Մեկնաբանություն

14.08.2012 10:29


Հետմեռելոցային

Հետմեռելոցային

Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո «տերտերականությունը» դարձավ պետական կառավարման բաղկացուցիչ մասերից։ Կեղծ բարեպաշտությունը և փարիսեցիությունը աչք են ծակում։ Իշխանության վերին օղակն, ըստ այդմ, «սրբազան ավազակաորջ» է հիշեցնում։

«Սրբազան ավազակաորջն» իր բուն գործը թողած՝ հոգևոր ոլորտով է զբաղվում։ Օրինակ՝ պարբերաբար մեռելոցներ են հայտարարվում։ Վարչապետը հետևողական է այդ հարցում։ Երկուշաբթիները արդեն կիրակիին հավասար օրի են վերածվել, իսկ շաբաթն արդեն ուրբաթին հաջորդող ազատ օր չէ, այլ մեռելոցային երկուշաբթիի արդյունքում «լոմկված» օր կամ երկարացված «ուիքենդի» մաս։

Շատերն են փորձում գտնել այն հարցի պատասխանը, թե ի՞նչ իմաստ ունի տարվա մեջ մի քանի անգամ մեռելոցներ հայտարարելը և ի՞նչ են ուզում դրանով ասել իշխանությունները։ Ընկերներիցս մեկն իր մեկնաբանությունը ներկայացրեց այս թեմայով։

Ըստ նրա՝ վարչապետը մեռելոցներ է հայտարարում ... ներքին տուրիզմի զարգացման նպատակով։ Նկատենք, որ ասվածի մեջ որոշակի տրամաբանություն կա։ Մարդկանց մեծ մասը մեռելոցային ժամանակահատվածներում ոչ թե գերեզման է այցելում, այլ տանն է մնում, իսկ նրանք, ովքեր հնարավորություն ունեն՝ մի քանի օրով Ծաղկաձոր կամ Սևան են մեկնում, և այդպիսով խթանում տեղական հյուրանոցային բիզնեսը։

Պետք է արժանին մատուցել Տիգրան Սարգսյանի տնտեսագիտական մտքի թռիչքին։ Մարդը մի կրակոցով երկու նապաստակ է բռնում. մեռելացային «բարեշրջման» արդյունքում հա՛մ մոմի բիզնեսն է զարգացնում, հա՛մ տուրիզմը։ Եթե այդ ամենին գումարում ենք դրսից վարկ բերելու և դրանք նախագահական նստավայրի տրամադրության տակ դնելու նրա տաղանդը, ապա լրիվ պարզ է դառնում, թե ինչու է Սերժ Սարգսյանը հիացած վարչապետով։ Ո՞վ լիներ չհիանար։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը