Մեկնաբանություն

01.09.2012 15:13


Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

Երբ 2008թ. նախագահական «ընտրություններից» հետո Սերժ Սարգսյանը հայտնվեց նախագահի աթոռին, հայտարարվեց, թե Հայաստանն այսուհետև վարելու է պրոակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն։ Շատ չանցած պարզվեց, որ «պրոակտիվն» ու «նախաձեռնողականը» Հայաստանի անվտանգությանը հասցված վնասների հաշվին դրսին «Այո» ասելն է։

Ինչպես հայտնի է, «նախաձեռնողականության» շրջանակներում Ս. Սարգսյանը ստորագրեց հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները, որով համաձայնեց Հայոց ցեղասպանության ուսումնասիրման ենթահանձնաժողով ստեղծել՝ զգալիորեն վնասելով դրա միջազգային ճանաչման գործընթացին։ Իսկ որ ամենաաններելին էր, քիրվայության բուռն շրջանում Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց սիրիական «Ալ Վաթան» թերթին ու հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է զիջել Ղարաբաղի տարածքներից, եթե Ադրբեջանն ընդունի ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։ Ադրբեջանը շարունակում էր իր ռազմատենչ հայտարարությունները, իսկ Սերժը «խաղաղության աղավնի» էր խաղում։ ՀՀԿ ղեկավարին թվում էր, թե միջազգային հանրությունն այդ ամենի համար իրեն «գերազանց» էր նշանակելու, իսկ Ալիևին՝ անկյուն էր կանգնեցնելու։ Սարգսյանին այդ առումով, բնականաբար, մեծ հիասթափություն էր սպասվում։ Թե ինչ ունեցանք Թուրքիայի մասով «նախաձեռնողականության» արդյունքում, բոլորին է հայտնի։

Տապալված «ֆուտբոլային» դիվանագիտությունը գնահատելով՝ Սերժ Սարգսյանի քարոզչական թիմը սկսեց «կռուտիտներ» լինել ու ձեռքբերումներից խոսել։ Պարզվում է, որ «նախաձեռնողականությունը» բացել է աշխարհի աչքերը, և բոլորը տեսել են, թե ինչ «նագլի» պետություն է Թուրքիան, որը Ցեղասպանության հարցը մեջտեղից հանելուց հետո սկսել է Ղարաբաղի հարցում նախապայմաններ առաջ քաշել՝ սահմանը բացելու դիմաց։ Փաստորեն ստացվում է, որ Սերժը «ֆուտբոլային» թամաշան նախաձեռնել էր, որպեսզի աշխարհի աչքերը բացեր։ Ավելի մառազմատիկ բացատրություն դժվար էլ սպասվեր այս իշխանությունից։

Ուշագրավ է, որ քիրվայության դրոշով վարվող արտաքին քաղաքականությունը Սերժ Սարգսյանի մոտ ավարտվեց «հայրենասիրությամբ»։ Այլ բան չէր մնում անելու։ Վերջին հանգրվանին էին հասել։

Նույն պատկերն է նաև Ռամիլ Սաֆարովի առնչությամբ։ Հունգարիայի հայ համայնքը, քաջատեղյակ մարդիկ ու կազմակերպությունները շարունակ ահազանգում էին, թե Ադրբեջանը շուտով իր երկիր է վերադարձնելու այդ մարդասպանին, բայց «նախաձեռնողական» և «պրոակտիվ» այս իշխանությունները մատը մատին չտվեցին, իսկ Հունգարիայում ՀՀ դեսպանատունը Ռամիլի Ադրբեջան հասնելուց ժամեր անց դեռ փորձում էր պարզել, թե արդյոք մարդասպանը Բուդապեշտից ուղարկվե՞լ է Բաքու։

Սերժ Սարգսյանին այժմ մնացել է միայն կռվից հետո բռունցքներ ցույց տալը և Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը կասեցնելը։ Սա էլ «հայրենասիրության» մի ձև է՝ նման Դեյր Զորի անապատներում հայկական Նյուրնբերգ պահանջելուն։

Կարող ենք արձանագրել, որ Սերժի «նախաձեռնողականությունը» վերջում միշտ ավարտվում է նեղացկոտությամբ և «հայրենասիրութամբ»։ Սկզբում նա նեղանում է, որ իրեն «քցել» է այս կամ այն պետությունը (Թուրքիան, ԵՄ–ն, ԱՄՆ–ը, Հունգարիան և այլն), իսկ հետո դեմքի լուրջ արտահայտությամբ սկսում է «հայրենասիրություն» խաղալ։

Իշխանական քարոզչամեքենան, ինչպես որ հայ–թուրքական գործընթացի անփառունակ վախճանից հետո, այսօր էլ նույն «պլյուսներն» է նշում այս խայտառակ պատմության ֆոնին։ Ասում են, թե Հայաստանը շահեց, քանզի աշխարհը տեսավ, որ Ադրբեջանը ագրեսոր է և ֆաշիստական գաղափարախոսությամբ է առաջնորդվում։ Էհ, ասենք՝ տեսավ. հետո՞։ Ձեր գործը Հայաստանի նվաստացման ու պարտության հաշվին աշխարհի աչքերը բացե՞լն է։ Դա՞ է «նախաձեռնողականության» իմաստը։

 Այս ամենը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը բացարձակ անարդյունավետ է և պետք է հեռանա, քանզի տապալել է բոլոր ոլորտները՝ արտաքինից սկսած ներքինով վերջացրած։

Իշխանության նեղ թիմին իր վերարտադրությունից բացի այլ հարց չի հետաքրքրում։ Պետական կառավարման համակարգը Սարգսյանի կողմնակիցներն աշխատեցնում են միայն իրենց անձնական շահի համար։ Սրանց օրն սկսվում է «անկախ» լրատվամիջոցների միջոցով «մուտիլովկաներ» տարածելով և ավարտվում է նոր «մուտիլովկաներ» մոգոնելով։ Ուրիշ բանով չեն զբաղվում։ Դա է պատճառը, որ Հայաստանը հետընթաց է արձանագրում, և եթե այսպես շարունակվի, ապա մենք տանուլ կտանք։ Հետևաբար՝ Սերժ Սարգսյանի թիմը պետք է հեռացվի պետական կառավարման համակարգից։ Իշխանափոխությունն այլևս ազգային անվտանգության ապահովման խնդիր է դառնում։ Նժարի մի կողմում Հայաստանն ու ՀՀ քաղաքացիներն են, մյուս կողմում՝ ադրբեջանական տիպի սուլթանատ կառուցող Սերժն ու իր փոքրաթիվ թիմը։ Եվ ուրեմն «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսը պետք է դառնա մեր երկրի ապագայով մտահոգ բոլոր ուժերի և անհատների գործողությունների ուղենիշը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ,։ Հետաքրքիր է, Գորիկ Գուրգենիչին հատուկ հանձնարարություն տալու մասին բարձրաձայնումն ընդամենը Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն դարձնելու կամ «Արմենիկումի» պես հերթական «փուչիկների՞ց» էր, թե՞ այնուամենայնիվ հատուկ հանձնարարությունը կկատարվի։ Համենայնդեպս Սաֆարովը դեռ ողջ է, և նրա հարցերը լուծելը Հայաստանի իշխանության վերջին շանսն է դեմքը փրկելու համար։  

Այս խորագրի վերջին նյութերը