Մեկնաբանություն

06.09.2012 18:10


Սարգսյանի կիրառած «սև» PR–ը չաշխատեց

Սարգսյանի կիրառած «սև» PR–ը չաշխատեց

Իլհամ Ալիևը տարիներ շարունակ պատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի։ Իսկ ահա Սերժ Սարգսյանն ավելի «լուրջ» գործով է զբաղված՝ նա պատրաստվում է «վերարտադրություն» օպերացիայի իրականացմանը։

Ներքին ու արտաքին քաղաքական ուղղություններում պարտություն կրած սերժսարգսյանական թիմը շատ լավ հասկանում է, որ ՀՀԿ ղեկավարին պոզիտիվ լույսի ներքո հնարավոր չէ ներկայացնել գալիք նախագահական ընտրություններում։ Դա է պատճառը, որ Բաղրամյան 26–ում, հասկանալի պատճառներով, որոշել են ոչ թե Սարգսյանի ապահոված դրական արդյունքները (դրանք պարզապես բացակայում են) «ռասկրուտկա» անելով ձայն խնդրել, այլ կեղտոտել ամբողջ քաղաքական դաշտն ու «փչացնել» բոլորին, որպեսզի իրենց փչացածությունը շատ «չզռռա»։

Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն ուզում է հասնել նրան, որ անայլընտրանք անցնեն գալիք նախագահական ընտրությունները, քանզի լավ հասկանում է, որ ցանկացած մրցակցություն հօգուտ իրեն չի լինելու։

«Վերարտադրություն» օպերացիայի շրջանակներում լրատվական ու քաղաքական դաշտի մեծ մասին նախագահականից արդեն գնել են կամ «երկխոսացրել»։

Հա, ի դեպ, չմոռանանք ողջունել «Ա1+»–ի հայտնվելը «ուղղափառ» իշխանամետ «Արմնյուզ» TV–ի ազատ, բայց պատասխանատու եթերում։ Եկեք արձանագրենք, որ Սերժը Քոչարյանից ավելի ճկուն և «հումանիստ» դուրս եկավ։ Վերջինս կոշտ ձևով փակեց «Ա1+»–ը, բայց չոչնչացրեց այդ հեռուստաընկերության իմիջը, իսկ ահա Սարգսյանը «երկխոսության» մեջ մտավ «Ա1+»–ի հետ։ Այսինքն՝ Սարգսյանը երբեմնի ընդդիմադիր հեռուստաընկերության հետ վարվեց իրեն հոգեհարազատ մեթոդով։ Ինչևէ։

Եվ այսպես, Հայաստանում մնացել են ինքնուրույն գործող և «չերկխոսացված» մի քանի կենտրոններ, որոնց դեմ նախագահականն իր դրածոների միջոցով արշավ է սկել։ Հակառակորդների դեմ պայքարում միջոցների ընտրություն չի կատարվում։ Կիրառելի է համարվում ամեն ինչ։

Գաղտնիք չէ, որ նախագահականի գլխավոր թիրախը ԲՀԿ–ն է։ Սերժ Սարգսյանն անձամբ է լծվել Գագիկ Ծառուկյանի գլխավորած թիմի դեմ «սև» PR անելու գործին։ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների և Սամվել Բալասանյանի հետ կապված Սարգսյանի այն հայտարարությունը, թե ինքն է առաջադրել ԲՀԿ–ական Բալասանյանին՝ միանշանակ «սև» PR–ի ոլորտից էր։ Դրանով փորձ արվեց տպավորություն ստեղծել, որ Գյումրիում ամեն ինչ որոշել է նախագահը, և Սարգսյան–Ծառուկյան հարաբերություններում առկա լարվածությունն ընդամենը խաղ է։ Նկատենք, սակայն, որ Սարգսյանն ինքը հայտնվեց անհարմար վիճակի մեջ, քանզի Բալասանյանը նշեց, որ ինքն առաջադրվել է ԲՀԿ–ի քաղխորհուրդի կողմից և դրա համար շնորհակալ է Ծառուկյանից։ Ասել է թե՝ ԲՀԿ–ի դեմ կիրառված էժանագին «տրյուկը» շատ կարճ կյանք ունեցավ։

Իրականությունն այն է, որ ՀՀԿ–ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանին Սերժը ստիպված էր «փուռը» տալ՝ ապահովագրելով իրեն հերթական պարտությունից։ Այսինքն՝ ոչ թե Սերժն է Գյումրիի քաղաքապետին հեռացրել, այլ գյումրեցիները՝ իրենց ձայնը ԲՀԿ–ին տալով։ Մնացածը «հավայի» խոսակցություններ են։ Սերժին որ մնար, Վարդանիկը հավերժ քաղաքապետ կկարգվեր։ Ի վերջո, զուտ տեսակային առումով էլ Սերժն ու Վարդանիկն իրար «բռնում» են, ինչը նշանակում է, որ սրտի կսկիծով է նախագահը հրաժեշտ տվել իր կուսակից ընկերոջը։

Մի խոսքով, աղվեսի քիթը խաղողին չհասավ, ասաց՝ խակ էր, Սերժն էլ Վարդանիկին չկարողացավ պահել, ասաց, թե ինքն է առաջադրել Բալասանյանին...

Փաստորեն, Սերժ Սարգսյանն ուզում էր ԲՀԿ–ից ԱԺ ընտրությունների ժամանակ Գյումրիում կրած պարտությունը կոմպենսացնել «Ես եմ ԲՀԿ–ականի «դաբրոն» տվել քաղաքապետ դառնալու համար» բլեֆի կիրառմամբ, բայց չհաջողեց։ «Սերժ ամենակարողի» հետևողականորն փչվող փուչիկը պայթեց մի քանի ժամում, այն էլ՝ Բալասանյանի միջոցով։

Ուշագրավ է, որ քաղաքական հակառակորդների դեմ (մասնավորապես՝ ԲՀԿ–ի դեմ) Սերժ Սարգսյանը կիրառում է մի մեթոդ, որի մասին իր «աղջիկ» ժամանակ խոսել էր Արտաշես Գեղամյանը։

«Սերժ Սարգսյանի անվան հետ ում անունը կապվի, վարկաբեկվում է»,–«թունդ ընդդիմադիր» աշխատած տարիներին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր Սերժ Սարգսյանի կողմից «դատարկ դհոլ» որակումը ստացած, իսկ այժմ ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Գեղամյանը։ Սա այն եզակի դեպքերից է, երբ դժվար է չհամաձայնել Սերժի բացահայտված հաճախորդի հետ։

Գյումրիում արված Սերժ Սարգսյանի հայտարարությունը ցույց տվեց, որ նա քաղաքական մրցակիցների դեմ պայքարում է Գեղամյանի նշած տարբերակով, այն է՝ իր հետ է կապում մարդկանց, որպեսզի վարկաբեկի նրանց։ Բայց Սարգսյանի «սև» PR–ը իր դեմ աշխատեց։ 

Ճիշտ է, Սերժը, թերևս, մի քանի հոգու կարողացավ մի քանի ժամով համոզել, որ ԲՀԿ–ի հետ ինքը պայմանավորված է խաղում և ամեն ինչ վերահսկողության տակ է, բայց դե՝ նման դեպքերում հստակ գործում է ժողովրդական հայտնի խոսքը 40 օրվա ժամկետի մասին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը