Մեկնաբանություն

21.09.2012 11:22


Անկախության գինը և մեր անելիքը

Անկախության գինը և մեր անելիքը

Եկեք անկեղծ լինենք. մեր ժողովրդի մի ստվար հատվածի համար Անկախության օրը դեռ տոնի չի վերածվել, իսկ անկախ Հայաստանի գաղափարը դեռ չի դիտարկվում որպես բացարձակ արժեք։ Պատճառները բազմաթիվ են, բայց ամենագլխավորներից է այն, որ մենք հավաքական առումով չենք ընկալել, թե ինչպե՞ս ձեռքբերեցինք անկախությունը, ի՞նչ գնով և ի՞նչ է նշանակում անկախ ապրել։

Մեզանից ոմանք դեռ չեն գիտակցում, որ անկախությունը մենք նվաճել ենք Ղարաբաղյան պատերազմում։ Հետևաբար՝ քանի դեռ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու մոտ չկա այն գիտակցությունը, որ Հայաստանի անկախությունն ու Ղարաբաղի հաղթանակը նույն բանն են և հնարավոր չէ տարանջատել դրանք, մենք դեռ երկար կկանգնենք խնդիրների առաջ։ Առանց Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղը դատապարտված է ոչնչացման, իսկ առանց Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանը չի կարող մնալ աշխարհի քաղաքական քարտեզի վրա։ Չհասկանալ այս ամենը, նշանակում է տանուլ տալ պետությունը և քաղաքական անմեղսունակությամբ «ֆուտբոլ» խաղալ ում հետ պատահի և երբ պատահի։

Անկախության գինը մենք տվել ենք ռազմի դաշտում՝ 6 հազար զոհով և տասնյակ հազար վիրավորներով։

Անկախության գինը տվել ենք մեր ժողովրդի տառապանքով և հետանկախական շրջանի սկզբնամասում առաջացած օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարությունները հաղթահարելով։ Հիմա եկել է բերքահավաքի ժամանակը, սակայն մենք ուշանում ենք։ Պարզապես ամոթ է, որ հայ ժողովուրդն այժմ ունի այն խնդիրները, որոնք թվում է, թե պետք է լուծած լիներ շատ վաղուց։ Մենք ուրիշ ժողովուրդներից ավել չենք, բայց պակաս էլ չենք։ Եվ ուրեմն ինչու՞ պետք է փառահեղ հաղթանակից ու անկախության վերանվաճումից հետո չկարողանանք մեջքներս ուղիղ պահած շփվել այլ ազգերի ու պետությունների հետ և բարեկեցիկ ապրել մեր երկրում։

Միայն այն հանգամանքը, որ անկախ Հայաստանի ներկայիս նախագահը սովետական տարիներին ԼՂԻՄ–ը ղեկավարած ու հայատյացությամբ աչքի ընկած տխրահռչակ Կեվերկովի օգնական Սերժ Սարգսյանի տիպի գործիչն է և մեզանում առկա են միջինասիական ու արաբական հետադիմական երկրներին հատուկ հասարակական հարաբերություններ, արդեն խոսում է այն մասին, որ մեր անկախությանը, ինչպես նաև Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգությանը լրջագույն մարտահրավեր է նետված։ Կա՛մ մենք արժանապատվորեն կպատասխանենք այդ մարտահրավերներին, կա՛մ ստիպված կլինենք դուրս մղվել ազգերի ու ժողովուրդների մրցապայքարից։ Նախընտրելին, բնականաբար, առաջին տարբերակն է։

Շնորհավո՛ր տոնդ, անկա՛խ Հայաստան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը