Աշխարհ

05.06.2009 12:06


«Նաբուկո»-ի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա շաբաթներին

«Նաբուկո»-ի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա շաբաթներին

Առաջիկա շաբաթներին «Նաբուկո» գազատարի նախագծի իրականացման վերաբերյալ կստորագրվի միջպետական համաձայնագիր։ Այս մասին Բաքվում հայտարարել է նախագծի գլխավոր տնօրեն Ռեյնհարդ Միթչեքը։ Նա նշել է, որ փաստաթղթի պատրաստման աշխատանքները մոտենում են ավարտին, ավելին՝ լուծված են նախագծին մասնակից բոլոր երկրների իրավաբանական խնդիրները։

Նրա խոսքերով՝ գազատարի թողունակությունը վերջնական փուլում կարող է հասնել 65 մլրդ խորանարդ մետրի, իսկ առաջին փուլում՝ ընդամենը 8-10 մլրդ  խորանարդ մետրի, ինչն ապահովվելու է կասպիական, մասնավորապես՝ ադրբեջանական գազի շնորհիվ։ Երկրորդ փուլում գազատարի հզորությունը  հասնելու է 20 մլրդ խորանարդ մետրի։ Ինչպես նշել է Միթչեքը, նախագիծը գնահատվում է 7մլրդ եվրո։ Նա տեղեկացրել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Բուլղարիան և Հունգարիան պատրաստ են հատկացնել գումարի 25%-ը, և ինքը համոզված է, որ նախագծի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չեն լինի։

Մինչ այդ, Ադրբեջանի արդյունաբերության և էներգետրկայի նախարար Նաթիգ Ալիևը նախօրեին հայտարարել էր, որ «Նաբուկո» գազատարի շինարարության նախագծի իրականացումը զուրկ է որևէ հստակությունից։ Նրա կարծիքով՝ այդ նախագծն ուղեկվցում է քաղաքական և տնտեսական բնույթի բազմաթիվ դժվարություններով։

-Նույնիսկ որոշված չէ, թե որ ուղղությամբ կտարվի գազատարը, որոշված չեն ֆինանսական բնագավառի, ռեսուրսային և այլ հարցեր,- նշել է նա։

Նրա խոսքերով՝ 2020թ. Կասպիական տարածաշրջանից կարող է արտահանվել մինչև 300 մլրդ  խորանարդ մետր գազ, սակայն ինչ ծավալ կգնա Եվրոպա, ոչ ոք չի կարող ասել։ Բացի դրանից, բարդ խնդիր է նաև տարանցման արժեքի հարցը։

-Նույնիսկ այնպիսի եղբայրական երկրները, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան, մինչ այսօր չեն կարողանում գազի գնի շուրջ համաձայնության գալ։ Կարելի է պատկերացնել, թե որքան դժվար կլինի տարանցման շուրջ պայմանավորվել «Նաբուկո»-ի տարանցիկ 6 երկրներով,- ասել է Ալիևը։

Այս խորագրի վերջին նյութերը