Մեկնաբանություն

18.09.2012 14:05


Գրիշի՛կ, էս ի՞նչ է կատարվում հեռուստատեսության ոլորտում

Գրիշի՛կ, էս ի՞նչ է կատարվում հեռուստատեսության ոլորտում

Սերժ Սարգսյանի անցկացրած հայտնի խորհրդակցությունից հետո ձևով անկախ, բայց բովանդակությամբ իշխանական մամուլը անցավ կինոյի երկրորդ սերիայի նախապատրաստմանը՝ վհուկների որսին:

Փաստորեն, Ս. Սարգսյանն ընդունեց, որ երկրի վիճակը ծանր է: Նույնիսկ հարյուրտոկոսանոց ճշգրտությամբ նշեց դրա սկիզբը` «արդեն 4 տարի է»: Հիմա մեղավորների փնտրտուքի փուլն է: Ո՞վ պետք է դա անի. իհարկե՝ Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ գործող մամուլը:

Կախված այն բանից, թե ինչպես կզարգանան ներքաղաքական պրոցեսները, մեղավորներն էլ կլինեն դրան համապատասխան: Հիմա ազատ մատնության էտապն է: Մեղավորների հայտերն ընդունվում են հիմնականում երեք ուղղություններով.

1.Տիգրան Սարգսյան և նրա թիմ,

2.«Օլիգարխիա»,

3.Ռ. Քոչարյան և նրա հետ աշխատած մարդիկ

Մատնության ցանկացած ձև ընդունելի կլինի նախագահականի համար:

Տիգրան Սարգսյանի և «օլիգարխիայի» կետերին կանդրադառնանք առաջիկայում, իսկ ահա Ռ. Քոչարյանի դրվագը կարիք ունի ավելի դետալային մեկնաբանության:

Բաղրամյան 26-ի տակ աշխատող կայքերը վերջին օրերին անուն առ անուն «բացահայտում» են, թե այսօրվա պատգամավորներից և նախարարներից ովքեր են ժամանակին աշխատել երկրորդ նախագահի հետ, հետևաբար` ովքեր են վտանգավոր և անհուսալի տարրերը: Ընդ-որում, այդ մարդիկ գտնվում են թե՛ ԲՀԿ-ի, թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ՀՅԴ-ի շարքերում: Մի փոքր էլ լարվի իրավիճակը, այդ լրատվամիջոցները կգոռան. «Ահա՛ նրանք, բռնե՛ք նրանց: Նրանք են մեղավոր 4 տարում տնտեսությունը տապալելու, արտագաղթի ծավալները աննորմալ թվերի հասցնելու, տնտեսության գերկենտրոնացման և այլ հարցերում»:

Հայաստանում ձևավորվում է լրատվական նոր ժանր. «մատնիչ լրատվամիջոցներ»: Սա «միշիկական հեռուստամոնոպոլիայի» տրամաբանական շարունակությունն է: Բայց ինչպես միշտ, այս անգամ էլ հաշվարկը կիսատ է ու սխալ, և ահա թե ինչու:

Այսպես, Ռ. Քոչարյանի աշխատակազմի երբեմնի ղեկավարը, ով այսօր ՀՀ նախագահ է աշխատում, իրավամբ համարվում է երկրորդ նախագահի թիմի ամենակարկառուն և հայտնի ներկայացուցիչը:

Ռ. Քոչարյանի պաշտպանության նախարարը այնպես է զարմանում Սեյրանի ուշացող բարեփոխումների վրա, կարծես 9 տարի ինքը այլ նախագահի ենթակայության այլ նախարար է աշխատել:

Ռ. Քոչարյանի օրորք վարչապետ աշխատած մարդն այնպես է զայրանում 3-4 ամսվա նախարարների վրա, թե ինչու չեք իսպառ վերացրել «ատկատները», կարծես թե իր վարչապետության 6 ամիսներին «ատկատը» ջնջվել էր նույնիսկ բառարաններից:

Իհարկե, Ս. Սարգսյանը ունի նկատելի տարբերություններ երկրորդ նախագահից: Օրինակ, Քոչարյանի օրոք Միշիկը չէր կարող հեռուստաընկերությունների մեծ մասը առնել, տեղավորել նույն շենքում, և մեջն էլ «Ջազվե» բացել: Մնում է հաջորդ խորդակցության ժամանակ էլ Սերժն ասի. «Գրիշիկ (Գրիգոր Ամալյան), էդ ինչո՞ւ հեռուստատեսային դաշտը կարգի չես բերում: Արդեն 4 տարի է՝ ինչ-որ մեկի փեսան հեռուստաընկերություններն իր ձեռքն է վերցրել»:

 

Եկեք ուրեմն արձանագրենք, որ խաղը, որը սկսել են «անկախ» լրատվամիջոցները, ոչ միայն արդար չէ, այլև խիստ վտանգավոր է: Վտանգավոր է առաջին հերթին պատվիրատուների համար:

Ոմանք հակված են կարծելու, թե սա լրատվամիջոցների սեփական նախաձեռնությունն է: Դա, իհարկե, ցույց կտա ժամանակը: Խոսքը օրերի մասին է: Հակառակ պարագայում նույն քոչարյանական ժամանակահատվածից այնքան անսպառ ինֆորմացիա կա, որ եթե սկսվի դրանց արտահոսքը այն ժամանակվա և ներկա պաշտոնյաների վերաբերյալ, ապա հաստատ «սիրուն բան չի ստացվի»:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը