Մեկնաբանություն

29.08.2012 11:18


Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը «սիամական երկվորյակներ» են

Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը «սիամական երկվորյակներ» են

Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելու պահից սկսած՝ խոսվում է նրա պաշտոնանկության մասին։ 2008–ին ոմանք այն կարծիքին էին, թե նա ժամանակավոր է նշանակվել գործադիրի ղեկավար, բայց ինչպես կյանքը ցույց տվեց, չկա ավելի հավերժական բան, քան ժամանակավորը։

«Ժամանակավոր» Տիգրան Սարգսյանը ահա չորս տարի է՝ մնացել է իր տեղում։ Տնտեսության մեջ արձանագրվել են խայտառակ գործընթացներ, մարդկանց ու կապիտալի արտահոսքը հասել է սարսափելի չափերի, բարեշրջում կոչվածը հակառակ արդյունքն է տվել, չեն ապահովվել կառավարության խոստացած մակրոտնտեսական ցուցանիշները, բայց վարչապետը «Coca-Cola»–ի պես ընդմիշտ է դարձել։

Վերջերս կրկին ակտիվացել են «միջազգային կենտրոնների» մեծ սիրահարի պաշտոնանկության մասին խոսակցությունները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ կենտրոնից եկած հրահանգով շատ կոնկրետ մամուլի միջոցներ շրջանառության մեջ դրեցին այդ թեման՝ կարող ենք վստահաբար պնդել, որ Տիգրան Սարգսյանին հերթական «հրաժարականին» ուղարկում են Բաղրամյան 26–ից։ Թե ինչ նպատակ են իշխանություններն այդպիսով հետապնդում, երկրորդական նշանակություն ունի, քանզի դա «ծամոն» թեմա է, որը պարբերաբար մատուցվում է հանրությանը, և որն արդեն արդիական չէ, քանզի շուտով նախագահական ընտրություններն են, ու ամեն ինչ կորոշվի հաջորդ տարվա փետրվար–մարտից հետո։

Իսկ Սերժ Սարգսյանի կողմից  Տիգրան Սարգսյանը չի հեռացվի շատ հասկանալի պատճառներով։ Առիթ ունեցել ենք գրելու, որ որքան էլ Տիգրան Սարգսյանն անարդյունավետ է աշխատում, միևնույն է, նա Սերժ Սարգսյանի համար անփոխարինելի վարչապետ է, քանզի նախագահն արդյունավետության չափման այլ սանդղակով է գնահատում գործադիրի ղեկավարի աշխատանքը։

Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ չի արվի, որովհետև

ա. նա հլու–հնազանդ կատարում է նախագահականից եկած բոլոր ցուցումները և հետևողականորեն կյանքի է կոչում «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ծրագիրը,

բ. վարչապետը չունի իրական հենարան ԱԺ–ում և քաղաքական դաշտում, ինչը քաղաքական առումով անվտանգ է դարձնում նրան Սերժ Սարգսյանի համար։

Նկատենք, որ վարչապետին չեն ընդունում նաև ՀՀԿ–ի տարբեր թևերը, ինչը նույնպես ցանկալի է Ս. Սարգսյանի համար՝ «Բաժանի՛ր, որ տիրես» հայտնի սկզբունքից ելնելոով։

Տիգրան Սարգսյանը փորձեց սեփական հենարանները ստեղծել ՀԺԱՄ կուսակցության միջոցով։ Չստացվեց։  Փորձեց ՀՌԱԿ–ում խառնակչություններ իրականացնել, բայց ստացվեց փոթորիկ մեկ բաժակ ջրում։

Տ. Սարգսյանի վերջին փորձը ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ «Ժառանգություն» կուսակցության հետ խաղեր տալու միջոցով քաղաքական դաշտում ինչ–որ դերակատարում ունենալն էր, բայց սարերի ֆոնին պար եկող Րաֆֆի Հովհաննիսյանն էլ տապալվեց, և Տ. Սարգսյանին մնաց միայն քաղաքական ժառանգությունից զրկված որոշ ժառանգականների աշխատանքի տեղավորելու գործը։

Հեղհեղուկ պատկերացումների տեր Տիգրան Սարգսյանը չի կարողանում աշխատեցնել նաև իր տրամադրության տակ գտնվող մի քանի լրատվամիջոցները։ Արդյունքում՝ նա խոցելի և միևնույն ժամանակ անփոխարինելի է դարձել ձախողումների խորհրդանիշի վերածված Սերժ Սարգսյանի համար, քանի որ վարչապետի ֆոնին նախագահը հնարավորություն է ստացել ինֆորմացիոն մանիպուլյացիաների միջոցով շեղել հանրության ուշադրությունը գլխավոր «պռավալշիկից», այն է՝ նախագահից։

Ամփոփենք.

Սերժին վարչապետի պաշտոնում պետք է սեփական «Ես»–ն ու քաղաքական կշիռը չունեցող մեկը, ու այդ մեկը գտնվել է ի դեմս Տիգրան Սարգսյանի, և անիմաստ են վերջինիս պաշտոնանկության մասին խոսակցությունները։ Սերժ Սարգսյանի տիպի թույլ և կոմպլեքսավորված ղեկավարների համար տիգրանների նմանները պարզապես գտածո են։

Եթե Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ չարվեց 2009–ի խայտառակ ցուցանիշների համար, եթե նա շարունակեց պաշտոնավարումը՝ ոչ մի խոստում չկատարելով հանդերձ, ապա առավելևս պաշտոնանկ չի արվի հիմա, երբ նախագահական ընտրություններին հաշված ամիսներ են մնացել։

Կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը «սիամական երկվորյակներ» են, և մեկի հեռացումն ավտոմատ բերելու է մյուսի հեռացմանը։ Սերժ Սարգսյանը դա շատ լավ հասկանում է և այդ իսկ պատճառով ատամներով է պահում իր «երկրոդ կեսին»։

Այնպես որ լուրերն այն մասին, թե տնտեսական վատ արդյունքներից ելնելով՝ Սերժը կարող է հեռացնել Տիգրանին, չեն համապատասխանում իրականությանը, և ընդամենը տեղեկատվական «բադիկներ» են ու կատարում են Տիգրանին «փչացնելու» գնով Սերժին պաշտպանելու ֆունկցիա։

Եվ ամենակարևորի մասին. Ճիշտ է, Տիգրան Սարգսյանը պատասխանատվություն է կրում տնտեսական քաղաքականության համար, բայց ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, և եթե ձախողման համար պետք է հեռանա Տ. Սարգսյանը, ապա ինչո՞ւ պետք է երկրի նախագահի պաշտոնում մնա ՀՀԿ ղեկավարը։ Չպետք է մոռանալ, որ վարչապետը գործիքի դեր է կատարել նախագահականի ձեռքում, հետևաբար՝ ծիծաղելի է «Ստալինը չգիտի Բերիայի չարագործությունների մասին» էժանագին թատրոնը բեմադրել Սերժ–Տիգրան «սիամական երկվորյակների» մասնակցությամբ։

«Ցուլին պետք է կոտոշներից բռնել»,–ասում է ժողովուրդը։ Քաղաքականության մեջ պետք է առաջնորդվել հենց այդ սկզբունքով։ 2013–ին հարմար առիթ կա ոչ միայն «ցուլի» կոտոշներից բռնելու, այլ նաև տապալելու։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը