Մեկնաբանություն

28.08.2012 15:26


Իշխանության հույսը շրջիկ խմբերն ու ընտրակաշառքն են

Իշխանության հույսը շրջիկ խմբերն ու ընտրակաշառքն են

Այս տարվա ԱԺ ընտրություններից առաջ իշխանության ամենավերին օղակից խոստացան «լավ ընտրություններ»։ Խոսվում էր նույնիսկ «հեղափոխական փոփոխությունների» մասին։ Արդյունքում մենք ունեցանք ընտրակեղծիքների կիրառման նոր տեխնոլոգիաներ և աննախադեպ քանակի «լցոնված» ձայներ, բայց «լցոնել» էին ոչ թե քվեաթերթիկները, այլ մարդկանց։

Շատ է խոսվել այն մասին, որ 2012-ի մայիսին ՀՀԿ–ի օգտին աշխատել են շրջիկ խմբեր, որոնք ընտրատեղամասից ընտրատեղամաս գնալով և օգտվելով անձնագրերում դրվող դրոշմակնիքների արագ անհետացումից՝ բազմակի քվեարկություններ են իրականացրել։ Դա էր պատճառը, որ չնայած վերջին տարիների արտագաղթի ֆոնին՝ ընտրության մասնակցությունը բավական բարձր էր։ Դա էր նաև պատճառը, որ արտաքին ու ներքին ձախողված քաղաքականություն արձանագրած իշխանությունը վերցրեց խորհրդարանի հսկիչ փաթեթը։

Դրոշմակնիքների անհետացումը լուրջ աղմուկի պատճառ դարձավ, սակայն վաղ առավոտյան տեղի ունեցած կեղծիքներն արդեն էականորեն ազդել էին ընտրության ելքի վրա, և թանաքների փոփոխությունն արդեն ոչինչ չփոխեց։

2013թ. նախագահական ընտրությունների համար իշխանությունը նոր բան չի ուզում մտածել ու դատելով ամենից՝ կրկին կիրառելու է ընտրակաշառքի և շրջիկ խմբերի օգտագործման մեխանիզմը։ Բաղրամյան 26–ից ավելորդ ձևականությունների հետևից հիմա որոշել են չընկնել։ «Նախաձեռնող» իշխանությունը չի էլ թաքցնում, որ դա է լինելու իր զենքը։ Ու որպեսզի աղմուկը քիչ լինի, որոշել են փոփոխություններ մտցնել «Ընտրական օրենսգրքում»։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջարկում է վերացնել վերջին ընտրություններում կիրառված և բավական դժգոհությունների առիթ տված` ընտրության մասնակցի անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման օրենսդրական պահանջը:  Այսինքն՝ եթե այդ առաջարկն ընդունվի, ապա մի քանի տեղ գրանցված շրջիկ խմբերի անդամների համար այլևս ոչ մի խոչընդոտ չի լինի օրվա բոլոր ժամերին համապատասխան քանակի քվե ապահովել։

Այսպիսով՝ իշխանությունը հերթական մեսիջն է ուղարկում ժողովրդին ու բոլոր քաղաքական ուժերին առ այն, որ ինքն ամեն գնով ուզում է վերարտադրվել։ Փաստորեն, իշխանափոխության և դրական փոփոխությունների միակ ճանապարհը թողնում են ուժեղ կամ թույլ ցնցումների ճանապարհը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով, և որի ամբողջ պատասխանատվությունը իշխանության վրա է ընկնում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը