Մեկնաբանություն

14.09.2012 17:35


Սաֆարովը և սերժամոլ շիզոֆրենիկները

Սաֆարովը և սերժամոլ շիզոֆրենիկները

Ռամիլ Սաֆարովի հետ կապված պատմությունից հետո «նախաձեռնողական» իշխանության մոտ կրկին «հայրենասիրության» փուլ է սկսվել։ Նույն գծի վրա են նաև Բաղրամյան 26–ին կից գործող սազանդարները, ովքեր մի ժամանակ ծափահարում էին Սերժ Սարգսյանին «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում և ծպտուն չէին հանում, երբ ՀՀԿ ղեկավարը հարցազրույցը հարցազրույցի հետևից էր տալիս և պատրաստակամություն հայտնում հանձնել Ղարաբաղի հողերը՝ Ադրբեջանի կողմից ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության դիմաց։

Իրենց առաջադեմ վերլուծաբան, թուրքագետ կամ մտքի գիգանտ համարողները հայ–թուրքական քիրվայության փուլում կողմ էին Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից բխող գործընթացին։ Պարզ է, որ նրանք կողմ էին Սերժին, բայց դե փաստն այն է, որ անձամբ էին լծվել «ֆուտբոլը» քարոզելու գործին ու փրփուրները բերաններին պաշտպանում էին Հայոց ցեղասպանությունն առևտրի առարկա դարձնող ու Թուրքիային Ղարաբաղի հարցում բացահայտ խառնվելու «քարտ–բլանշ» տվող տխրահռչակ արձանագրությունները։

Ուշագրավն այն է, որ նույն վերլուծաբանները և մտքի գիգանտները հիմա էլ հակառակ ծայրահեղության մեջ են ընկել ու առաջարկում են Մինսկի խմբի վերացման քաղաքականություն վարել, որպեսզի հնարավորություն ստեղծվի ԼՂՀ անկախության ճանաչման համար։ Նկատենք, որ սա արդեն շիզոֆրենիայի դրսևորում է։ Այդ մարդիկ, թերևս, չեն հասկանում, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում միջնորդություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունն ամենևին էլ խոչընդոտ չէ ԼՂՀ անկախության ճանաչման համար։ ԼՂՀ միջազգային ճանաչումը, այո՛, պետք է լինի պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի հիմնական նպատակը, բայց դրան հասնելու ճանապարհը Մինսկի խմբի վերացման հետ կապելը լավագույն դեպքում քաղաքական անմեղսունակություն կարող է համարվել։

Ի դեպ, նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման հարցում, այնպես ինչպես «ֆուտբոլային» դիվանագիտության մեջ, կրկին շահագրգռված են Թուրքիան ու Ադրբեջանը, քանի որ ուզում են Ղարաբաղի հարցը տեղափոխել ՄԱԿ կամ ԵՄ։ Պատճառն այն է, որ ՄԱԿ–ում և ԵՄ–ում Ադրբեջանը կարողացել է անցկացնել իր շահերից բխող որոշումներ և միայն Մինսկի խմբի գոյությունն է, որ այդ որոշումները մեզ համար իմպերատիվ բնույթ չեն կրում։ Թե ինչու են թուրք–ադրբեջանական տանդեմին այս անգամ ևս ձայնակցում իգորմուրադյանատիպ «հայրենասերները»՝ մնում է միայն կռահել։ Մեկ բան ակնհայտ է. Սերժ Սարգսյանն ու իր թիմը ինչ էլ անեն, վերջում ստացվում է ինչպես միշտ՝ թրքաբոլշևիզմ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը