Լրահոս

22.11.2010 14:04


ՀՀԿ պատգամավոր. «Ադրբեջանի նախագահը ոչ այլ ինչ է, քան դասալիք»

ՀՀԿ պատգամավոր. «Ադրբեջանի նախագահը ոչ այլ ինչ է, քան դասալիք»

«Հենարան» ակումբում Սերժ Սարգսյանի Լիսաբոն չմեկնելուն անդրադառնալով՝ ԱԺ գիտության, կրթության, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ասել է, թե Լիսաբոնյան վեհաժողովի փաստաթղթում տեղ էր գտել տարածքային ամբողջականության սկզբունքը՝ առանց այն շաղկապելու մնացած հիմնարար սկզբունքների հետ, ինչն ուղղակի անհնարին էր դարձնում ՀՀ նախագահի այցը Լիսաբոն.

-Առանց այն էլ Ադրբեջանի կողմից ցանկացած հարթակ և ցանկացած քայլ օգտագործվում է իրենց «հաղթանակները» բարձրաձայնելու և ռազմական հռետորիկան ավելացնելու հարցերում, և պատկերացրեք, թե ի՞նչ կլիներ, եթե նախագահ Սերժ Սարգսյանն այցելեր այդ վեհաժողովին, և հետո Ադրբեջանի կողմից ի՞նչ հերթական շահարկումներ տեղի կունենային,-ասել է Ա. Դավթյանը և հավելել, որ նախագահի՝ Լիսաբոն մեկնել հրաժարվելուց հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ն անելիք չունի ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ, նաև նախագահ Սերժ Սարգսյանի Լիսաբոն չմեկնելով էր պայմանավորված, և մեսիջ էր առաջին հերթին Ադրբեջանին և համաշխարհային հանրությանը, թե այն, ինչ ամրագրված է փաստաթղթում, այսինքն ընդհանրական ձևակերպումները, կիրառելի չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում։

Նա նաև նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահի հետ կապված ինտենսիվ թերապիայի միջոցառումներ են իրականացվում, մասնավորապես' խոսքը ԼՂՀ-ում անցկացված զորավարժությունների մասին է և այլն։ Իր խոսքերով' Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները պայմանավորված են դասալքության բարդույթով.

-Կարծում եմ՝ Ադրբեջանի նախագահը ոչ այլ ինչ է, քան դասալիք, ով հոխորտում ու խոսում է անընդհատ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժով լուծելու մասին այն պարագայում, երբ առաջին պատերազմի ժամանակ ինքը որևէ կերպ չի մասնակցել ո՛չ ռազմական գործողություններին, ո՛չ էլ վառոդի հոտ է առել։ Հետևապես այդ բարդույթավորված էությունն է անընդհատ խոսում իր մեջ, որովհետև պատկերացնում եք, որ ցանկացած երկրում, կարծում եմ' նաև Ադրբեջանում, առնվազն բարոյական հարթության հետ խնդիր պետք է ունենա պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող մարդը, ով փաստորեն պատերազմի ժամանակ եղել է դասալիք, և փաստորեն այն ժամանակ, երբ պետությունը և հայրենիքը կարիք ունեին ֆիզիկապես առողջ զորակոչային տարիք ունեցող տղամարդու մասնակցության, չի մասնակցում պատերազմին, և բնական է, որ չպետք է զբաղեցներ նման պաշտոններ, էլ չենք խոսում պետության գլխի կամ ղեկավարի մասին,-ասել է նա և հավելել, որ դա ոչ միայն բարոյական, այլև իրավական խնդրի հարթությունում է։

Ինչ վերաբերում է Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին, Ա. Դավթյանի կարծիքով՝ այնտեղ որևէ բեկումնային փաստաթղթի ստորագրումն անհնար է։ Դա, նրա խոսքերով, հնարավոր կլինի այն ժամանակ, երբ ԼՂՀ-ն ինքը նստի Ադրբեջանի հետ բանակցային սեղանի շուրջ և որոշի իր ճակատագիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը