Մեկնաբանություն

28.09.2012 00:06


Սերժ Սարգսյանի վերջին հույսը

Սերժ Սարգսյանի վերջին հույսը

Եվ այսպես՝ այն,  ինչի մասին վերջին օրերին «ավետում» էին սերժամետ կայքերն ու թերթեր՝ իրենց աղբյուրներին հղում անելով (այդ առումով հատկապես ակտիվ էր «թունդ ընդդիմադիրի» պիտակ կրող մի թերթ), տեղի ունեցավ։ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանին քրեական գործում որպես մեղադրյալ ընդգրկելու հարցում համաձայնություն տալու վերաբերյալ:

Ակնհայտ է, որ սա քաղաքական հակառակորդի դեմ իրականացված էժանագին քայլ է։ Այդպիսով՝ փորձ է արվում ԲՀԿ–ի դեմ ճնշումներ կիրառել նախագահական ընտրություններից առաջ։

Կառավարությունում տեղի ունեցած թամաշա–խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնում հայտնված մարդը բացահայտորեն ցույց տվեց, որ պատրաստ է վարչապետին քավության նոխազ սարքելու գնով իր կողմը ներգրավել ԲՀԿ–ին ու ստանալ Գագիկ Ծառուկյանի սատարումը գալիք նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն ԲՀԿ առաջնորդը սեպտեմբերի 21–ին Սերժի հրավիրած միջոցառմանը ցուցադրաբար չմասնակցելով՝ հասկացրեց, որ նմանատիպ առևտրի համար չէ, որ ԲՀԿ–ն դուրս է եկել կոալիցիայից։

ԲՀԿ տարբեր ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել են, որ իրենք դժգոհ են ոչ միայն ու ոչ այնքան Հայաստանի գլխին պատուհաս դարձած վարչապետի գործունեությունից, որքան երկրի տնտեսության հերն անիծած քաղաքականությունից։ Քաղաքականություն, որի կնքահայրը Սերժ Սարգսյանն է։ Ասել է թե՝ պաշտոնների շուրջը ՀՀԿ ղեկավարի առաջարկած «բազառը» չի մտնում ԲՀԿ ծրագրերի մեջ։

Գագիկ Ծառուկյանը շատ լավ հասկանում է, որ Սերժի ուզածը ԲՀԿ–ի ՕԵԿ–ացումն է, այլ ոչ թե գործընկերային հարաբերությունների  միջոցով երկիրն այս վիճակից դուրս բերելը։ Դա է պատճառը, որ ԲՀԿ–ն քայլ է անում հանրային լայն կոնսոլիդացիա ձևավորելու ուղղությամբ, այլ ոչ թե Սերժի հետ աթոռի առևտրի մեջ մտնում։

Տեսնելով, որ Տիգրանով առևտուր անել չի ստացվում, ու չի հաջողվում ԲՀԿ–ին «փչացնել»՝ Սերժ Սարգսյանը որոշեց գնալ վա–բանկ և դիմել իր սիրած մեթոդին. հիմա ուզում են Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավել «փողերի լվացման» գործում։ Նմանատիպ քայլի Սերժը գնացել էր նաև ԱԺ ընտրություններից առաջ, երբ ԲՀԿ–ականներին տարբեր պատրվակներով ձերբակալում էին։ Այն ժամանակ ուզում էին ճնշումներ կիրառելով ԲՀԿ–ին ստիպել ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչը ԲՀԿ–ի ՕԵԿ–ացման սկիզբը կլիներ։ Հայատյաց Կևորկովի հետ աշխատած տարիներից յուրացրած «գեբեշնիկական» մեթոդաբանությունը, սակայն, Սերժին օգուտ չտվեց։ ԲՀԿ–ն առանձին մասնակցեց ընտրություններին ու հավաքեց մոտ կես միլիոն իրական, այլ ոչ թե ցնդած թանաքներով ու շրջիկ խմբերով հավաքած ձայներ։

Սերժին այդ ամենը դաս չեղավ, ու հիմա նա անցել է ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ գործ հարուցելու միջոցով Ծառուկյանին հնազանդեցնելու ծրագրին, բայց կստանա ճիշտ հակառակը։

Ի դեպ, քաղաքական ու հատկապես իրենց ընդդիմություն հռչակած խորհրդարանական ուժերի համար գալիս է ճշմարտության պահը։ Օսկանյանի դեմ թխած գործը կարող է դառնալ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափին միս ու արյուն տալու հարմար առիթ։ Այս գործը պետք է կանգնի Սերժ Սարգսյանի կոկորդին։ Խոտորնակին՝ խոտորնակ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Այն, որ ՀՀԿ–ն ու ՕԵԿ–ը ներկայացնող պատգամավորները կամ նրանց մի մասը կատարելու են Բաղրամյան 26–ից եկած հրահանգը և հանդես են գալու Վարդան Օսկանյանի դեմ, հասկանալի է և կանխատեսելի։ Այն, որ ՀՀԿ–ի ցուցակով պատգամավոր դարձած հին դհոլներն իրենց ցույց են տալու, դա էլ է հասկանալի և կանխատեսելի։ Այստեղ ինտրիգ չկա։ Ինտրիգն ուրիշ տեղ է։ Հետաքրքիր կլինի հետևել իրեն ընդդիմադիր հռչակած, սակայն իրականում ոստիկանապետի կրնկի տակ հայտնված մի կրակոտ պատգամավորի պահվածքին։

Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանն անողոքաբար օգտագործելու է ձեռքի տակ եղած «մատերիալը», և մենք ականատեսն ենք դառնալու նորաթուխ դհոլի, ես կասեի՝ զուռնայի զրնգուն բեմելին։ Ու արդեն կապ չունի, թե ինչ փաստարկներով փորձ կարվի Օսկանյանի դեմ հանդես գալու սերժահաճո պահվածքը թաքցնել։ Չի փրկի անգամ «մարտի 1»–ի զոհերի հետևում թաքնվելով՝ Բաղրամյան 26–ի պատվեր կատարելու մարտավարությունը։ Միևնույն է, ամեն ինչ արձանագրվելու է, իսկ իրերը կոչվելու են իրենց անուններով։ Մենք դա կանենք առանձնակի կոշտությամբ։

Օսկանյանի «գործը» յուրօրինակ լակմուսի թուղթ կարող է դառնալ նախագահական ընտրություններից առաջ, և ոմանց աչքերը կբացվեն։

Մեզ համար վաղուց էր պարզ, բայց հիմա արդեն բոլորի համար պարզ կդառնա, թե ում են այս ընթացքում իշխանությունները հասցրել «մին լյավ» «երկխոսացնել» ու Գեղամյանի «փոխանցիկ դհոլը» նվիրել։ 

Այս խորագրի վերջին նյութերը