Մեկնաբանություն

14.09.2012 16:15


Սիմբա շունը և Նեմեց Ռուբոն

Սիմբա շունը և Նեմեց Ռուբոն

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի գաղափարակից ընկեր և հավատարիմ հենարան Ռուբեն Հայրապետյանն իր հայտնի հարցազրույցում մի շարք ուշագրավ ձևակերպումներ էր տվել։ Նա մասնավորապես նշել էր, թե Ռոբերտ Քոչարյանի ճնշմամբ է վաճառել «Գրանտ Տոբակոյում» ունեցած իր փայը։

Պատասխանելով «Նուվել դ՛Արմենի» ամսագրի լրագրողի հարցին՝ Հայրապետյանը համոզմունք էր հայտնել, որ Քոչարյանն ու Տեր–Պետրոսյանը միացել են ընդդեմ Սարգսյանի և ուզում են քանդել երկիրը, իսկ ինքն առաջին ու երկրորդ նախագահների թիրախն է դարձել, քանզի հավատարիմ է Սարգսյանին։ Փաստորեն, պատգամավորական մանդատից չհրաժարվելու մասին ակնարկներ անող Ռուբենը Սերժի դեմ ուղղված լևոնա–ռոբերտա–բհկական դավադրություն է տեսնում և «դոշ» տալիս տիրոջ համար։

Ըստ ՀՖՖ նախագահի՝ մարդիկ չեն կարող ինքնուրույն լինել և սեփական նախաձեռնությամբ բողոքել «Հարսնաքարում» տեղի ունեցած սպանության փաստի առնչությամբ։ Ռուբենը վստահ է, որ այս կամ այն անձը կա՛մ պետք է լինի ինչ որ մեկի շունը, կա՛մ «մարդը»։ Իր դեմ բողոքողներին նա կպցրել է «Քոչարյանի շներ» պիտակը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայրապետյանը նույն հարցազրույցում իրեն ներկայացրել է որպես Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ հենարաններից՝ կարելի է հստակ կարծիք կազմել, թե ինչ կարգավիճակով է ինքը Սերժին ծառայում։

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանին դուր էին եկել Հայրապետյանի «մտքերը», քանզի հարցազրույցի հրապարակումից հետո նախագահական նստավայրից որևէ արձագանք չեղավ։ Ավելին, տեսակետ կա, որ հենց նախագահականի՛ ցուցումով էր Ռուբենը «տաքացել» ու բացել բերանը։ Թերևս այս երկրորդ վարկածի ճշմարտանմանությունն էր պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի արձագանքի հասցեատերը, փաստացի, Սերժ Սարգսյանն էր, այլ ոչ թե «Նեմեցը»։

«Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն` «գոլդեն ռետրիվեր» ցեղատեսակի, Սիմբա անունով: Այդ շան բնավորության գլխավոր առանձնահատկությունն էլ այն է, որ երբեք դատարկ տեղը չի հաչում»,–նկատել էր Սողոմոնյանը՝ ««Նեմեց» քեզ ասում եմ, Սերժ դու հասկացիր» տարբերակով։

Սողոմոնյանի ասածներից ստացվում է, որ Քոչարյանի Սիմբա շունն ավելի ադեկվատ պահվածք ունի, քան Սարգսյանի «Նեմեցը», քանզի չորքոտանին հավայի հաչող չէ։ Ինչևէ։

Ի դեպ, նախագահականից չարձագանքեցին նաև Վ. Սողոմոնյանի տված գնահատականներին, ինչից կարող ենք եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը խրախուսում և ճիշտ է համարում Հայրապետյանի պահվածքը, բայց շների թեմայով համակարծիք է Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հետ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը