և վիճակագրություն. 3–ը «մեծ» է 6–ից

Եթե համեմատելու լինենք Պեկինում տեղի ունեցած նախորդ Օլիմպիադայի հետ, ապա մերոնց դինամիկան դրական է։ Լոնդոնում Հայաստանը բոլոր մասնակից պետությունների թիմային աղյուսակում 4 տարի առաջվա համեմատությամբ 20 տեղով բարձրացել է վերև։ Պեկինում մեր հավաքականը նվաճել էր 6 բրոնզե մեդալ և գտնվում էր 80–րդ տեղում, իսկ այժմ թեև քանակով քիչ մեդալներ են բերել մեր մարզիկները (1 արծաթ և 2 բրոնզ), սակայն որակի հաշվին հայտնվել են 60–րդ տեղում։

Անշու՛շտ, սպասելիքները շատ ավելին էին, և մենք պետք է առնվազն երկու–երեք մեդալ ևս ստանայինք, բայց տարբեր պատճառներով դա տեղի չունեցավ։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրների հավաքած մեդալներին, ապա Հայաստանը հետնապահի դիրքերում է, թեև մյուս կողմից՝ Հայաստանն իր մարզական հաջողությամբ միևնույն հարթության մեջ է հայտնվել Բելգիայի ու Ֆինլանդիայի և առաջ անցել այնպիսի պետություններից, ինչպիսին Բուլղարիան է, Հունաստանը, Կիպրոսը կամ Պորտուգալիան, սակայն դա այնքան էլ գոհացնող չէ, քանզի, օրինակ, Վրաստանն ու Ադրբեջանը մեզանից առաջ են։

Հաշվի առնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ նախադրյալները՝ Լոնդոնյան օլիմպիադան ձախողված չես համարի։

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ մեր դրոշի ներքո հանդես եկած մարզիկներից միայն մեկն է 1996–ին ոսկե մեդալի արժանացել (ըմբիշ Արմեն Նազարյան)։ Դրանից հետո մերոնք արծաթ կամ բրոնզ են նվաճել (1992թ. հայաստանցիներն ԱՊՀ կազմում էին մասնակցում Օլիմպիական խաղերին)։

Ամենաանհաջողը Հայաստանի համար եղել է 2004–ին Աթենքում տեղի ունեցած Օլիմպիադան, երբ ոչ մի մեդալ մերոնք չբերեցին։ Այն ժամանակ ՀԱՕԿ–ը ղեկավարում էր ներկայումս Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը, ում Սերժ Սարգսյանն այն օրերին ունեցած իր ելույթներից մեկում մեղադրանքներ էր ներկայացնում անմեդալ օլիմպիադայի համար՝ նշելով, թե Հայաստանը Էրիտրեան չէ, որ առանց արդյունքի մասնակցի Օլիմպիական խաղերին։ Հետագայում արդեն, ինչպես Սերժ Սարգսյանի հետ հաճախ է պատահում, Իշխան Զաքարյանը դարձավ նրա ամենամտերիմ մարդկանցից մեկը, ում, որպես կանոն, ամենաքստմնելի և էժանագին հանձնարարականներն է տալիս նախագահը։ Փաստորեն, Սարգսյանը սիրում է իրենց ոլորտները տապալած մարդկանց առաջ քաշել, քանզի նրանց ֆոնին հնարավորություն է ստանում հաջողակ մենեջեր երևալու։ Ինչև։

Քաղաքական «օլիմպիադա»

Այս Օլիմպիական խաղերի ժամանակ ներքաղաքական բաղադրիչը շատ մեծ էր։ Հասկանալի պատճառներով՝ նախագահական նստավայրից խոշորացույցով էին հետևում մրցումներին։

Դատելով սերժական լրատվամիջոցների հրապարակումներից՝ Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը սպասում էին պարտությունների, որպեսզի դրանք օգտագործեին Գագիկ Ծառուկյանի դեմ հերթական քարոզարշավն իրականացնելու համար։

Բաղրամյան 26–ում այնքան էին ուզում պարտված Հայաստան տեսնել, որ երբ մեր ծանրորդներից ոմանք անհաջողության մատնվեցին, սրանք ուրախությունից չհամբերեցին ու ժամանակից շուտ բացահայտվեցին՝ «մեյդան» հանելով Յուրի Վարդանյանին, ով աջ ու ձախ հարցազրույցներ էր տալիս մեր մարզիկների ձախողման օրերին, սակայն «լռվեց», երբ մերոնք սկսեցին մեդալներ նվաճել։

Ցավալի էր արձանագրելը, որ երկրի ղեկավարությունը շահագրգռված էր, որպեսզի Հայաստանը ներկայացնող մարզիկները մեդալ չբերեն։ Թերևս երկրորդ նմանատիպ պետություն դժվար կլինի գտնել։

Կարելի է ասել, որ Հռիփսիմեն, Արսենը և Արթուրը մեդալներ ստացան ի հեճուկս, ի ճաք և ի տրաք Հայաստանի իշխանության։ Դա, իհարկե, աբսուրդ է, բայց միևնույն ժամանակ՝ ցավալի իրողություն։

Մեր մարզիկների նվաճած բրոնզն ու արծաթն այս պայմաններում մեծ հաջողություն պետք է համարել։ Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի «բարեշրջումների» արդյունքում զգալի հետընթաց արձանագրած Հայաստանի համար սա իսկական հերոսություն է։  

Գաղտնիք չէ, որ սպորտային հաջողություններն ուղղակիորեն կախված են պետության վիճակից։ Պատահական չէ, որ օլիմպիական առաջատարների հնգյակը գլխավորում են գերհզոր երկրները՝ ԱՄՆ–ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Հարավային Կորեան։

Համոզված եմ, որ եթե մեզանում դրական փոփոխություններ լինեն, ապա դա անմիջապես կազդի նաև մարզական ցուցանիշների վրա, և մենք արդեն կշատացնենք մեր արծաթն ու բրոնզը, ինչպես նաև ոսկի կունենանք։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Սերժական լրատվամիջոցները հիմա ջանք ու եռանդ չեն խնայում՝ սևացնելու համար մեր օլիմպիականների ձեռքբերումները։

Լոնդոնում տեղի ունեցած Օլիմպիադան, բնականաբար, կարող էր ավելի լավ ձևով դասավորվել մեզ համար, սակայն ասել, թե մերոնք կատարելապես ձախողվել են, առնվազն անազնիվ է։

Ծիծաղելի է տեսնելը, թե ինչպես են «անկախ» լրատվամիջոցների շուրթերով Բաղրամյան 26–ից պահանջում Գագիկ Ծառուկյանի հրաժարականը ՀԱՕԿ ղեկավարի պաշտոնից՝ պատճառաբանելով, թե մերոնք ոսկի չբերեցին։ Նկատենք, որ ոսկի չբերեցին, բայց զուտ վարկանիշային ցուցանիշով 20 կետով դրական դինամիկա ապահովեցին, ինչը մեզ այդքան էլ չի գոհացնում, բայց դե այնպես չէ, որ լրիվ զրո ենք եղել։

Նկատենք, որ ՀԱՕԿ ղեկավարի պաշտոնը հավերժ չէ, և Ծառուկյանը մի օր կարող է այն թողնել, բայց երբ այդ մասին խոսում են Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը, տնտեսական ու սոցիալական ոլորտներն ամբողջությամբ տապալած Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական մամլո խոսնակները և հրաժարական պահանջում, դա արդեն զավեշտ է։ Ով ով, բայց Սերժն ու իր թիմն առաջինը պետք է հրաժարական տան՝ իրենց ոլորտներում խայտառակ արդյունքներ ապահովելու համար։

Ծառուկյանին կարելի է քննադատել օլիմպիական ոսկի չնվաճելու, կամ ընդամենը մեկ արծաթե մեդալ ունենալու համար, բայց հնարավոր չէ խոսել զրոյական արդյունքի մասին։ Ասել է թե՝ ՀԱՕԿ–ը արդյունքներ ապահովել է և կարելի է միայն վիճել դրանց որակական ցուցանիշների շուրջ, ինչը հնարավոր չէ անել, օրինակ, նախագահի ու վարչապետի լիազորությունների շրջանակներում գտնվող հատվածներում, քանի որ զրոն հնարավոր չէ քննարկել։ Զրոն զրո է, և վերջ։

Սերժը լավ կանի, եթե պատասխան տա, թե ինչպես ձախողվեց հայ–թուրքական «ֆուտբոլում»՝ լրջագույն հարված հասցնելով Հայաստանի անվտանգությանը։ «Նախաձեռնողականության» արդյունքում մենք, պատկերավոր ասած, ոչ միայն ոսկի, այլ նույնիսկ «ժեշտի» կտոր չունեցանք։

Դե իսկ Տիգրան Սարգսյանի՝ «միջազգային կենտրոններ» կառուցելու գործընթացը, ըստ «Ֆորբսի» վերլուծության, մեզ դարձրեց մի պետություն, որը տնտեսապես առաջ է միայն Մադագասկարից։

Այնպես որ հրաժարականի ուղարկելու ավելի արժանավոր թեկնածուներ կան՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի։ Այս մարդիկ իրենց տեղերում զրո են ապահովել, իսկ զրոն ինչ թվով էլ բազմապատկես՝ միևնույն արդյունքն է լինելու՝ զրո։ Դե ուրեմն զրոներին պետք է փոխել, որպեսզի Հայաստանն առաջընթաց ունենա։

Այս խորագրի վերջին նյութերը