Մեկնաբանություն

26.09.2012 10:30


Իշխանության բոլշևիկյան քաղաքականությունն ու գեբելսյան քարոզչությունը

Իշխանության բոլշևիկյան քաղաքականությունն ու գեբելսյան քարոզչությունը

Բոլոր ժամանակներում և բոլոր պետություններում իրենց ժողովուրդների գլխին պատուհաս դարձած իշխանությունները նույն կերպ են գործել։ Անարդյունավետ իշխանությունները միմյանցից տարբերվել են ձևով, բայց ոչ բովանդակությամբ։

Դեպի տապալում գնացող կամ արդեն իսկ տապալված իշխանությունը, որպես կանոն, տարատեսակ միֆեր է տարածում ու սուտ խոստումներ տալիս։ Այլ կերպ ասած՝ իշխանությունը սկսում է «բլեֆ» անել, իսկ չկատարած խոստումների համար էլ հետագայում մեղադրել «մութ ուժերին»։

Բացասական նշանով իշխանությունը մշտապես փնտրում և գտնում է թշնամիներ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, որպեսզի կարողանա խուսափել պատասխանատվությունից։

Օրինակներ բերելու համար պատմության խորքերը գնալ պետք չէ։ «Բլեֆ» անող, միֆեր տարածող և թշնամու կերպար քարոզող իշխանության դասական օրինակ է Հիտլերի գլխավորած նացիոնալ–սոցիալիստական ուժը։ Թշնամու կերպարը հրեաներն էին, միֆը՝ գերմանական ազգի գերազանցության մասին հավաստող ռասիզմի տեսությունը, իսկ «բլեֆը»՝ պայծառ ապագայի խոստումը։ Թե ինչով ավարտվեց այդ ամենը, հիշեցնելու կարիք չկա։

Ստախոսության ու չարիքի կայսրություն էր նաև ՍՍՀՄ–ը։ Այնտեղ էլ մարդկանց կերակրում էին կոմունիստական պայծառ ապագայի մասին միֆերով, իսկ անհաջողությունների պատճառ համարում իմպերիալիստներին, կապիտալիստների գործակալներին, տրոցկիստներին ու ժողովրդի թշնամիներին։ Սովետական պաշտոնական քարոզչությունը բացառապես զբաղված էր սևին սպիտակ դարձնելու գործով։ Ի վերջո ՍՍՀՄ–ը չդիմացավ այդ ամենին ու փլուզվեց։

Ցավալի է արձանագրելը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները շարժվում են տխրահռչակ բոլշևիկյան մտածողությամբ և գեբելսյան սկզբունքներով։ Ավելի դիլետանտ, դեմագոգ և ստախոս իշխանություն Հայաստանն իր 21–ամյա անկախության ընթացքում չի ունեցել։

Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է ցույց տալիս, որ Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգը ձախողել է և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունը, բայց փոխարենը հետևություններ անելու՝ նրանք այլ ճանապարհ են ընտրել։ «Նախաձեռնողական» այս իշխանությունը հիմա միայն «մուտիլովկաներ» արտադրելով ու տարածելով է զբաղված։ Սրանք ոչ թե ուզում են վիճակը շտկել, այլ ընդամենը մնալ աթոռին. իշխանություն պահելը վերածվել է ինքնանպատակի, ընդ որում՝ Հայաստանի անվտանգության հաշվին։

Ուշագրավ է, որ ՀՀԿ ղեկավարի գլխավորած թիմը հանրային կառավարումն իրականացնում է այն նույն մեթոդներով, որով հայտնի էին նացիստներն ու բոլշևիկները։ Բոլշևիկներից սերժական իշխանությունը փոխ է առել մասնավոր սեփականությունը խլելու մոլուցքը, իսկ նացիստներից՝ մարդկանց ուղեղները լվանալու քաղաքականությունը։ Դե իսկ սուտ խոստումների ու «բլեֆների» առումով «մերոնք» հետ չեն մնում ո՛չ բոլշևիկներից, ո՛չ նացիստներից։

Այսպես, Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուն պես խոստումների տարափ տեղաց հանրության գլխին։ Է՛լ Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն, է՛լ նոր ատոմակայան, է՛լ նանոտեխնոլոգիաներ, է՛լ ֆլան, է՛լ ֆստան։ Խոստումներն այդ, բնականաբար, «բլեֆ» դուրս եկան։ Դրանից հետո սկսվեց միֆերի տարածումը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը ժողովրդավար է, քաղաքացիական հասարակության լավ բարեկամ ու խիստ արևմտամետ։ Ոչինչ, որ ժողովրդավար ու քաղաքացիական հասարակության բարեկամ Սերժը նախագահականում հայտնվեց 10 զոհի գնով, ոչինչ, որ արևմտամետ Սերժի օրոք ռուսական ռազմաբազաները Հայաստանում տեղակայելու 49 տարվա պայմանագիր ստորագրվեց, ոչինչ, որ ՀՀԿ ղեկավարը Հայաստանի միակ պաշտոնյան է, ով պարգևատրվել է ռուսական հատուկ ծառայությունների մեդալով (ենթադրվում է, որ «շպիոնություն» է արել ռուսների օգտին)։ Կարևորը «Տարո՛ն ջան, սիրու՛ն չի» նախադասությունը վարժ արտասանելն է և «ատկատների» մասին հուզիչ ելույթներ ունենալը։

Միֆերի շարքից է նաև այն, որ Տիգրան Սարգսյանն ուզում է բարեշրջումներ անել, բայց «չար օլիգարխները» խանգարում են նրան: Ոչինչ, որ Հայաստանի թիվ 1 օլիգարխը Սերժ Սարգսյանն է, իսկ նրա փեսա Միքայել Մինասյանն ընդամենը երկու–երեք տարում, օգտվելով երկրի թիվ 1 փեսան լինելու հանգամանքից, դարձավ երիտօլիգարխ, ոչինչ, որ Տիգրան Սարգսյանն իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշի» համար դիզելային վառելիքի իրացման շուկաներ է ապահովում պետական միջոցներով, ոչինչ, որ նույն Տիգրան Սարգսյանը միլիարդավոր դոլարների վարկ է բերում պետության հաշվին ու դրանք սեփական հայեցողությամբ տնօրինում, ոչինչ, որ պետական պահուստները 700 միլիոն դոլարի չափով դատարկվեցին այս իշխանության «թեթև» ձեռքով, և այլն, և այլն, և այլն։ Կարևորը տվյալ դեպքում տերտերական առոգանությամբ Նարեկացուց մեջբերումներ անելն է և բարեկամների համար արդար տենդերներ կազմակերպելը։

«Բլեֆների» ու միֆերի տարածմանը զուգահեռ սերժսարգսյանական իշխանությունը, հավատարիմ մնալով դեմագոգ իշխանությունների կառավարման սկզբունքներին, թշնամու կերպարներ է ներմուծում հասարակության մեջ ու փորձում համոզել, որ ներկա վիճակի համար մեղավոր են ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, Ռոբերտ Քոչարյանը, փողատերերը, Ռուսաստանը։ Մի խոսքով բոլորը, բացի իրենցից։

Ակնհայտ է, որ այսպես երկար շարունակվել չի կարող։ Հայաստանն այդքան ռեսուրս չունի, որ ի դեմս Սերժ Սարգսյանի տեղական նշանակության թուրքմենբաշի պահի։ Իշխանափոխությունն ու համակարգային բարեփոխումներն այլընտրանք չունեն, եթե, իհարկե, ուզում ենք անկախ Հայաստան ու արժանապատիվ քաղաքացի ունենալ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը