Մեկնաբանություն

17.09.2012 18:55


Սթափեցնող նախագահն ու նրա անսթափ շրջապատը

Սթափեցնող նախագահն ու նրա անսթափ շրջապատը

Բանից պարզվում է, որ Սերժ Սարգսյանը, բազում այլ հատկություններից զատ (երկխոսող, նախաձեռնող, «ֆուտբոլասեր» և այլն), ունի նաև մարդկանց սթափեցնելու հատկություն։ Համենայնդեպս, այդ մասին հավաստիացնում են նրա թիմակիցները՝ Արտաշես Գեղամյանն ու Տիգրան Սարգսյանը։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը տարիներ առաջ «դատարկ դհոլ» անվանեց ՀՀԿ խմբակցության ներկայիս անդամ Արտաշես Գեղամյանին։ «7 օրը» երբեմնի ընդդիմադիր գործչից հետաքրքրվել էր, թե ի՞նչ ազդեցություն էր թողել Ս. Սարգսյանի դհոլային որակումը (տե՛ս http://7or.am/am/news/view/35850/«Անշուշտ, դրանք սթափեցնող արտահայտություններ էին»,– նշել էր «Ազգային միաբանության» առաջնորդը, ով ընդդիմադիր աշխատած ժամանակաշրջանում պնդում էր, թե ինքը «բրոնեժիլետ» է հագնում, որպեսզի պաշտպանվի Սերժ Սարգսյանից, ինչպես նաև համոզմունք էր հայտնում, որ ում անունը Սերժ Սարգսյանի հետ կապվի, անմիջապես կվարկաբեկվի։

Թե ինչպես և քանի «զրոյով» սթափվեց Գեղամյանը, արդեն երկրորդական հարց է։ Տվյալ դեպքում փաստն այն է, որ մարդը խոստովանում է, որ Սերժի ասածներից սթափվում է։ Սթափվում ու հայտնվում է ՀՀԿ–ի ցուցակում։

Անցնենք մյուս սթափվողին։

Օրերս Կառավարությունում տեղի ունեցած թամաշա–խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի խոսքերը սթափեցրեցին նաև վարչապետ Տիգրան Սարգսյանին։

«Այն բոլոր գնահատականները, որ Դուք տվեցիք, պարոն նախագահ, սթափեցնող են և պարտադրում են մեզ բոլորիս էական փոփոխություններ կատարել մեր աշխատանքներում, և մենք այդ ամենն անպայման կիրականացնենք»,–նախագահի սթափեցնող ելույթից հետո հայտարարեց վարչապետը։

Ճիշտ է, ՀՀԿ ղեկավարն այս անգամ «դատարկ դհոլ» որակումը չտվեց, բայց վարչապետին համարյա մեղադրեց «ատկատներ» ուտելու և բարեկամների միջոցով պետական տենդերները շահելու մեջ։ Տիգրան Սարգսյանին այլ բան չէր մնում, քան հայտարարել սթափվելու պատրաստակամության մասին։  

Մենք էլ գիտեինք, թե վարչապետն անսթափ է եղել միայն Թաթայի համերգի ժամանակ։ Դու մի ասա՝ Տիգրանի անսթափ վիճակն ուղիղ 4 տարի է տևել (չմոռանանք, որ նրա պապն ասել էր, թե հեռու մնա չխմողներից), բայց նախագահը բելառուսական պարտիզանի պես լռել է և չի մատնել իր դրածոյին։ Սերժի համբերության բաժակը, սակայն, լցվել է, և նա շտապել է սթափեցնող հայտարարությամբ հանդես գալ։ Շատ հուզիչ տեսարան է, այնպես չէ՞։

Հետաքրքիր է, իսկ ե՞րբ կսթափվի Սերժ Սարգսյանը։ Մեր խորին համոզմամբ՝ դա կարող է լինել միայն այն ժամանակ, երբ ժողովուրդն իր համընդհանուր «Ոչ»–ն ասի այս իշխանությանը, և համընդհանուր «Այո»–ն՝ դրական փոփոխություններին։ 2013թ. հարմար առիթ կա այդ ամենն իրականացնելու համար։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Լավատեղյակները նշում են, որ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Տիգրան Սարգսյանը, և՛ Արտաշես Գեղամյանը, մեղմ ասած, սեր ունեն ալկոհոլի նկատմամբ։ Թերևս դրանով է պայմանավորված, որ նախագահի ընկերները հաճախ են օգտագործում սթափվել բառը։

Կարելի է ենթադրել, որ, ասենք, վարչապետը տնտեսության հերն անիծել է, քանի որ խմած է եղել, այսինքն՝ անսթափ։ Հաշվի առնելով այդ և մի շարք այլ հանգամանքեր՝ կարծում ենք ճիշտ կլինի, եթե Բաղրամյան 26–ում սթափարան (ռուսական «վիտռեզվիտելների» տիպի) կառուցեն ու պարբերաբար ուշքի բերեն Սերժ Սարգսյանի նշանակած վարչապետին, կառավարության անդամներին, կուսակից ընկերներին ու բոլոր տիպի հաճախորդներին, եթե, իհարկե, նրանք լինեն անսթափ վիճակում։ 

Այս խորագրի վերջին նյութերը