Մեկնաբանություն

06.09.2012 00:21


Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ ինչի՞ է պատրաստվում Սարգսյանը

Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ ինչի՞ է պատրաստվում Սարգսյանը

Հունգարիայի կառավարությունը բացեց անգամ ամենաքնած ՀՀ քաղաքացու աչքերը։ Նույնն արեց նաև Իլհամ Ալիևը։

Հիմա արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության «նախաձեռնողականությունը» միայն պարտություններ է բերել Հայաստանին, ու եթե այսպես շարունակվի, ապա մի օր կարող ենք շատ ավելի վատ լուրերի ունկնդիր դառնալ։ Հունգարիայի քայլն ընդամենը ցույց տվեց, թե ինչով է զբաղված կամ ավելի ճիշտ՝ ինչով չի զբաղված Հայաստանի իշխանությունը։

Հիմա բոլորի համար պարզ դարձավ նաև, որ Ալիևը պատրաստվում է պատերազմի և պարզապես քաղաքական անհեռատեսություն էր «ֆուտբոլային» դիվանագիտությունն ու դրա շրջանակներում արված Սարգսյանի հայտարարությունները Ղարաբաղի տարածքները զիջելու պատրաստակամության մասին։ Սերժն այդպիսով ուզում էր «խաղաղության աղավնի» խաղալ և Հայաստանի շահերի հաշվին դուր գալ դրսի ուժերին (այդ թվում՝ Թուրքիային), բայց ստացավ այն, ինչը կանխատեսելի էր՝ մերժում և նվաստացում։ Ցավն այն է, որ հասկանալի պատճառով՝ մերժվածի ու նվաստացածի վիճակում հայտնվեց Հայաստանը։

Սերժի «խաղաղասիրությունն» ավելի լկտիացրեց Ալիևին, ու հիմա նա ձեռնոց է նետում մեր պետությանն ու ժողովրդին։

Ինչ վերաբերում է միաջազգային հանրություն կոչվածին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ապա Սաֆարովի հետ կապված պատմությանը հաջորդած նրանց պահվածքը ցույց է տալիս, որ ո՛չ ԱՄՆ–ը, ո՛չ ԵՄ–ն և ո՛չ էլ ՌԴ–ն առանձնապես մտահոգված չեն Կովկասում ֆաշիստական գաղափարախոսության կրող Ադրբեջանի ղեկավարության քայլերով։ Իսկ դա նշանակում է, որ նշյալ պետությունները նույնանման պահվածք կորդեգրեն Ալիևի ռազմական ավանտյուրայի ժամանակ։ Ավանտյուրա, որի հավանականությունն օր օրի մեծանում է, քանզի Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը թուլացել է։

Եվ այսպես, մարդասպան Սաֆարովին ազգային հերոս հռչակելով՝ Ալիևը չի թաքցնում, որ կացնահարումը Հայաստանի հետ հարաբերությունները պարզելու իր միակ նախընտրած տարբերակն է։ Հայաստանն այս ամենին կարող է պատասխանել միայն ներքին կյանքում լրջագույն փոփոխություններ իրականացնելով և հզոր Հայաստան կառուցելով։ Ադրբեջանական ֆաշիզմը կարող է ոչնչացնել միան զարգացած տնտեսություն, արդյունավետ կառավարություն, արժանապատիվ հասարակություն և մարտունակ բանակ ունեցող Հայաստանը։ Սերժ Սարգսյանն իր նախագահության չորս տարիների ընթացքում ապացուցեց, որ ինքը որպես երկրի ղեկավար անհամատեղելի է նշյալ նպատակների իրագործման հետ, և հետևաբար պետք է հեռանա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը