Մեկնաբանություն

17.09.2012 00:15


«Տիգրա՛ն, սիրո՛ւն չի». արար 3–րդ (մուլտֆիլմ)

«Տիգրա՛ն, սիրո՛ւն չի». արար 3–րդ (մուլտֆիլմ)

«Ժողովրդին պետք է տալ հաց և տեսարաններ»,–ասում էին հին Հռոմում։ Հայաստանում այսօր հացի ապահովման խնդիրը բարդ է։ Իշխանության գործունեության հետևանքով երկրից արտագաղթողների քանակը հարյուր հազարով է չափվում, աղքատ է բնակչության ավելի քան 36 տոկոսը, Հայաստանի արտաքին պարտքը ՀՆԱ–ի գրեթե կեսն է կազմում, գները մեզ մոտ միջազգային մակարդակի են, իսկ մարդկանց եկամուտները՝ տեղական, այսինքն՝ ցածր։

Եվ այսպես, հացի ապահովման հարցում Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը խնդիրներ ունեն, ինչը փորձ է արվում կոմպենսացնել գեբելսյան քարոզչության իրականացման և էժանագին տեսարանների ապահովման միջոցով։

Վարչապետի «ատկատը» և նախագահի «նակատը»

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ խորհրդակցություն տեղի ունեցավ կառավարությունում։ Խորհրդակցությունն այդ «Բարի թագավորը և չար բոյարները» սցենարով և «էքշըն» ոճի մեջ էր։ Իր բովանդակությամբ այն չէր զիջում հայկական սերիալներին, քանզի բազմաչարչար հեռուստադիտողին մատուցվեց միջինից ցածր մակարդակի դերասանական խաղ և արհեստական էմոցիա, ու այդպես էլ պարզ չդարձավ, թե վերջում ով է հաղթելու՝ «չա՞րը», թե՞ «բարին»։

Պարզվում է, որ «բարի թագավորը» 4 տարի շարունակ «չար բոյար» Տիգրան Սարգսյանից լավ աշխատանք է պահանջում, բայց վերջինս չի սթափվում և լավ չի աշխատում։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Ակնհայտ է, որ Ս. Սարգսյանը որոշել էր «քոթակի տղեկ» սարքել վարչապետին, ինչն ուշագրավ է այն խոսակցությունների ֆոնին, որ նախագահական ընտրություններից առաջ Տիգրան Սարգսյանին «փուռը» տալով՝ ՀՀԿ ղեկավարը փորձելու է տարանջատվել տնտեսության մեջ արձանագրված ձախողումներից։

Հիմա հարց է առաջանում, թե ո՞ւմ էին հասցեագրված նախագահի խոսքերը և արդյոք նման ձևով հնարավո՞ր է երկրում տիրող մթնոլորտի ամբողջ մեղքը բարդել վարչապետի վրա ու ջրից չոր դուրս գալ։

Վարչապետ «զարկելու» պահը

Եթե նախագահն իրոք ուզում է պատժել անարդյունավետությամբ աչքի ընկած Տիգրան Սարգսյանին, ապա նա ուշացել է։ Այն, որ վարչապետն իր տեղում չէ, պարզ է բոլորին, բայց նա որպես գործիք է ծառայել Բաղրամյան 26–ի ձեռքում, ինչը նշանակում է, որ արձանագրված ձախողումների միակ ու գլխավոր պատասխանատուն Տիգրանը  չէ։

Այո՛, «Հայկական աշխարհի» ճարտարապետը որքան շուտ ազատի Կառավարության շենքի համապատասխան սենյակն, այնքան լավ ՀՀ քաղաքացիների համար, բայց միամիտ պետք է լինել՝ կարծելու համար, թե նրան հեռացնելով հարցերը կկարգավորվեն։

Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանից տարանջատվելու և տնտեսության խայտառակ անկման համար քաղաքական պատասխանատվությունից խուսափելու շատ ավելի հարմար առիթներ ուներ, սակայն չօգտվեց դրանցից։

Այսպես, վարչապետն ու իշխանության տնտեսական բլոկը ներկայացնող դեմքերը պետք է անմիջապես թոշակի ուղարկվեին 2009թ. մարտի 3–ին, երբ դոլար–դրամ փոխարժեքի հետ կապված «գիշերային» որոշումից հետո ՀՀ բնակչության դրամական միջոցները արժեզրկվեցին ավելի քան 25 տոկոսով։ Դրանից առաջ իշխանությունը հասցրել էր շուրջ 700 միլիոն դոլարի չափով պակասեցնել ՀՀ պահուստային ֆոնդը՝ դոլարի գինն արհեստականորեն 305 դրամ պահելով։ Դրամի փոխարժեքը շոկային տարբերակով կտրուկ թուլացնելով՝ իշխանությունը, կարելի է ասել, որ գրպանահատի պես թալանեց մեր ժողովրդի ճնշող մեծամասնությանը՝ դրանից առաջ վարչապետի հայտարարությունների միջոցով բթացնելով շատերի զգոնությունը։

Սերժ Սարգսյանը կարող էր քավության նոխազ դարձնել Տիգրան Սարգսյանին 2010թ. սկզբում, երբ ամփոփվեցին 2009–ի խայտառակ տնտեսական ցուցանիշները և պարզ դարձավ, որ  արձանագրվել է ՀՆԱ երկնիշ անկում (-14,4 %)։ Այդքանից հետո, սակայն, վարչապետի փոփոխություն նույնպես չարվեց։

ՀՀԿ ղեկավարը վերջին 4 տարիների ընթացքում ոչ միայն չազատվեց Տ. Սարգսյանից, այլ ճիշտ հակառակը՝ ատամներով պահեց նրան ու չընդունեց քաղաքական ու փորձագիտական շրջանակներից եկող քննադատությունները։ Ավելին, այս տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ–ն համագումար արեց, որի ժամանակ Սերժ Սարգսյանը դրական գնահատեց տնտեսական քաղաքականությունը և փորձեց թվային լեզվով համոզել հայ ժողովրդին, որ այսքան ուրախ կյանքը մեր Տիգրանն ու ինքն են տվել։ 

Տիգրանը մնացել է Սերժի «վրա»

Եթե Սերժ Սարգսյանը, ինչպես ուզում էին մեզ համոզել շաբաթ օրը տեղի ունեցած շոուի կազմակերպիչները, դժգոհ է Կառավարության գործունեությունից, ապա նույն այդ Կառավարությունը Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ չպետք է վերարտադրվեր ԱԺ ընտրություններից հետո, այնինչ Ս. Սարգսյանը նոր խորհրդարանին կրկին ներկայացրեց մշտաժպիտ «բարեշրջիչին»։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետին սթափեցնող բարկությունը PR նշանակության է և լրիվ այլ նպատակ է հետապնդում։

Պաթոլոգիկ իշխանամետ չլինելու և ինքդ քեզ հայտնի չորքոտանու տեղ չդնելու դեպքում շատ դժվար է հավատալը, որ 4 տարի շարունակ գործադիրի անդամները նախագահին «ֆռռացրել» են ու գնումների գործընթացի օգնությամբ կոռուպցիոն փողեր են կերել։ Էլ չխոսած «ատկատների» մասին։ Իսկ եթե նախագահն, իրոք, 4 տարի կռիվ է տվել «չար բոյարների» դեմ և արդյունքի չի հասել, ապա ինչո՞ւ է այդ ընթացքում նրանց կրծքով պաշտպանել։ Քանի՞ մարդ կգտնվի, ով կհավատա, որ Ս. Սարգսյանը «ատկատների» մասին տեղյակ չէ։ Իսկ քանի՞սը կհավատան, որ «ատկատներն» այդ ամենավերև չեն գնում։ Ինչևէ։

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը «Վերարտադրություն» օպերացիայի շրջանակներում փորձում է «խուրդված» վարչապետին աճուրդի հանել ու «նաղդել», ընդ որում՝ «նաղդել» մի քանի սուբյեկտի վրա՝ «Ես էլ եմ վարչապետի գործունեությունից դժգոհ» թեմայով։ Այս ամենը, ժողովրդական լեզվով ասած, նալերը հանած սատկած էշին ծախելու պես մի բան է հիշեցնում, բայց դե նախագահական ընտրությունների նախաշեմին Տիգրանն ու իր պաշտոնը նույնիսկ «նալերով» ոչ մեկին չի հետաքրքրում, էլ ուր մնաց, թե առանց «նալի»։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ի դեպ, հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ իր դժգոհությունն էր հայտնում ոչ թե վարվող տնտեսական քաղաքականությունից, այլ առանձին վերցրած գնումների ու տենդերների կազմակերպման ընթացակարգերից, ինչը նշանակում է, որ ամենևին էլ խոսք չկա ներկա կուրսը փոխելու և արատավոր տնտեսական քաղաքականությունից հրաժարվելու մասին, այլ ընդամենը իշխանության վերարտադրման հարց է լուծվում, որի շրջանակներում պետք եղավ «Տիգրա՛ն, սիրու՛ն չի» բեմադրությունը։ Այսինքն՝ Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունը կարելի է «Մաշտոցի պուրակ-3» համարել՝ «Տարո՛ն, սիրու՛ն չի» և «Նեմե՛ց, սիրու՛ն չի» բեմադրություններից հետո։ 

Հ.Գ.-2։ Խորհրդակցության ժամանակ պարզ դարձավ, որ այդպիսի միջոցառումները պարբերական բնույթ են կրելու։ Այսինքն շոուն շարունակվելու է, և մեզ դեռ շատ հետաքրքիր տեսարաններ են սպասվում, իսկ մինչև այդ առաջարկում եմ դիտել Օրուելի հայտնի գործի հիման վրա նկարահանած մուլտֆիլմը։

Այս խորագրի վերջին նյութերը