Մեկնաբանություն

17.08.2012 16:27


Գյումրին, Վարդանիկը և Սերժ Սարգսյանի վերջին վատությունը ԲՀԿ–ին

Գյումրին, Վարդանիկը և Սերժ Սարգսյանի վերջին վատությունը ԲՀԿ–ին

ԱԺ վերջին ընտրություններից հետո արդեն պարզ էր, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կլքի իր պաշտոնը։ Բանն այն է, որ սերժական շրջիկ խմբերն ու ցնդող թանաքներն անգամ չօգնեցին ՀՀԿ–ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և Հայաստանի երկրորդ քաղաքում ԲՀԿ–ն առաջ անցավ Սերժ Սարգսյանի գլխավորած ցուցակից։

Հասկանալով, որ 2012–ի մայիսի 6–ին ԲՀԿ–ն ոչ միայն իր մեծամասնական թեկնածուներին է անցկարցրել Շիրակի մարզկենտրոնում, այլև փաստացի իշխանափոխություն իրականացրել  Գյումրիի քաղաքապետարանում՝ իշխող ուժը շտապեց հայտարարել, թե ինքը չի ընդունում գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և սատարում է ԲՀԿ–ական Սամվել Բալասանյանին։ Սա այն դեպքն է, երբ աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է, թե խակ է. ՀՀԿ–ն սատարեր, չստարարեր՝ միևնույն է ԲՀԿ–ն արդեն իսկ վերցրել էր իշխանությունը Գյումրիում և հետևաբար՝ Բալասնյանին պաշտպանելը՝ դեմքը փրկելու, ինչպես նաև սպասվող հաղթանակին «վեննա» մտնելու պես մի բան է։ Ու դեռ հարց է, թե որքանո՞վ է օգտակար ԲՀԿ թեկնածուի համար Սերժ Սարգսյանի սատարումը։

Սերժ Սարգսյանը Գյումրիի հետ կապված քարոզչանյութերի տարածման օգնությամբ այժմ ձգտում է մի քանի խնդիր լուծել։ Նախ փորձ է արվում հանրությանը ներկայացնել, թե իբր ԲՀԿ–ն Սերժի «դաբրոյով» է վերցնելու Գյումրիի իշխանությունը։ Բացի այդ՝ տարածվում է, թե նախագահը զիջում է տեղական իշխանության մասը Ծառուկյանին, քանի որ  նրանից ստանալու է աջակցություն նախագահական ընտրությունների ժամանակ։

Նկատենք, որ այս ամենը շատ նման է Իջևանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից հետո Բաղրամյան 26–ի պահվածքին, երբ ՀՀԿ–ականի պարտությունը ԲՀԿ–ականից ներկայացվեց իբր Սերժի «դաբրոյի» շրջանակներում տեղի ունեցած գործընթաց, որի դիմաց ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին ու դրանից հետո շարունակելու է մաս կազմել կոալիցիային։ Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ այդ ամենն ընդամենը Սերժ Սարգսյանի ու իր շրջապատի ցանկությունն էր։ Ինչպես հայտնի է, ԲՀԿ–ն առանձին մասնակցեց ԱԺ ընտրություններին և դուրս եկավ կոալիցիայից։

«Անկախ» լրատվամիջոցներին հիմա շատ քիչ ժամանակ է մնացել մարդկանց շատ նեղ շրջանակի «մուտիլովկաներով» կերակրելու համար։ «Սերժը Գյումրին հանձնեց Ծառուկյանին՝ նախագահականի ժամանակ աջակցության դիմաց» բլեֆը կպայթի շատ շուտով, երբ բոլորին պարզ կդառնա, որ ԲՀԿ–ն, Գյումրիում իշխանության գալով հանդերձ, ոչ միայն չի սատարում Սերժ Սարգսյանին, այլ ճիշտ հակառակը՝ հանդես է գալիս նրա դեմ։

Եթե այս ամենն իմանալով հանդերձ Սարգսյանը սատարում է ԲՀԿ թեկնածուներին Գյումրիում կամ այլ տեղ, ապա դա իր գործն է. ուզում է, թող սատարի։ Ձրի սատարումից դեռ ոչ մեկը չի հրաժարվել։ Չնայած ԲՀԿ–ում ճիշտ կանեին՝ հրաժարվեին Սերժ Սարգսյանի ռեվերանսներից,  քանզի ավելի ուժեղ հակաքարոզչություն, քան բոլոր առումներով ձախողված նախագահից սատարված քաղաքապետի կամ գյուղապետի թեկնածու ունենալն է, հնարավոր չէ պատկերացնել։ Այդ մասին, թերևս, գիտի նաև ՀՀԿ առաջնորդը և որոշել է ա՛յդ ձևով պայքարել ԲՀԿ–ի դեմ ու վերջին վնասը տալ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը