Լրահոս

05.06.2009 17:10


Բելառուսի դեսպանը Շիրակի մարզում

Ճանաչողական այցով այսօր Գյումրի է ժամանել ՀՀ-ում Բելառուսի արտագարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոն:

Դեսպանը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի հետ: Բելառուսի ներկայացուցչին հետաքրքրել են Շիրակի մարզի հետ համագործակցության հնարավոր ոլորտները:

«Ցավոք սրտի, Հայաստանի հետ մեր համագործակցությունը սահամանափակվում է միայն Երևանով։ Որոշակիորեն համագործակցում ենք նաև Սյունիքի մարզի հետ: Ժամանակն է այդ բացը լրացնել: Այս այցը պետք է վաղուց լիներ: Հիմա մենք փորձում ենք հասկանալ, թե ո՞ր ոլորտներում կարող ենք համագործակցել»,- նշել է Ստեպան Սուխարենկոն:

Շիրակի մարզի իշխանությունների առաջարկները համագործակցության առումով հիմնականում վերաբերում էին գյուղատնտեսության ոլորտին:

«Համագործակցության լայն հնարավորություն կա գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման ու մարզում արտադրված գյուղմթերքը Բելառուս արտահանելու առումով»,- հանդիպման ընթացքում արձանագրել է Շիրակի մարզպետը:

Սուխարենկոն հատկապես կարևորել է մարզից էկոլոգիապես մաքուր գյուղմթերքը Բելառուս արտահանելու հեռանկարը:

«Չեռնոբիլի աղետից հետո մենք խնդիրներ ունենք էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի տեսանկյունից: Շիրակը գյուղատնտեսական մարզ է և կարող է էկոլոգիապես մաքուր գյուղմթերք մատակարարել։ Այս ուղղությամբ մեծ հնարավորություն կա համագործակցելու»,- նշել է դեսպանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը