Մեկնաբանություն

20.09.2012 12:46


Իշխանությունն ապրում է «օրվա կուրսով»

Իշխանությունն ապրում է «օրվա կուրսով»

Արդեն սովորական են դարձել Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցների կողմից տարածվող ապատեղեկատվությունները։

Իշխանական քարոզչամեքենայի աշխատանքային սխեման շատ միօրինակ է ու վաղուց «պալիտ» եղած։ Սկզբում իրենց պատկանող որևէ թերթով կամ կայքով մի «մուտիլովկա» է դրվում շրջանառության մեջ (որպես կանոն՝ «հավաստի» աղբյուրներին հղում անելով՝ սրանք տեղեկացնում են, թե ԲՀԿ–ն սատարելու է Սերժ Սարգսյանին կամ նման մի բան), որից հետո մեկ կենտրոնից եկած հրահանգով՝ իշխանական մյուս թերթերն ու կայքերն արտատպում են այդ «լուրը», իսկ այնուհետև տեղադրվում են «վերլուծություններ», որտեղ արդեն որպես կայացած փաստ է ներկայացվում «մուտիլովկան», ու համապատասխան եզրահանգումներ արվում։ Այդպես էր պահում իրեն իշխանությունը, երբ ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով «մասնակցեց» ԱԺ ընտրություններին և ընտրություններից հետո «մտավ» կոալիցիա։

Այն  օրերին էլ գրում էին, թե Գագիկ Ծառուկյանը համաձայնել է Սերժ Սարգսյանի հետ համատեղ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց լրիվ հակառակը եղավ։ Հետո սկսեցին տարածել, թե ԲՀԿ–ն մնալու է կոալիցիայում՝ վեց նախարարական պորտֆելի ու երեք մարզպետի տեղի դիմաց։ Ինչպես հայտնի է, ԲՀԿ–ն ոչ միայն կոալիցիա չմտավ, այլև դեմ քվեարկեց «նոր» կառավարության ծրագրին։

Եվ այսպես, փորձը ցույց է տալիս, որ իշխանական «մուտիլովկան» ՀՀԿ–ական փուչիկների պես պայթում է, քանզի կյանքը լրիվ այլ բան է ցույց տալիս, բայց դե նախագահականում համառորեն շարունակում են նույն ոճով աշխատել։ Սա արդեն յուրօրինակ հոգեխանգարմունքի դրսևորում է, ցանկալին իրականի տեղ ընկալելու իրողություն, ինքնահանգստացնող մեդիտացիա։

Լավ, մի՞թե նախագահականի քարոզչաթիմը չի զգում, որ անընդհատ գրելով, թե Ծառուկյանն աջակցելու է Սարգսյանին ու անըդհատ «փչանալով»՝ շատ անհարմար վիճակի մեջ է դնում նախագահին։ Եթե չեն զգում, դա այլ հարց է։ Իսկ եթե զգում են, որ «փչացնում» են իրենց շեֆին, բայց այնդուհանդերձ գնում են նման քայլերի, ուրեմն հեչ սիրուն բան չի ստացվում։

Այսօր էլ սերժամետ թերթերից մեկը տարածել էր, թե իբր շաբաթ օրը Գագիկ Ծառուկյանը մինի–հավաք է կազմակերպել ու ասել, թե մի քանի պաշտոնի դիմաց իրենք նախագահական ընտրությունների ժամանակ պետք է սատարեն Սերժ Սարգսյանին։ ԲՀԿ–ի տարբեր ներկայացուցիչներ արդեն իսկ հերքել են այլ «լուրը», բայց համոզված ենք, որ Սերժ Սարգսյանի թիմակիցները էնտուզիազմով կշարունակեն իրենց գործը։ Դա կտևի այնքան ժամանակ, մինչև բոլորը կտեսնեն, որ թե ով ում է սատարում նախագահականի ժամանակ, ով է առաջադրվել, և ով ում դեմ է դուրս եկել։ Շատ չմնաց։ Նախագահականի գլխացավանքները դեռ առջևում են։ Տեսնենք՝ էդ ժամանակ ի՞նչ են գրելու։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը