Մեկնաբանություն

24.09.2012 18:10


Բաղրամյան 26–ը՝ սեփական ծուղակում

Բաղրամյան 26–ը՝ սեփական ծուղակում

Սերժ Սարգսյանին սատարող լրատվամիջոցները տևական ժամանակ է՝ տարածում են, թե Գագիկ Ծառուկյանը գալիք նախագահական ընտրությունների ժամանակ սատարելու է գործող նախագահին։

«Ամեն ինչ արդեն որոշված է»,– «ավետում» են «անկախ» լրատվամիջոցները՝ իրենք իրենց ու ընթերցողին խաբելով։ Վերջին օրերին այդ խոսակցությունները հատկապես ինտենսիվ էին դարձել, ինչին ի պատասխան՝ ԲՀԿ առաջնորդը չընդունեց Սերժ Սարգսյանի հրավերը և սեպտեմբերի 21–ին չմասնակցեց վերջինիս կազմակերպած միջոցառմանը։

Պետք է նկատել, որ ԲՀԿ–ի ու նրա առաջնորդի մասով Բաղրամյան 26–ի քարոզչաթիմը խճճվել է։ Սրանք հիմա հայտնվել են իրենց իսկ ստեղծած ծուղակում։ Բավական էր Ահարոն Ադիբեկյանը իշխանություններին շանտաժ աներ, իրականությունը ներկայացնող մի հարցում հրապարակեր ու հայտարարեր, թե ՀՀ քաղաքացիներից ամեն երրորդը նախագահ է տեսնում Գագիկ Ծառուկյանին, որ իշխանական քարոզչական նյութերի տրամաբանությունը 180 աստիճանով փոխվեր։

Եթե մինչև երեկ սրանք գրում էին, թե Սարգսյանի ու Ծառուկյանի միջև նախագահականի «մոմենտով» համաձայնություն է կայացել, և ԲՀԿ–ն սատարելու է ՀՀԿ ղեկավարին, ապա հիմա, երբ բոլորին պարզ է, որ այդպես չի լինելու, նույն լրատվամիջոցներով շրջանառության մեջ է դրվել այն թեզը, թե իբր Ծառուկյանը Սերժի ուզածով կարող է առաջադրվել 2013թ. ընտրություններում, քանի որ իշխանությանն այդպես ավելի ձեռնտու է։ Այդպիսով Բաղրամյան 26–ից փորձում են դուրս գալ սեփական «մուտիլովկաների» տակից և միևնույն ժամանակ նոր «մուտիլովկաների» հիմք ստեղծել։  Այս ամենն, ի դեպ, արդեն բազմիցս կրկնվել է և ամեն անգամ նախագահականում մնացել են իրենց կիրառած «պրիոմի» տակ, բայց ինչպես երևում է՝ երիտքարոզիչներն իրենց էնտուզիազմը չեն կորցրել։

Հիշեցնեմ, որ Իջևանի քաղաքապետի վերջին ընտրություններում ՀՀԿ թեկնածուն պարտվեց ԲՀԿ ներկայացուցչից, ով, ըստ էության, տեղում ընդդիմադիր դաշտի միասնական թեկնածուն էր։ Այդ պարտությունից հետո Սերժ Սարգսյանի թիմակիցները սկսեցին լուրեր տարածել, թե իբր Սերժն Իջևանը զիջել է Ծառուկյանին և դրա դիմաց ստացել է ԲՀԿ–ի հետ միասնական ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համաձայնություն։ Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ ոչ մի պայմանավորվածություն էլ չկար։

Տապալվելով «միասնական ցուցակ» ծրագրում՝ նախագահականն իր վերահսկողության տակ գործող ԶԼՄ–ներով սկսեց ապատեղեկատվություն մատուցելու և ջուր պղտորելու հաջորդ փուլը։ Ասում էին, թե ԲՀԿ–ն առանձին է մասնակցում ԱԺ ընտրություններին Սերժի «դաբրոյով», որպեսզի ընդդիմադիր դաշտից ձայներ հավաքի ու կրկին մնա կոալիցիայում։ Թե ինչ եղավ իրականում, բոլորը գիտեն։

Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի թիմում սեփական պարտություններն ու խուճապը թաքցնելու միայն մեկ ձև գիտեն. հենց տեսնում են, որ հողը ոտքերի տակից գնում է և իրենց ուզածին չեն հասնում, անմիջապես տարածում են, թե դա Սերժի «դաբրոյով» է։  Այս պարզունակ տեխնոլոգիան այնքան է կիրառվել ու այնքան է ինֆլյացիայի ենթարկվել, որ արդեն գրեթե զրոյական արդյունավետությամբ է գործում. հնարավոր չէ տևական ժամանակ ու բոլորին ֆռռացնել, քանի որ կյանքը լրիվ այլ բան է ցույց տալիս։

Թե քանի հոգու կարող են հավատացնել «Սերժ ամենակարողի» և Սերժի «դաբրոների» մասին թխվող հեքիաթներին, թողնենք իշխանական քարոզիչների երևակայությանը։

Ամենախոխման այն կլինի, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի  պարտվելուց հետո էլ սերժամետ քարոզչամիջոցները գրեն, թե դա Սերժի «դաբրոյով» էր։ Տեսարանը բավական զվարճալի կստացվի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը