Մեկնաբանություն

28.08.2012 10:15


Խոստումների և հաշվետվության ժամանակը

Խոստումների և հաշվետվության ժամանակը

2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ՝ խարդավանքների ու բամբասանքների քանակը կտրուկ ավելացել է։ Դրանց հիմնական գեներացիան կատարվում է նախագահական նստավայրում։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունն ասելիք չունի և ընդամենը փորձում է դաշտը կեղտոտելով թաքցնել սեփական կեղտոտվածությունը։

«Անկախ» լրատվամիջոցների գործունեությունը ցույց է տալիս, որ Բաղրամյան 26–ում հասարակական խնդիրների վերաբերյալ որևէ բովանդակային առաջարկ չունեն, և հույսը դրել են բացառապես «մուտիլովկաների» վրա։

Սակայն որքան էլ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները խուսափեն ուղղակի բանավեճից, միևնույն է, ընտրությունների ժամանակ ստիպված են լինելու պատասխան տալ, թե ինչո՞ւ

. համաշխարհային մակարդակով Հայաստանն ամենամեծ տնտեսական անկումներից արձանագրեց,

. չստեղծվեցին այն միջազգային կենտրոնները, որոնք խոստացվել էին,

. չիրականացվեց ոչ մի գլոբալ նախագիծ (նոր ատոմակայանի շինարարություն, Հյուսիս–հարավ մայրուղի, Իրան–Հայաստան երկաթգիծ և այլն),

. 2008թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո խոստացված արտաքին ներդրումները, որոնք պետք է նախագահի կոչին ընդառաջ իբր կատարեին դրսի հայերը, այդպես էլ չկատարեցին,

.  իշխանությունը չլսեց մասնագետների և հայության մի ստվար հատվածի ձայնը և գնաց «ֆուտբոլային» դիվանագիտության, որը խայտառակ արդյունքներ արձանագրեց,

. արտագաղթը սարսափելի չափերի հասավ,

. փոքր ու միջին բիզնեսը հայտնվեց ծանր վիճակում, իսկ կապիտալը սկսեց փախչել Հայաստանից՝ բերելով ներդրումների ծավալի կրճատման և աշխատատեղերի չստեղծման,

. մեր երկրի արտաքին պարտքը եռապատկվեց, բայց փոխարենը որևէ էական տեղաշարժ տնտեսության մեջ չունեցանք, իսկ վարկերի օգտագործման արդյունավետությունը լուրջ կասկածի տեղիք տվեց։

Սրանք հարցերի ոչ ամբողջական ցանկն է, որին պետք է առաջիկայում անդրադառնա իշխանությունը։ Պարզ է, որ դեմագոգիա է կիրառվելու, բայց ամեն դեպքում կարելի է լսել, թե ի՞նչ են ասելու հանրությանը, ինչպե՞ս են ձայն խնդրելու և ամենակարևորը՝ ո՞ր առաքելության համար են ձգտելու վերարտադրվել։

Ժողովուրդն էլ իր հերթին պետք է պատասխան գտնի հետևյալ հարցերին ու նոր միայն մասնակցի ընտրությանը՝

1.Կարո՞ղ է արդյոք Հայաստանը ներկայիս կուրսով հետ չմնալ իր հարևաններից (մասնավորապես՝ Ադրբեջանից) ու պաշտպանել իր անվտանգությունը,

2.Ի՞նչ է պետք անել այսօրվա վիճակից դուրս գալու համար, և ովքե՞ր կարող են Հայաստանում իրական բարեփոխումներ իրականացնել՝ վեստերնիզացիայի և մոդեռնիզացիայի ենթարկելով պետական կառավարման համակարգն ու հանրային կյանքը։ Այլ կերպ ասած՝ ո՞վ կարող է ազգային–դեմոկրատական փոփոխությունների դրոշակակիրը դառնալ։

Ինչ վերաբերում է իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող քաղաքական սուբյեկտներին, ապա նրանք պետք է ոչ միայն ու ոչ այնքան  իշխանափոխության պարզ կոչերով հանդես գան, որքան ներկայացնեն վաղվա Հայաստանի իրենց տեսլականը և հանրության տարբեր շրջանակներին առաջարկեն այն առարկայական փոփոխությունները, որոնք տեղի կունենան իրենց իշխանության գալուց հետո։

Իշխանափոխության կողմնակիցները պետք է ունենան այն ճանապարհային քարտեզը, որը մեզ «Ա» կետից «Բ» կետ կհասցնի հայտարարվելիք կոնկրետ ժամանակահատվածում։ Այսինքն՝ ընտրողին պետք է երկու քայլանի կոմբինացիա առաջարկել՝ «Իշխանափոխություն+բարեփոխում» տարբերակով։ Եթե այս ամենը լինի, ապա համոզված եմ, որ իշխանափոխությունը կդառնա տեխնիկայի խնդիր։ 

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը