Լրահոս

05.06.2009 10:01


Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Իշխանությունների կողմից նախընտրական շրջանում, ինչպես նաև մայիսի 31-ին՝ քվեարկության օրը իրագործվող ամենաթողությունն այժմ թևակոխել է հետընտրական փուլ, որտեղ բացահայտ ու կոպիտ օրինախախտումների միջոցով ընտրական և այլ մարմիններ խոչընդոտում են բողոքարկման ընթացքը: Արդեն չորս օր է, ինչ ռեժիմը զբաղված է Հայ Ազգային Կոնգրեսի և տարբեր դիտորդական կազմակերպությունների կողմից՝ օրինախախտումների մասին գրանցված հարյուրավոր արձանագրությունների կոծկումով:

Բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, բացառությամբ 6 ԸԸՀ-ի, կոպտորեն խախտելով օրենքը, թույլ չեն տալիս Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձանց՝ քաղվածքներ կատարել տեղամասերի գրանցամատյաններից՝ պատճառաբանելով, թե դրանք արդեն ուղարկվել են արխիվ, այնինչ համաձայն ընտրական օրենսգրքի՝ գրանցամատյաններն առնվազն 7 օր պետք է մնան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: 3-րդ ԸԸՀ-ի ներկայացուցչի պատճառաբանությունն ընդհանրապես անցնում է զավեշտի բոլոր սահմանները: Նա գրավոր պատճառաբանել է, որ փաստաթղթերը, այդ թվում գրանցամատյանները, փաթեթավորված են և գտնվում են մեքենայի մեջ: 6-րդ ԸԸՀ-ի ներկայացուցիչը, որը թույլատրել է քաղվածք կատարել գրանցամատյաններից, վերջում ստորագրելու փոխարեն խզբզել է փաստաթղթի վրա:

Հայ Ազգային Կոնգրեսը օրենքով սահմանված կարգով և ժամկետում 7/25 և 7/26 ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու վերաբերյալ դիմումներ է ներկայացրել համապատասխան ԸԸՀ: Դիմումներն ընդունելուց հետո ԸԸՀ-ն հրաժարվել է վերահաշվարկ կատարել՝ պատճառաբանելով, որ բոլոր փաստաթղթերը փոխանցվել են ԿԸՀ կամ արխիվ:

7/17 ընտրատեղամասում գտնվել է 44 ոչ սահմանված նմուշի ծրարներ, որոնցից 22-ը կնքված են եղել «Գոռ Սիսակյան» ՍՊԸ-ի կնիքով: Տեղամասի արդյունքներն անվավեր չի համարվել:  

Այսպիսով, ռեժիմը համակարգված կերպով կեղծելով ընտրությունների արդյունքները և գիտակցելով իր կողմից գործված հանցանքների մասշտաբները, ինչպես նաև այն, որ դա հանգեցնելու է ընտրություններն անվավեր ճանաչելուն, ներկայումս էլ շարունակում է բռնաբարել ՀՀ օրենսդրությունը և լծվել է կեղծիքների հետքերն ու ապացույցները թաքցնելու գործին:

Այս խորագրի վերջին նյութերը