Մեկնաբանություն

30.08.2012 00:10


Երեք նախագահներն ու մամուլը

Երեք նախագահներն ու մամուլը

Նորանկախ Հայաստանի գլխավոր ձեռքբերումներից մեկը ոչ կառավարական կամ, այսպես ասած, անկախ մամուլի ինստիտուտի ստեղծումն է։ Զուտ օրենսդրորեն ամեն ինչ համապատասխանեցված է միջազգային չափանիշներին, բայց գործնականում իշխանությունը մշտապես փորձում է ամբողջությամբ վերահսկել ԶԼՄ–ներին։ Այդպես էր և՛ Լևոն Տեր–Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։ Այդպես է նաև նախագահ Սերժ Սարգսյանի դեպքում, պարզապես վերահսկողության մեթոդներն ու մասշտաբներ են տարբեր։

Թեև 1ին և 2րդ նախագահները շատ հարցերում իրարից խիստ տարբերվող աշխարհայացք ու գաղափարներ ունեն, սակայն մամուլի հարցում նրանք իրար շատ նման են։ Երկուսն էլ սիրում են դաշտը բաժանել սևի ու սպիտակի, և գերադասում են ընդդիմախոսի դեմ կիրառել կոշտ մեթոդներ։ Դա մեծամասամբ պայմանավորված է նրանով, որ և՛ Տեր–Պետրոսյանը, և՛ Քոչարյանը հստակ գիտեն, թե ինչ են ուզում, համոզված են իրենց ճշմարտացիության մեջ, և հետևաբար իմաստ չեն տեսնում կոմպրոմիսների գնալու մեջ և նախընտրում են ճակատային պայքարը։

Կոմպրոմիսների չգնալն ու ոչ հաճելի լրատվամիջոցների նկատմամբ սանկցիաներ կիրառելը, անշուշտ, ոչ ժողովրդավարական մոտեցում է և ողջունելի չէ, սակայն նկատենք, որ անցումային շրջանում նմանատիպ երևույթներ արձանագրվել են բոլոր պետություններում։ Կարելի է ասել, որ մամուլի նկատմամբ ճնշումների կիրառումը ժողովրդավարական անցման երկրները ներկայացնող իշխանությունների «մանկական հիվանդություններից» է։

Հարկ է, սակայն, առանձնահատուկ ընդգծել, որ իրենց կոշտ վարքագծով Տեր–Պետրոսյանն ու Քոչարյանը բաց էին խաղում և հասարակությանը չէին խաբում՝ կեղծ ժողովրդավարի իմիջի մեջ տեղավորվելու նպատակով։ Կար պայքար, և այդ պայքարում լղոզվածություն չկար։ Կարելի է ընդունել կամ չընդունել Տեր–Պետրոսյանի կամ Քոչարյանի վարած քաղաքականությունը, բայց հնարավոր չէ ասել, թե նրանք կեղծել են իրենք իրենց ու երկակի խաղ խաղացել։ Այդ առումով երկուսն էլ ազնիվ են եղել ժողովրդի հետ։

Այլ է վիճակը Սերժ Սարգսյանի պարագայում. ՀՀԿ ղեկավարը պարզապես հաճախորդացնում է այն լրատվամիջոցներին, որոնք «սրտից» թույլ են դուրս գալիս, ինչն ավելի կեղտոտ մեթոդ է, քան ուղղակի առճակատումը, քանզի այդպիսով վերանում է լրատվական դաշտն ընդհանրապես՝ վերածվելով պետությունն անասնաֆերմայի տանող գործիքի։ 

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե 3րդ նախագահի օրոք լրատվական դաշտը համեմատաբար ազատ է գործում, բայց դա՝ միայն առաջին հայացքից։ Լրատվական դաշտի ավելի տոտալ վերահսկողություն չի եղել ո՛չ Տեր–Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի օրոք։ Պարզապես ընտրվել է վերահսկողության «փափուկ» ձևը։

Եթե 1ին և 2րդ նախագահների օրոք Բաղրամյան 26–ը վերահսկում էր հեռուստատեսությունը ցուցումներ իջեցնելու տարբերակով, իսկ ընդդիմադիր թերթերին ճնշում էր, ապա 3րդ նախագահի շրջապատը հերթով գնում է հեռուստաընկերությունները՝ չբավարարվելով զուտ քաղաքական վերահսկողության իրականացմամբ, այլ ձգտելով սեփականաշնորհել նաև հեռուստադաշտի կոմերցիոն հատվածը։ Գաղտնիք չէ, որ նախագահի փեսա Միքայել Մինասյանի ազդեցության տակ են հայտնվել ՀՀ ազդեցիկ հեռուստաընկերությունները։

Ինչ վերաբերում է տպագիր մամուլին և մասնավոր հեռահաղորդակցության ընկերությունների գործունեության արդյունքում վերջին տարիներին զարգացող համացանցային լրատվամիջոցներին, ապա այսօր դրանք, չնչին բացառություններով, նույնպես պատկանում են Սերժ Սարգսյանի շրջապատին (ուշադրությու՛ն դարձրեք՝ ոչ թե վերահսկվում են, այլ փաստացի պատկանում են)։ Նման երևույթ, ի դեպ, չկար ո՛չ Տեր–Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի օրոք։ Վերջիններիս կառավարման տարիներին մարդիկ գիտեին, թե որոնք են իշխանամետ թերթերը, իսկ որոնք՝ ընդդիմադիրները։ Կարդում էին երկուսին ու համապատասխան եզրակացություններ անում։ Թերթերի միջև պայքարն այն ժամանակ հրապարակային էր ու գաղափարական։ Իսկ այսօր այնպես են մանրամեծածախ կերպով գնել որոշ «ընդդիմադիրների», որ, կոպիտ ասած, շունը տիրոջը չի ճանաչում։

Բացառությամբ երեք–չորս լրատվական կայքի և մեկ թերթի (խոսքս ազդեցիկների մասին է)՝ մնացածն այժմ երիտօլիգարխիայի տակ են գործում։ Ստեղծվել է ստի ու կեղծիքի արտադրությամբ ու տարածմամբ զբաղվող մեդիակայսրություն, որի վրա դրված է քաղաքական ու հասարակական դաշտը կեղտոտելու, մարդկանց ուղեղները լվանալու և գեբելսյան քարոզչության օգնությամբ ծուռ հայելիների թագավորություն ստեղծելու ֆունկցիան։

«Անկախի», «ընդդիմադիրի», «ազատի» պիտակի տակ գործող, բայց իրականում Բաղրամյան 26–ի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներն այնպես են լղոզել տեղեկատվական դաշտը, որ միայն մասնագիտական աչք ու համապատասխան տեղեկացվածության մակարդակ ունեցողները կարող են տարբերել թացը չորից, մանավանդ որ նշյալ լրատվամիջոցներին այս կամ այն չափով թույլատրված է երբեմն քննադատել նաև Սերժ Սարգսյանին (ասենք՝ սեփականության վերաբաշխման գործընթացը դանդաղեցնելու համար), ինչը վերջնականապես շփոթության մեջ է գցում շարքային ընթերցողին։

Նման վիճակը Սերժ Սարգսյանի շրջապատը փորձում է ներկայացնել որպես նախորդ երկու նախագահների հետ համեմատած գործող նախագահի ժողովրդավար ու հանդուրժող լինելու ապացույց, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Եթե այս իշխանությունը լրատվական դաշտում վարվող քաղաքականությամբ տարբերվում է նախորդներից, ապա միայն ցինիզմի անսահմանափակ դոզայով և դաշտը գարշահոտությամբ լցնելու կարողությամբ։

Բանն այն է, որ չունենալով կայուն պատկերացումներ, աշխարհայացք, գաղափարներ և սկզբունքներ՝ Սերժ Սարգսյանը ոչ թե պայքարում է իր ընդդիմախոսների դեմ և փորձում մամուլին լռեցնելու միջոցով սեփական գիծն առաջ տանել, այլ պարզապես գնում է ում հնարավոր է և ինչքան հնարավոր է։ Սերժն «օրվա կուրսով» շարժվող մարդ է, իսկ նման մարդիկ սովորաբար կայուն հայացքներով աչքի չեն ընկնում և դիմացինների հետ լեզու են գտնում բացառապես փողի միջոցով, իսկ երբ դա չի ստացվում, գործի են դնում «մուտիլովկաներն» ու խարդավանքը։

Սերժ Սարգսյանը առևտրականի հոգեբանությամբ է հարաբերվում մամուլի հետ, և դա է պատճառը, որ «անկախ» լրատվամիջոցները և «առաջադեմ» լրագրողներն ու վերլուծաբանները շատ են սիրում ՀՀԿ ղեկավարին, քանզի վերջինս, ի տարբերություն Տեր–Պետրոսյանի և Քոչարյանի, շատ լավ է նայում չորրորդ իշխանության ներկայացուցիչների մեծ մասին՝ պուտանկեքի պես առնելով նրանց։

Եվ այսպես, քաղաքական դաշտի մեծ մասին հաճախորդացնելուց ու դհոլացնելուց հետո, Սերժն իր շրջապատի հետ միասին անցել է ԶԼՄ–ներին դհոլացնելու գործին, ու այդ ամենը ներկայացնել որպես հանդուրժողականություն և ժողովրդավարություն պարզապես դեմագոգիա է։

Կարող ենք արձանագրել, որ Սերժի օրոք մամուլը դարձավ հանրության դեմ կիրառվող զենքերից մեկը, ինչպիսին չի եղել ո՛չ Տեր–Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի օրոք։ Եվ որ ամենանողկալին է՝ ներկայիս վարքագծով իրենց ընդդիմադիր ներկայացնող լրատվամիջոցներն իշխանության համար 5–րդ շարասյան ֆունկցիա են կատարում։

Փաստորեն, «նախաձեռնողական» իշխանությունը փոխանակ փորձեր այնպես անել, որ երկրից վերջին չորս տարիներին 150 հազ. մարդ չհեռանար, գնաց լրիվ այլ ճանապարհով և գերադասեց պահել մի 150 լրագրողի ու քաղաքական հաճախորդի և նրանց «քսի» տվեց հասարակության վրա, ինչպես որ Օրուելի նկարագրած անասնաֆերմայում խոզերն էին քսի տալիս իրենց ենթակա գամփռ շներին։

«Այդպես մեզ վրա ավելի էժան կնստի»,– հաշվարկեցին «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմամբ զբաղվող իշխանություններն ու անցան գործի։ Ասել է թե՝ «անկախ» մամուլը դարձավ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության հանցակիցն ու հետքերը վերացնողը։ Իսկ դա նշանակում է, որ Սերժի օրոք ոչնչացվում են քաղաքացիական հասարակության այն ծիլերը, որոնք ստեղծվել էին Տեր–Պետրոսյանի ու Քոչարյանի շրջանում իշխանության դեմ մղած անողոք պայքարի արդյունքում։ Այնքան  լրագրողներներ, «քաղաքացիական ակտիվիստներ» ու վերլուծաբան կոչվածներ են օրվա իշխանությանը ծախվել, որ վաղը երբ սրանք փոխվեն՝ լրատվական դաշտի մի ստվար հատված ավտոմատ կերպով Սովետաշենում գտնվող հայտնի վայրի ապրանք է դառնալու։ 

Կասկածից վեր է, որ գալիք նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն իրեն ենթակա լրատվամիջոցների ու հաճախորդների օգնությամբ (այսինքն՝ 150 հոգով) ձգտելու է վերարտադրվել, սակայն  Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներիս խնդիրը պետք է լինի կեղծիքի մեդիամեքենային համարժեք պատասխան տալն ու քաղաքական փոփոխությունների հասնելը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը