Մեկնաբանություն

25.08.2012 09:10


Ինչու՞ են «փչացնում» Տարոն Մարգարյանին

Ինչու՞ են «փչացնում» Տարոն Մարգարյանին

Ինչպես հայտնի է, 2009թ. սկսած Երևանում կառավարման նոր ձև ներդրվեց։ Համաձայն ՀՀ նոր սահմանադրության՝ Երևանի ավագանին ուղղակիորեն ընտրվում է երևանաբնակ ՀՀ քաղաքացիների կողմից, իսկ քաղաքապետը՝ ավագանու կազմից։ Կարող ենք ասել, որ Երևանում անուղղակիորեն քաղաքապետի ընտրություն է կատարվում։

Երևանն անուղղակի ընտրված երեք քաղաքապետ ունի՝ Գագիկ Բեգլարյան, Կարեն Կարապետյան և Տարոն Մարգարյան։

Անուղղակի ձևով ընտրված առաջին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված պատմությունը բոլորին է հայտնի։ Մինչև այժմ տարբեր տեսակետներ են հնչում նախագահի արարողակարգի աշխատակցի ու Բեգլարյանի միջև տեղի ունեցած  միջադեպի կապակցությամբ։ Մեկ բան ակնհայտ է. Գ. Բեգլարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնում բավական ինքնուրույն էր Բաղրամյան 26–ից, և այդ իսկ պատճառով էլ Սերժ Սարգսյանի ու նրա նեղ շրջապատի համար դարձավ անընդունելի և անհանդուրժելի։

Այժմ Բեգլարյանը նշանակովի պաշտոնում է և առնվազն մինչև 2013–ի նախագահական ընտրություններն ապահովագրված է նախագահականի «մուտիլովկաներից»։ Թե հետո ինչ կլինի, կյանքը ցույց կտա։

Բեգլարյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետի պաշտոնը փաստացի դարձավ Սերժ Սարգսյանի կողմից նշանակովի։ Սկսվեց կամակատարների շքահանդեսը։ Առաջինը Հայռուսգազարդից բերված Կարեն Կարապետյանն էր, ով «դռայվով» եկավ և «օվեռդռայվով» գնաց։ Գնաց, իր իսկ ասելով, ավելի լավ աշխատավարձով տեղ՝ դրանով իսկ ցույց տալով, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը իր համար լավ գործ ման գալու ցատկահարթակ է եղել։ Ու հիմա երբ իշխանական լրատվամիջոցները տարածում են, թե նա իբր կարող է լինել նախագահի միասնական թեկնաուծու ՀԱԿ–ի և ԲՀԿ–ի համար, պարզապես մարդու ծիծաղն է գալիս իշխանական «մուտիլովկաների» էժանագինության վրա։ Ախր Կարենը՝ ուր, նախագահի թեկնածու լինելը՝ ուր, էն էլ միասնական։

Նոր սահմանադրության ընդունումից հետո թվով 3–րդը, բայց որպես նշանակովի քաղաքապետ՝ 2–րդը Տարոն Մարգարյանն է։

Հարկ է նշել, որ Տարոնն ավելի կամակատար դուրս եկավ, քան Կարենը։ Ասում են, թե նա, պատկերավոր ասած, նույնիսկ ընդմիջման չի գնում առանց նախագահականի իմացության։ Այդ իմաստով Մարգարյանը ցանկալի պաշտոնյա է, քանզի սեփական «Ես»–ը չունի և շատ անփորձ է պալատական խարդավանքների առումով (նրան երիտօլիգարխիան կարող է իր մամուլի միջոցներով վարկաբեկել ու այդ ամենը գցել «անգլիաներից», «ամերիկաներից» կառավարվող կայքերի տերերի վրա)։

Տ. Մարգարյանը հարմար ֆիգուր է դարձել նախագահականի համար։ Նրան «փչացնելու» հաշվին տարատեսակ PR–ակցիաներ են իրականացվում։ Ամենավառ օրինակը Մաշտոցի պուրակն էր։ Տարոնը համառորեն անում էր այն, ինչ թելադրվում էր Բաղրամյան 26–ից, իսկ հետո նույն Բաղրամյան 26–ից եկան ու ասեցին, թե Տարո՛ն ջան, սիրու՛ն չի։ Տարոն ջանն էլ, թե հարց չկա, պարո՛ն նախագահ, ձև կգտնենք։

Մաշտոցի պուրակում իրականում ոչնչացվեց տեղական ինքնակառավարման համակարգը և երբ այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը ուրախությամբ արձանագրում է Սերժի միջոցով իր «պուրակային» հաղթանակը, ապա դա առնվազն զարմանալի է։

Քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիական արժեքները կարող են զարգանալ միայն պետության ներսում ապակենտրոնացված համակարգերի, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման համակարգի ինքնուրույնության պարագայում։

Սերժ Սարգսյանը հետևողականորեն ոչնչացնում է հնարավոր բոլոր ինքնուրույն կենտրոններն ու համակարգերը, և այս պարագայում խոսել այն մասին, որ նա ուզում է գնալ բարեփոխումների՝ դհոլության կամ ազնիվ քյարփինջության նշան է։

Ամփոփելով Տարոնի թեման, ավելացնենք, որ չնայած նրա հլու–հնազանդ լինելուն, նախագահականի վերահսկողության տակ գործող ԶԼՄ–ներն այդուհանդերձ «փչացնում» են նրան։ Պատճառները շատ պարզ են.

1–ին՝ նախ դա արվում է պրոֆիլակտիկայի նպատակով,

2–րդ՝ Տարոնը, ըստ երևույթին, մի թեթև շեղումներ է տվել իրեն վերապահված գծից և ֆինանսատնտեսական բնույթի որոշ քայլերի գնացել,

3–րդ՝ Երևանի ավագանու գալիք ընտրություններից առաջ նախագահականում որոշել են մի թեթև տեղը դնել Տարոնին, որպեսզի նրա մտքով անգամ չանցնի, թե որպես օժիտ է ստացել քաղաքապետարանը, այլ միշտ հիշի, որ նշանակվել է Սերժ Սարգսյանի կողմից։

Եվ այսպես, Երևանի քաղաքապետերի հետ տեղի ունեցածը և մասնավորապես՝ Տարոն ջանին նախագահականի կողմից մատի վրա խաղացնելը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը հետընթաց է արձանագրում տեղական ինքնակառավարման համակարգում, ինչն ավելի հակաժողովրդավարական երևույթ  է, քան կարող են պատկերացնել որոշ «առաջադեմ» մտավորականներ ու վերլուծաբաններ։ Վիճակը շտկելու մի տարբերակ կա՝ իշխանափոխություն և համակարգափոխություն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը