Մեկնաբանություն

22.08.2012 22:26


Աշոտ Աղաբաբյանը՝ ինդիկատոր

Աշոտ Աղաբաբյանը՝ ինդիկատոր

Սեպտեմբերին սկսվելու են «նորընտիր» խորհրդարանի աշխատանքները։ Մի քանի ինտրիգային հարցեր կան, որոնք հենց այդ ժամանակ են լուծում ստանալու։

Նախ պարզություն կմտնի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մանդատ վերցնել–չվերցնելու հարցում։ Մեծ հաշվով, իհարկե, ամեն ինչ շատ կանխատեսելի է։ Մնում է միայն տեսնել, թե ինչպիսի՞ «ճաճանչափայլ» ձևակերպումներով է «ժառանգության» ղեկավարը վերցնելու իշխանության նվիրած մանդատը։ Ասում են, թե այս առումով նույնիսկ խաղադրույքներ չեն ընդունվում, քանզի գրեթե բոլորն էլ համոզված են, որ Րաֆֆին, չեմուչում անելով հանդերձ, տեղ է զբաղեցնելու պատգամավորական աթոռի վրա, քանզի ինքն էլ հասկանում է, որ դրանից ավելի բարձր աթոռի հավակնելու անգամ տեսական հնարավորություն չունի։

Շատ ավելի մեծ ինտրիգ կա ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մանդատ դնել–չդնելու հարցում։ Չնայած այն բանին, որ Վահե Ավետյանի սպանությունից հետո  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարեց պատգամավորական իր կարգավիճակից հրաժարվելու մտադրության մասին, այդուհանդերձ ամեն ինչ հետողորմյա կարող է լինել։ Ըստ տարածվող լուրերի՝ Հայրապետյանը կարող է փոշմանել, և վայր չդնել մանդատը։

Ինչպես հայտնի է, փոշմանելն այնքան էլ հեռու չէ Հայրապետյանից։ ԱԺ ընտրություններից առաջ էլ նա հայտարարում էր, թե չի առաջադրվելու, սակայն առաջադրվեց՝ ընդառաջ գնալով հարազատ կուսակցության և իր ընկեր Սամվել Ալեքսանյանի պահանջին։

Հիմա էլ «աշխատավորական կոլեկտիվներն» են խնդրում Ռ. Հայրապետյանին չհրաժարվել մանդատից։ Թե ինչ որոշում կկայացնի Հայրապետյանը, կերևա շատ շուտով։

Տեղին է հիշեցնելը, որ Ռուբեն Հայրապետյանի՝ շաբաթներ առաջ արած այն հայտարարությունը, թե ինքը հրաժարվում է պատգամավորությունից, իշխանական մամուլը ներկայացրեց որպես Սերժ Սարգսյանի պարտադրանքի հետևանք և քաղաքացիական հասարակությանն ընդառաջ գնալու բարի կամքի դրսևորում նախագահի կողմից։

«Հայրապետյանը մանդատից հրաժարվելու հայտարարությունը տարածեց նախագահին հանդիպելուց անմիջապես հետո»,– անըդհատ կրկնում էին Սերժ Սարգսյանի թիմից՝ փորձելով նախ տարածել «Սերժ ամենակարողի», ապա նաև «Սերժ արդարադատի» միֆը։

Հիմա եթե պարզվի, որ Հայրապետյանը, հայտնի ֆիլմի Նաջարյանի պես, փոշմանել է, ապա կարող ենք ենթադրել, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մոտավորապես այսպիսի զրույց է տեղի ունեցել.

Ռուբեն Հայրապետյան– Շե՛ֆ, էս ինչ մի շուխուռ ա դրվել «Հարսնաքարի» վրով։ Մանդատս ու օբյեկտս են ուզում։ Ասում են, թե նաև իշխանության ներսից են մուտիլովկեք անում իմ դեմ, ճի՞շտ ա։

Սերժ Սարգսյան– Ռուբե՛ն ջան, ճիշտ ես, շուխուռը շատ ա։ Արի սենց անենք՝ դու հիմա հայտարարի, որ հրաժարվում ես մանդատից, իսկ հետո հենց շուխուռը մարի՝ հետ կֆռռացնենք ամեն ինչ ու կհամոզվես, որ մեր կողմից ոչ մի մուտիլովկա չկա, իսկ էն որ թերթերն ու կայքերը գրում են, թե ես պատժում եմ քեզ, որտեվ դու օլիգարխ ես, էտ ընդամենը ժողովրդի աչքին թոզփչոցի ա։ Մենք դրա ձևերը գիտենք։ Դու արխային կաց։ Բա մենք ո՞ր օրվա ընկերներն ենք, որ կակոյ  նիբուծ սպանության համար քեզ փուռը տանք։ Մենք մարտի 1–ով անցած տղերք ենք ա՛յ ցավդ տանեմ, էս շուխուռն ի՞նչ ա, որ չմարսենք։

Կրկնեմ. սա Սերժի ու Ռուբենի միջև տեղի ունեցած ենթադրյալ խոսակցությունն է, որը սակայն կարող է հեռու չլինել իրականությունից, եթե տեղի ունենա «Փոշմանում» օպերացիան։

Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանի մանդատից չհրաժարվելու մասով յուրօրինակ ինդիկատորի դեր է կատարում Աշոտ Աղաբաբյանը, նույն ինքը Բուռնաշը, ով ներիշխանական կանյունկտուրան «օդում որսացողի» համբավ ունի։  Վազգեն Սարգսյանի օրոք նա վազգենական էր, հետո դարձավ քոչարյանական, իսկ հիմա մոլի սերժական է և հայտարարում է, որ եթե Ս. Սարգսյանն իրեն հրամայի, ապա ինքը մանդատից կհրաժարվի։

Եվ ահա ճկուն մտքի ու «միջանցիկ քամիների» ուղղությունները զգացող Աղաբաբյանը վերջին շրջանում աչքի է ընկել երկու բանով՝

1. հրապարակային լեզվակռվի մեջ է մտել Գյումրիի դեռևս գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ (Գյումրիի քաղաքապետը չի առաջադրվել, այսինքն՝ վայր է դրել «մանդատը»),

2. հրապարակավ պաշտպանել է Ռուբեն Հայրապետյանին ու ճիշտ չի համարել մանդատից հրաժարվելը (ուշագրավն այն է, որ մեկ–երկու ամիս առաջ Աղաբաբյանն ու Հայրապետյանը հակամարտության մեջ էին «Հրազդան» մարզադաշտի հետ կապված և իրար ինչ ասես, որ չէին ասում)։

Եվ այսպես, Աղաբաբյանն ասել է այն, ինչը կուզենար ասել Սերժ Սարգսյանը Վարդանիկի ու Ռուբենի մասով, սակայն թաքնվում է «անկախ» մամուլի հետևում և միջնորդավորված է գործում։ Աղաբաբյանն այդ առումով «սրտի գիր» կարդացող է և Սերժ Սարգսյանին չի թողել միայն «անկախ» մամուլի հույսին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը