Մեկնաբանություն

31.08.2012 11:15


Սերժ Սարգսյանը, դատարկվող գյուղերն ու Սևանի արտագաղթող քաղաքապետը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը, դատարկվող գյուղերն ու Սևանի արտագաղթող քաղաքապետը (տեսանյութ)

ԱԺ ընտրությունների քարոզչական փուլում հանդիպելով մտավորական կոչվածների և կուսակցական ակտիվի հետ՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը խոսել էր նաև սահմանամերձ ու լեռնային գոտիներում գտնվող գյուղերի մասին և ուշագրավ մտքեր հայտնել։

Սերժ Սարգսյանը սահմանամերձ բնակիչներին առաջարկել էր իջնել հարթավայր կամ մոտակա գյուղ, որտեղ կան ենթակառուցվածքներ, մինչև որ պետության ձեռքը կհասնի, և այդ գոտիներում էլ կյանքն անտանելի չի դառնա։

«Եթե Երևանի դպրոցը չի ջեռուցվում, մենք ի՞նչ հնարավորություն ունենք գնանք սահմանամերձ գյուղում էնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր կենանք գնանք էնտեղ ապրենք»,–սահմանամերձ գյուղերը լքելու իր հիմնավորումներն էր ներկայացնում Սերժ Սարգսյանը՝ կենսական խնդիր չհամարելով այդ բնակավայրերի ամրապնդումը (տե՛ս հոդվածին կից ներկայացված տեսանյութը)։

Սևանի ՀՀԿ–ական քաղաքապետը, սակայն, իր գործողություններով ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի առաջարկած «մոտակա գյուղը» կամ «հարթավայրը» նույնպես ապրելու տեղ չեն ոչ միայն հասարակ մահկանացուների, այլև պաշտոնյաների համար։

Բանն այն է, որ Սևանի դեռևս գործող ղեկավարն իր հարցազրույցում անկեղծացել է, թե այլևս չի ուզում քաղաքապետ աշխատել և որոշել է Ռուսաստանում բիզնես դնել։ ՀՀԿ–ական Գևորգ Մալխասյանն ուզում է այլ երկրում բիզնես դնել՝ հակառակ ՀՀԿ–ական նախագահի և վարչապետի ելույթների, որոնց ժամանակ խոսվում է տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, բիզնես միջավայրը բարելավելու և էլի նման բաների մասին։ ՀՀԿ–ական պաշտոնյան իր օրինակով է ցույց տալիս, որ բարեշրջումների մասին իշխանության հավաստիացումները ձևական բնույթ են կրում։

Դե հիմա եկեք պատկերացնենք սահմանամերձ և լեռնային գոտում գտնվող գյուղի միջին վիճակագրական բնակչի վիճակը։ Եթե նա ընդառաջ գնա Սերժ Սարգսյանի կոչին և թողնի իր գյուղն ու տեղափոխվի հարթավայր (ասենք՝ Սևան), ապա տեղում կպարզի, որ սևանցիներն էլ իրենց հերթին են մի հարթավայրի ման գալիս, որպեսզի տեղափոխվեն (Սևանի քաղաքապետը, օրինակ, նախընտրում է Ռուսաստանի անծայրածիր հարթավայրերը)։  Ի՞նչ պետք է դրանից հետո անի սահմանամերձ գյուղի այն միջին վիճակագրական բնակիչը, ում Սերժը կոչ էր արել հավատալ և փոխել իր բնակավայրը։ Բնականաբար, նա պետք է արտագաղթի՝ հետևելով մեկ այլ ՀՀԿ–ականի քայլին, ով ազնվորեն խոստովանում է, որ այս իշխանության օրոք կյանքն այնքան անտանելի դարձել, որ անգամ պաշտոնյաներն են ուզում լքել Հայաստանը։

Եվ այսպես, երկրի նախագահի պաշտոնում գտնվող մարդը հրապարակավ արտագաղթ է քարոզում, իսկ ոմանք էլ մտածում են, թե արտագաղթի գաղափարախոսը Տիգրան Սարգսյանն է, ով ուրախանում է, երբ մարդիկ Հայաստանում մնալու և հեղափոխություն անելու փոխարեն լքում են երկիրը։ Տիգրան Սարգսյանն ընդամենը գործիքի ֆունկցիա է կատարում «Հայկական աշխարհի» համալրման մասով։ Արտագաղթի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, և հետևաբար՝ «հարթավայր» պետք է ուղարկել հենց նրան։  

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը