Մեկնաբանություն

24.09.2012 15:50


Հակակոռուպցիոն թամաշան և «ատկատների» կենտրոնացումը

Հակակոռուպցիոն թամաշան և «ատկատների» կենտրոնացումը

Կառավարությունում տեղի ունեցած հայտնի խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը դժգոհություն հայտնեց պետական գնումների և «ատկատների» մասով։ Խորհրդակցությանը հաջորդած Կառավարության նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի առաջարկով, Պետական գնումների աջակցման կենտրոնի ղեկավար կազմին աշխատանքից հեռացնելու որոշում կայացրեց։ Ուզեցան ասել, թե, ինչպես նախագահն էր հանձնարարել, իրենք բռնում են գլխից՝ հանրությանն իբր ցույց տալով, թե ովքեր են զբաղվել «ատկատներով»։

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե վարչապետը վերջապես կատարում է նախագահի հանձնարարականը և չորս տարի անց սկսում է զբաղվել գնումների ոլորտում տեղի ունեցող չարաշահումներով, սակայն դա այդպես չէ։

Բանն այն է, որ Պետական գնումների աջակցման կենտրոնն արդեն ավելի քան երկու տարի չի զբաղվում գնումներով։ Դրանով, փաստացի, զբաղվում է Կառավարությունը։ Այսինքն՝ եթե «ատկատներ» կան (իսկ «ատկատներ» կան, և այդ փաստն անգամ նախագահն ընդունեց), ապա առնվազն վերջին երկու տարիներին դրանք գնում են նախարարությունների և գործադիր իշխանության կազմում գործող այլ մարմինների ղեկավարներին, իսկ հետո, կենտրոնացված ձևով, ավելի վերև։

Եվ այսպես, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Հակոբ Բեգլարյանին Պետական գնումների աջակցման կենտրոնի ղեկավարի պաշտոնից  ազատելով՝ Տիգրան Սարգսյանը փորձել է ցույց տալ, թե իբր պայքարում է ոլորտում առկա կոռուպցիոն երևույթների դեմ։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։ Բյուջետային ծախսերը Տիգրան Սարգսյանը, նախագահականի հավանությամբ, վաղուց է իր ձեռքում կենտրոնացրել։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ «մուտիլովկաներ» կազմակերպվեց Բաղրամյան 26–ի կողմից։

Գ. Բեգլարյանի պաշտոնանկությանը և իշխանության ներսում դիրքերի թուլացմանը հաջորդեց նրա եղբոր ղեկավարած հիմնարկի ձեռքից որոշակի ֆունկցիաներ վերցնելը։ Գնումներով սկսեց զբաղվել նախագահի թիմը՝ վարչապետի միջոցով։ Նույնիսկ խոսակցություններ կան այն մասին, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն այս կամ այն ապրանքը և ծառայությունը կոնկրետ կազմակերպություններից ձեռքբերելու ներքին շրջաբերականներ է իջեցնում պետական մարմիններին։

«Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման մեխանիզմը հենց դա էլ ենթադրում է, որ չպետք է լինի բյուջետային միջոցներն ինքնուրույն տնօրինող մարմին, այլ պետք է ամեն ինչ կենտրոնացվի, ինչն էլ արվել է մասնավորապես գնումների ոլորտում։ Դա հնարավորություն է տալիս վարչապետին առանց մրցույթի, օրինակ, դիզելային վառելիք գնել Սերժի ընկեր ու իր «տերտերական» շրջապատը ներկայացնող բիզնեսմեն Բարսեղ Բեգլարյանից՝ «Ֆլեշ» ընկերության ղեկավարից։ Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը խնդիր չի տեսնում մեկ մատակարարից ապրանք գնելու մեջ։ Ինչու՞ տեսնի, եթե այդ մեկ մատակարարն իր ընկերն է։ Այնպես որ, նախագահի ցուցադրական վրդովմունքը կարող է ազդեցություն թողնել միայն անտեղյակների ու միամիտների վրա։

Իսկ թե ինչո՞ւ են նախագահականում հերթական անգամ որոշել սեփական PR–ն անել Բեգլարյան եղբայրների դեմ քարոզ անելու հաշվին և ինչու՞ են որոշել հերթական անգամ քար շպրտել Երևանի նախկին քաղաքապետի տարածք, այլ խոսակցության թեմա է։ Մեկ բան ակնհայտ է. Սերժ Սարգսյանը պայքարում է բոլոր այն մարդկանց դեմ (լինեն նրանք իշխանական կամ ընդդիմադիր դաշտից), ովքեր սեփական «Ես»–ն ունեն և Վիկտոր Դալլաքյան կամ Արթուր Բաղդասարյան չեն դարձել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը