Մեկնաբանություն

24.09.2012 21:27


«Պալաչի վկաները» – 3

«Պալաչի վկաները» – 3

Ձեր կարծիքով, ո՞վ է Սերժ Սարգսյանի ու նրա թիմակիցների ամենասիրած մականունավորը. Սերժի միակ հենարան ներկայացող Ռուբեն Հայրապետյա՞նը, ՀՀԿ գաղափարական առաջամարտիկ Սամվել Ալեքսանյա՞նը, մյուս կարկառուն ՀՀԿ–ական Առաքել Մովսիսյա՞նը։ Պետք է ասել, որ ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը և ո՛չ էլ երրորդը։ Ճիշտ հակառակը, Սերժի շրջապատը ներկայացնող երիտօլիգարխիան, «քաղաքացիական հասարակության» պահանջով, ուզում է հիշյալ պարոններից խլել սեփականությունը և բնական է, որ սիրո մասին խոսք անգամ չի կարող լինել։

Դատելով իշխանական լրատվամիջոցների պահվածքից՝ նախագահական նստավայրում սիրում են միայն «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանին։ «Պալաչին» այնքան են սիրում, որ դարձել են նրա «վկան» ու արտահաստիքային մամլո խոսնակը։ Պատճառը շատ պարզ է՝ Արթուրը բազմակի անգամ օգտագործվել է ու ըստ երևույթին՝ դեռ օգտագործվելու է Գագիկ Ծառուկյանի դեմ, ինչը էքստազի մեջ է գցում երիտօլիգարխիային։

«Պալաչն» այն եզակի մականունավորներից է, ով կարողացել է գերել Բաղրամյան 26–ին ու հասնել նրան, որ իր փոխարեն աշխատեն ու կռիվ տան զանազան ու զարմանազան սերժամետ կայքերն ու թերթերը։ «Պալաչին» PR անող բազում հոդվածներ են թխել «անկախ» մամուլի մշակները, ինչպես նաև նրա մասնակցությամբ «լավաշ» հարցազրույցներ երկնել։

Բանը հասել է այնտեղ, որ «Պալաչի» փոխարեն կամ նրա գիտությամբ հայտարարության տեքստեր են գրվում ու տարածվում «առաջատար» կայքերում։ Նրա մամլո խոսնակները, ըստ ամենայնի, գիշեր–ցերեկ աշխատում են։

Այսպես, սեպտեմբերի 23–ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Անդրադառնալով Գառնիում տեղի ունեցած ընտրությունների ընթացքին՝ ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր, որ այնտեղ «Քինգ Դելյուքս»-ի ավտոբուսներով կարմիր բերետավորներ են տեղափոխվել։

Ինչպես հայտնի է, «Քինգ Դելյուքսը» պատկանում է նույն «Պալաչին», ասել է թե՝ այդ ընկերությունը ոչ պակաս սիրված սուբյեկտ է նախագահական նստավայրի համար, որքան «Պալաչն» ինքը։ Դա է պատճառը, որ Զոհրաբյանի հայտարարությունից հետո ինտերնետում արագորեն տարածվեց Հարությունյանի պատասխան հայտարարությունը, որտեղ նա (նա՞) արձագանքել էր ԲՀԿ խմբակցության քարտուղարին։ Փաստորեն, նախագահականում այնքան ուշադիր են իրենց Արթուրի նկատմամբ, որ որևէ բան բաց չեն թողնում։ 

Չէ, իրոք չափից շատ են նախագահական նստավայրում սիրում «Պալաչին»։ Դե իսկ «անկախ» մամուլի ուշքը գնում է նրա համար։ Անգամ իրենց «պապա» հանդիսացող Սերժ Սարգսյանին «փչացնող» հայտարարություններին ու վերլուծություններին սրանք այնքան օպերատիվ չեն արձագանքում, որքան «Պալաչի» պարագայում։ Շատ անհարմար բան է ստացվում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը